Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Շարքային ընդդիմադիր»

Սեպտեմբեր 26,2007 00:00

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ այսպիսի հեռանկար խոստացավ Լեւոն Տեր-Պետրոսյանին

Արդեն հայտնի ավանդույթ է՝ երբ Ռոբերտ Քոչարյանը որեւէ քաղաքական հայտարարություն է ուզում անել, գնում է այս կամ այն ձեռնարկություն, որտեղ հրավիրվում են միայն պատասխանատու լրատվամիջոցները: Երեկ էլ «Սինոփսիս» ընկերության հայկական մասնաճյուղի կարմիր ժապավենը կտրելուց հետո նախագահին մոտեցան լրագրողները եւ հարցրին՝ ի՞նչ է մտածում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 21-ի ելույթի մասին: Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Երեւի նկատել եք, որ այս տասը տարիների ընթացքում, մոտ տասը տարիների ընթացքում երբեք առաջին նախագահի մասին բան չեմ ասել: Գիտե՞ք ինչու: Համարում եմ, որ առաջին նախագահը խորհրդավորության ինչ-որ հանգամանքներում պետք է լինի մեր պետականության հիմնադրման հետ կապված: Որոշ խորհրդավորական պահեր պետք է լինեն այստեղ, եւ այդ պատասխանատվությունը պետք է զգա առաջին հերթին հենց ինքը՝ առաջին նախագահը: Եթե առաջին նախագահը մտնի քաղաքական պայքարի մեջ, ապա ինքը դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ՝ բոլոր այս ամենից բխող հետեւանքներով: Եվ ստիպված շատ եւ շատ բաներ հիշեցնելու ենք, թե քանի լուսավորված փողոց է եղել Երեւանում, օրինակ, 96 թվին, եւ այլն, եւ այլն»: Լրագրողի հարցին՝ քանի՞, Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ 3-ն էին:

Ռոբերտ Քոչարյանը հարկ է համարել ասել նաեւ. «Հայաստանը այսօր աշխարհի ամենից արագ զարգացող երկրներից մեկն է: Հայաստանում ամենից արդյունավետ բարեփոխումներն են իրականացվում, եւ եթե Հայաստանը այդ որակումների կոնտեքստում լիներ, ապա մենք երբեք այդպիսի հաջողություններ չէինք ունենա»,- հակադարձեց այսօր Ռոբերտ Քոչարյանը: «Երեւի մեկ թիվ բերեմ. միգուցե դա լավագույն ձեւով կբնութագրի այս ամենը: Ես վարչապետ եմ դարձել Հայաստանում 1997 թվի մարտ ամսին: Եվ ժառանգել եմ բյուջե 300 միլիոն դոլարի չափով՝ ծախսային մասով, եւ մոտ 40 միլիոն դոլարը բյուջեի դեֆիցիտն էր: Հաջորդ տարվա բյուջեն Հայաստանում լինելու է մոտ 2,5 միլիարդ դոլար… Եվ այս հաջողությունները չտեսնել… երեւի մարդ պետք է շատ ինքը իրեն ինքնամեկուսացներ, որ ուղղակի չտեսներ այն, ինչ կատարվում է երկրում»,- նշեց ՀՀ նախագահը:

Այդ ելույթն արդեն հասցրել են մեկնաբանել Հայաստանի քաղաքական եւ հասարակական գործիչները: «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը, մասնավորապես, նշեց. «Դա նախագահի խոսք չի եւ շատ նման է մանկապարտեզի նեղացած երեխայի խոսքի: Քոչարյանն իզուր է անդրադառնում անցյալին. հասարակությունը շատ լավ հիշում է ոչ միայն 96-ը, այլ նաեւ 1993-94-ի փայլուն հաղթանակները, 1998-ի «փայլուն» ընտրությունները ու 1999-ը: Ժողովուրդը չի մոռացել նաեւ 2003-ն ու 2004-ը եւ մնացած բոլոր տարիները, որքան էլ ցանկանան խեղաթյուրել պատմությունը: Քոչարյանի ձայնը տաք տեղից է գալիս: Հեշտ է այսօր մեղադրանքներ տեղալը, իհարկե, դյուրին է՝ իշխանության գլուխ գալ եւ դժվարություններն արդեն հաղթահարած երկրում բնականոն զարգացումը ներկայացնել որպես սեփական արժանիքների արդյունք կամ հաջողությունների գրավական»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել