Որովհետեւ սրա վերջը, ինչ-որ, չի երեւում
Մեզ մտահոգող հիմնական հարցն էսօր պետք է լինի ոչ թե, ենթադրենք, ինչ-որ տեղից տեղ գալ-գնալու, ծառի վրա կամ տակը եղած լինելու, կամ էլ առանձնահատուկ ինչ-որ մի առաքելության հարցը, այլ շատ ավելի պարզ ու պրիմիտիվ բան. ԻՆՉՈ՞Ւ ՄԵԶՆՈՒՄ ՈՉ ՄԻ ՆՈՐՄԱԼ ԲԱՆ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ:
Պատասխանը, ինձ համար, շատ պարզ է. որովհետեւ, ենթադրենք, համոզված ենք, որ ուսուցիչը քիչ է ստանում, դրա համար էլ վատ է սովորեցնում: Այսինքն՝ գիտի ավելին, քան տալիս է: Հենց որ փողը ավելացնեն՝ տարբերությունն էլ կտա:
Որովհետեւ ամեն ծակ ու ծուկում դժգոհում ենք աճող սերնդից, բայց չենք հասկանում, պարզապես, որ էդ աճող սերնդին աճեցնողը մեր… չաճող սերունդն է:
Որովհետեւ, ենթադրենք, մենք թալանին չէ, որ դեմ ենք, այլ՝ թալանողներին: Մենք միանգամայն արդարացիորեն ու ազնվաբար ուզում ենք, որ թալանողը… մենք լինենք:
Որովհետեւ բոլորս, մեր իրական արժեքը գիտակցելով հանդերձ, որից, մեր մեջ ասած, ամաչում ենք՝ երբ մենակ ենք լինում, մեզ այնպես ենք ներկայացնում հանրությանը, որ, ենթադրենք՝ Սոկրատես-Կեսար-Էյնշտեյն եռամիասնությունը մանկական թոթովանք կթվա:
Որովհետեւ մեզ հպարտություն է պատճառում միայն Եղեռնի, երկրաշարժի, պատերազմի զոհերի թվի ավելացումն ու նրանց կրած կտտանքների դաժանության նկարագրությունը:
Որովհետեւ մենք քրիստոնեությունը ոչ թե ընդունել ենք, այլ՝ հռչակել միայն: Ինչպես եւ մնացյալ նորմալ բաները:
Որովհետեւ մենք խիստ առանձնահատուկ ենք, ընտրյալ, համաշխարհային եւ դրա համար մեզ «արեւը պիտի լինի հաղթանակի շքանշան» (ծանոթություն. «հաղթանակը» ոչ միայն վերը նշվածներն են, այլեւ այլ ազգերի՝ մեր գոյությամբ երջանկացնելը):
Որովհետեւ՝ «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» արտահայտությունը թեեւ մենք չենք հորինել, բայց մենք այն ամբողջացրել ենք՝ «իսկ առաջ՝ տորիչելյան դատարկություն» ձեւակերպմամբ:
Որովհետեւ բազում ՄԻԱԿ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ մեզնից դուրս են մղել ամեն արատավորն ու մեղսավորը, քանզի էդ միակ ճշմարտությունները հազիվ-մի կերպ-իրար կոխկրտելով են տեղավորվել մեր մեջ…
Շարունակեք ինքներդ. որովհետեւ սրա վերջը, ինչ-որ, չի երեւում: