Բաղձալի պաշտոնը հասավ նախկին պաշտոնակատարին
ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող թիվ 13 գիշերօթիկ երաժշտական դպրոցում, որտեղ տիրող ոչ նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտին «Առավոտը» քանիցս անդրադարձել է («Ազատամարտիկ տնօրենն ու քիմիկոս հաշվապահը յոլա չեն գնում»՝ 19.07. 2007, «Բարդակ» թիվ 13 գիշերօթիկ դպրոցում»՝ 30.08.2007, «Բարդակի հետեւանքները»՝ 8.09.2007), շաբաթ օրը կայացան տնօրենի ընտրություններ: Թափուր տեղի համար հայտ էր ներկայացրել 3 հոգի՝ Սամվել Երանյանը, Աշոտ Ջիվանյանը եւ Հայկազ Կարապետյանը: Մրցույթը անցկացվեց 2 փուլով՝ գրավոր եւ բանավոր: Թեկնածուները պետք է գրավոր պատասխանեին թեստի 40 հարցերի մեծամասնությանը: Ըստ արդյունքների, 40 ճիշտ պատասխան ուներ Ա. Ջիվանյանը, 37՝ Ս. Երանյանը, 35՝ Հ. Կարապետյանը: Թեկնածուները պետք է ճիշտ պատասխանեին նաեւ բանավոր 5 հարցերից գոնե 3-ին: Ի դեպ, նրանց ներկայացված թեստերում առկա էին ուղղագրական սխալներ եւ վրիպումներ, օրինակ՝ Արտաքին գործերի նախարարության փոխարեն գրված էր Արտաքին գորշերի նախարարություն եւ այլն: Ընտրություններին ներկա ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության հատուկ կրթության վարչության պետ Նուրիջան Մանուկյանը պարզաբանեց, որ թեստերը խիստ գաղտնիության պայմաններում են մշակվում, մի քանի «ձեռքի տակով» չեն անցնում, ուստի հնարավոր են որոշակի վրիպումներ:
Երկփուլ քննությունից հետո խորհրդի 6 անդամները միաձայն ընտրեցին Ս. Երանյանին։ Հ. Կարապետյանն ու Ա. Ջիվանյանը ստացան «զրո» ձայն: Մինչ այդ, դպրոցական խորհրդի անդամները հայտարարել էին, որ 3 թեկնածուներն էլ ունեն կոնսերվատորիական կրթություն եւ պահանջվող մանկավարժական ստաժ: Օրինակ, թիվ 13 հատուկ դպրոցի տնօրենի նախկին պաշտոնակատար Ս. Երանյանը աշխատել էր Մ. Մաշտոցի անվան մշակույթի համալսարանում, 12-րդ հատուկ դպրոցում, Հ. Կարապետյանը՝ թիվ 97 միջնակարգ դպրոցում, Ա. Բակունցի անվան մանկավարժական քոլեջում, իսկ Ա. Ջիվանյանը՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Ն. Մանուկյանը 3 թեկնածուներին էլ հարցրեց, թե ինչպե՞ս են պատկերացնում այն դպրոցի ապագան, որտեղ ցանկանում են տնօրեն դառնալ:
Ս. Երանյանն ու Ա. Ջիվանյանն ասացին, որ ժամանակն է բարելավել դպրոցի շենքային պայմանները, թարմացնել երաժշտական գործիքները եւ այլն: Ի դեպ, եթե այս երկուսը գրավոր պատմել էին, թե ինչ են ուզում փոխել, ապա Հ. Կարապետյանը շարադրել էր միայն իր դժգոհությունները, ինչ պատճառով նրա ծրագիրը որակվեց «բողոքական»:
Խորհրդի անդամներին հետաքրքրում էր, թե ինչպես կվարվեն տնօրինացուները՝ ընտրվելու դեպքում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ ապահովելու, «անհնազանդ» աշխատակիցներին կարգի հրավիրելու եւ այլնի համար: «Ես 6 ամիս այս դպրոցում տնօրենի պաշտոնակատար եմ աշխատել, ուստի իմ փորձից ելնելով կասեմ, եթե հաստատության ղեկավարը իր դիրքում է լինում, այլ բաներ չեն պատահում: Կասեմ ավելին, երբ մարդկանց իրենց աշխատանքը չի հետաքրքրում, սկսում են ուրիշ բաներով զբաղվել, տնօրենը պարտավոր է այդպիսի աշխատողներին համապատասխան հետաքրքրությունների դաշտ բերել»,- պատասխանեց Ս. Երանյանը:
«Իմ ծրագիրը բողոքական չէ, ես այս դպրոցի շրջանավարտ եմ, ուստի հիշելով դպրոցի լավ տարիները՝ գտնում եմ, որ այն այսօր չունի իր նախկին կարգավիճակն ու փառքը: Իմ սովորելու տարիներին 400 շրջանավարտից 150-ը ընդունվում էր կոնսերվատորիա, հիմա նման բան չկա»,- նշեց Հ. Կարապետյանը: Հաջորդ հարցին էլ, օրինակ, ինչպես կազատվեր «անհաջող» աշխատակցից, Հ. Կարապետյանը պատասխանեց. «Երկու անգամ կարգապահական տույժ ունենալու դեպքում կազատեի»: Ն. Մանուկյանը ուղղեց նրան. «Ոչ թե 2, այլ 3»: Ա. Ջիվանյանն էլ տնօրեն ընտրվելու դեպքում խոստանում էր առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ձեւավորել եւ այնպես աշխատել, որ բոլորը ձերբազատվեն դպրոցում նեղ անձնական շահեր հետապնդելուց:
Ի դեպ, Ս. Երանյանի ընտրվելուց հետո Ն. Մանուկյանը բոլորի ներկայությամբ մյուս երկու թեկնածուներից հետաքրքրվեց. «Բողոքներ, դժգոհություններ ունե՞ք»: Նա ստացավ ժխտական պատասխաններ: Սակայն երեկ Հ. Կարապետյանն «Առավոտին» հայտնեց, որ բողոք-նամակ է գրել ԿԳ նախարարի անունով, որովհետեւ համաձայն չէ ընտրությունների արդյունքների հետ: