Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՄ ԹԻԿՈՒՆՔԻՆ ԱՐԱՐԱՏՆ ԷՐ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Սեպտեմբեր 25,2007 00:00

\"\"Օրերս Ադրբեջանում ավարտված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, ի պատիվ 120 կգ քաշային Յուրի Պատրիկեեւի նվաճած բրոնզե մեդալի, Բաքվում բարձրացվեց մեր եռագույն դրոշը:

Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամներին, մարզիչներին եւ նրանց, ովքեր նախապատրաստական շրջանում իրենց ներդրումն են ունեցել վերջին 20 տարում առաջին անգամ այդ աննախադեպ հաջողությունը կռելու գործում: Պարոն Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց ակնկալվող լարված մթնոլորտում մրցագորգ մտած մարզիկներին ու մարզական ցուցանիշներից բացի, կարեւորեց նաեւ այն, որ Հայաստանի մարզիկները, փաստորեն, եղան առաջինը մեր եւ հարեւան հանրապետության միջեւ հայտնի պատճառներով լարված հարաբերությունները խաղաղ միջոցներով կարգավորելու ճանապարհին: Իսկ աշխարհի առաջնությունում մեր երկրի մարզական պատվիրակության գլխավոր հերոսին՝ Յուրի Պատրիկեեւին որպես խրախուսական մրցանակ հանձնեց 7 միլիոն դրամ:

Պաշտոնական արարողությունից հետո «Առավոտը» զրուցեց Յուրի Պատրիկեեւի հետ:

– Երբ Բաքու մեկնելու վերջին րոպեին առաջարկեցինք խմբով նկարվել, դու կատակով ասացիր, որ դա, գուցե, պատվիրակության անդամների վերջին լուսանկարը լինի: Գիտակցո՞ւմ էիր, թե ո՞ւր ես գնում եւ այնտեղ ի՞նչ կարող էր կատարվել:

– Իհարկե: Ու մեկնում էի, հասկանալով դրա ամբողջ լրջությունը:

– Եվ ենթադրածդ, եւ իրականությունը միմյանց համընկա՞ն:

– Այո: Կյանքում առաջին անգամ հյուրընկալող երկրի քաղաքացիների կողմից այդքան անբարյացակամ վերաբերմունք տեսա: Երբեք ինձ կալանավորի դերում չէի զգացել: Մեր ամեն մի քայլը կատարում էինք թիկնապահների կամ վերահսկողների (ինչպես ուզում եք ձեւակերպեք) ուղեկցությամբ: Էլ չեմ խոսում մեր մրցագորգ մտնելու պահին 10 հազար հանդիսականների սուլոցների եւ բարձրացրած աղմուկի մասին: Պատկերացրեք, թե նման մթնոլորտում Հայաստանի ըմբիշների համար որքա՞ն դժվար էր գոտեմարտելը:

– Մեր ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Վարդանյանը պատմեց, որ երբ դու կանգնած էիր պատվո պատվանդանին եւ բարձրացվում էր Հայաստանի դրոշը, ինչ-որ երգ էիր երգում, որի բառերը մոտավորապես հետեւյալն էին. «Իմ թիկունքին Արարատ լեռն է»: Իսկապե՞ս այդպիսի բան եղել է:

– Դա Դնեպրովի եւ Թաթա Սիմոնյանի հայտնի երգն էր: Ճիշտ է, երգի խոսքերն ամբողջապես չգիտեմ, բայց հիշում էի, որ նման արտահայտություն կար:

– Հայաստանցի օլիմպիական չեմպիոն, հնգամարտիկ, ազգությամբ ռուս Իգոր Նովիկովը մի անգամ ԽՍՀՄ հավաքականի կազմում արտերկրից վերադառնալուց հետո ասել էր. «Ամեն բան շատ լավ էր, բացի նրանից, որ հավաքականում միակ հայը ես էի»: Դու է՞լ ես այդպես մտածում:

– Անպայման: Ես նույնպես ինձ հայ եմ զգում եւ հպարտ եմ, որ հանդես եմ գալիս Հայաստանի ազգային հավաքականում: Իմ բոլոր մտերիմ ընկերները, ինչպես, օրինակ, մեր ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը, հայ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել