Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը պետք է վրացերեն սովորեն

Սեպտեմբեր 25,2007 00:00

Որպեսզի կարողանան անգամ Վրաստանի հայաբնակ շրջաններում աշխատանք գտնել:

«Ռուսական բազայի հեռանալուց հետո մեր քաղաքի 30 ընտանիքներ աշխատանքից զրկվեցին: Գոնե աշխատատեղ կար, մարդիկ փող էին ստանում, հիմա ի՞նչ պետք է անեն: Առաջ գնում էին Ռուսաստան՝ խոպան, այժմ դա էլ մեծ դժվարությունների հետ է կապված: Ես առեւտուր եմ անում, մթերք եմ վաճառում դրամով, ռուսականով, լարիով ու դոլարով: Արդեն մի քանի տարի է՝ ես այսպես եմ ընտանիքս պահում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքի բնակիչ Վլադիմիր Մլոյանը: Ըստ նրա՝ իրենց գյուղերում տղամարդ գրեթե չի մնացել. «Տարածաշրջանում միայն պետական հիմնարկներ են, իսկ այդ հիմնարկներում միայն կանայք են աշխատում, այն էլ նրանք, որոնք վրացերեն գիտեն: Տղամարդիկ արտագնա աշխատանքի են, եթե չգնան՝ ընտանիքները սովից կկոտորվեն»:

Սեպտեմբերի 17-21-ը Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի լրագրողները եղան Ջավախքում՝ ծանոթանալու ջավախքցիների խնդիրներին:

Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի Ախալքալաքի շրջանային վարչության ղեկավարը՝ Խաչիկ Այվազյանը, մտահոգություն հայտնեց, որ գործազրկության հիմնական պատճառը հայերի՝ վրացերեն լեզվին չտիրապետելն է. «Մենք մինչ այժմ վրացերեն չենք սովորել, որովհետեւ դրա անհրաժեշտությունը չի եղել: Ռուսերեն էինք խոսում վրացիների ու մյուս ազգային փոքրամասնությունների հետ: Հիմա բոլորս էլ ցանկանում ենք մեր հանրապետության լեզուն սովորել, բայց պետք է հասկանալ, որ մի քանի ժամում կամ օրում լեզու չեն սովորում, մեզ մի քիչ ժամանակ է պետք: Լեզուն սովորելու համար վրացիների հետ շփում է պետք, այդպես նաեւ կինտեգրվենք Վրաստանի հասարակությանը»: Պարոն Այվազյանի կարծիքով, շատ դեպքերում անբարեկարգ ճանապարհն է պատճառը, որ Ջավախքում ապրող հայերը վրաց հասարակությանը չեն ինտեգրվել. «Պետական մակարդակով մեր տարածաշրջանի ճանապարհները վերանորոգվում են, դրա համար արդեն գումարները տրամադրված են»: Խ. Այվազյանի խոսքերով, Ախալքալաքում բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ եւ առեւտրով: Իսկ Ախալքալաքի շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Երեմյանն էլ վստահեցրեց, որ տարածաշրջան բերող 4 ճանապարհները եկող տարի արդեն պատրաստ կլինեն. «Սա կնպաստի նաեւ տուրիզմի զարգացմանը: Եթե ճանապարհը նորմալ է, բնականաբար, ավելի շատ մարդ կցանկանա այստեղ գալ: Իսկ լեզվի պրոբլեմը ժառանգական է՝ ո՛չ ժողովուրդն է մեղավոր, ո՛չ իշխանությունը: Մենք բոլորս էլ կարող ենք չսովորել վրացերեն եւ մնալ մեկուսացված, բայց կարող ենք սովորել եւ միաժամանակ չմոռանալ մեր մայրենին»: Անդրադառնալով Կարս-Ախալքալաք-Բաքու-Ջեյհան երկաթգծի կառուցմանը՝ պարոն Երեմյանն ասաց, որ իրենց տարածաշրջանի սոցիալական հարցերը լուծելու համար դա ամենահարմար առիթն է եւ դրանով կբարձրանա բնակչության կենսամակարդակը: Նինոծմինդայի շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Մոսոյանն էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց, որ իրենց տարածաշրջանի բնակչությունը զբաղվում է կաթնամթերքի մշակմամբ. «Մեր տարածաշրջանի Սպասովկա եւ Առլովկա գյուղերում բացվել է կաթի գործարան, չնայած դրան՝ մեզ մոտ մեծ տոկոս են կազմում գործազուրկները»:

Հիշեցնենք, որ վերջերս Ջավախքի բնակիչները բողոքի ալիք էին բարձրացրել Գանձա գյուղի մոտակայքում կառուցվող քրեակատարողական հիմնարկի առնչությամբ: Վրաստանի նախագահի լիազորված անձ Գոգա Խաչիձեն, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Եթե որոշվել է, որ այդ տարածքում պետք է քրեակատարողական հիմնարկ կառուցվի, ապա պետք է կառուցվի, եթե ոմանք դրա հետ համաձայն չեն, իրենց գործն է: Մենք չափազանց երկար ենք հաշվի առել ուրիշների կարծիքը: Բացի այդ, տեղացիների համար այս հիմնարկում աշխատատեղեր կբացվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել