Ըստ ՀՀՇ-ականների, օրերս Մարալիկում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները իրականացվեցին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի գրած սցենարով:
Կիրակի օրը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ: 5037 ընտրող ունեցող Մարալիկում ընտրությանը մասնակցեց 2209 մարդ: Հավաքելով 1995 ձայն, այս պաշտոնում վերընտրվեց գործող քաղաքապետ, հանրապետական Արտակ Գեւորգյանը:
Նշենք, որ նախքան ընտրությունները, Ա. Գեւորգյանից բացի, քաղաքապետի աթոռի համար պայքարում էր նաեւ Մարալիկի ՀՀՇ վարչության նախագահ Հարություն Ուռությանը, որին, սակայն, ընտրություններից ընդամենը 3 օր առաջ թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը անակնկալ մատուցեց՝ նրան զրկելով գրանցումից: Բանն այն է, որ հանրապետական Արտակ Գեւորգյանը բողոք էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ այն մասին, որ իր հակառակորդը նաեւ ՌԴ քաղաքացի է: ԿԸՀ-ն էլ անմիջապես հրահանգել էր թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ Հարություն Ուռությանին գրանցումից զրկել: Թիվ 36 հանձնաժողովի նախագահ Զուրաբ Թորոսյանը առանց երկմտելու կատարել էր վերեւների հրահանգը: Նա հենց նույն օրը դիմել էր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան:
ՀՀՇ-ական թեկնածուն էլ իր հերթին դատի էր տվել հանձնաժողովին՝ «օրենքին հակասող ակտը անվավեր ճանաչելու համար»:
«Եթե անգամ Հարություն Ուռությանը նաեւ ՌԴ քաղաքացի լիներ, ԿԸՀ-ն իրավունք չուներ առանց դատարանի որոշման նրան զրկել քաղաքապետի թեկնածությունից, փաստորեն հանձնաժողովը արտադատարանական որոշում է կայացրել»,- դատարանի դահլիճում վրդովված ասաց Հ. Ուռությանի փաստաբան Իլյիչ Հակոբյանը: Բացի այն, որ հանձնաժողովի նախագահ Զ. Թորոսյանը առանց դատարանի որոշման էր թեկնածուին գրանցումից զրկել, նա դահլիճին ապշեցրեց նաեւ իր ռուսերենի իմացությամբ: Երբ վերջինս սկսեց ընթերցել Կրասնոդարի երկրամասից ստացված տեղեկանքն այն մասին, որ Հարություն Ուռությանը հաշվառված է եղել Կրասնոդարի Կուգաննիստ քաղաքում, դատարանի դահլիճը ծիծաղից պոռթկաց: Նիստին ներկաներից ոմանք բղավում էին՝ «Էնպես կարդա, որ մենք էլ մի բան հասկանանք»: Ընտրական հանձնաժողովի նախագահի այն արդարացումներին, թե «կրթությունս ռուսական չի», դահլիճն անմիջապես արձագանքեց. «Ցավդ տանիմ, դու հայերենն էլ նույն ձեւի կկարդաս»:
Սեպտեմբերի 3-ին ՀՀՇ-ական թեկնածուն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացրել էր օրենքով պահանջվող բոլոր համապատասխան փաստաթղթերը, ընդ որում՝ տեղեկանք այն մասին, որ վերջին երկու տարին նա ապրել է Հայաստանում, հանձնաժողովն էլ առանց առարկելու գրանցել էր նրա թեկնածությունը: «Առավոտի» հետ զրույցում Հ. Ուռությանն ասաց. «Փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջերս 2 անգամ եկավ Մարալիկ, ինչ եկավ-չեկավ՝ գլխիս սկսեցին կեղտոտ խաղեր սարքել: Անկեղծորեն ասում եմ, որ ես 2000թ. ստացել եմ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, բայց երբեք դիմում չեմ գրել Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին, ես փաստացի Մարալիկի բնակիչ եմ: Ավելին ասեմ, երբեք չեմ օգտվել ՌԴ քաղաքացի լինելու իմ իրավունքից: ՌԴ քաղաքացիության ընդունումից էլ անցել է արդեն 7 տարի, այնպես որ, մեխանիկորեն կորցրել եմ ՌԴ քաղաքացի լինելու իմ իրավունքը: Հետաքրքիր է, էդ ոնց է, որ ավագանու անդամ ընտրվելու ժամանակ չէին հիշում, որ ես ժամանակին եղել եմ ՌԴ քաղաքացի, էդ ոնց չէին նկատում, որ այդ նույն անձնագրով ես մասնակցում էի քաղաքապետի նախորդ ընտրություններին, հիմա հանկարծ հայտնաբերեցին: Թե՞ դա ձեռք չի տալիս Հովիկ Աբրահամյանին»:
Դատարանը Հ. Ուռությանի հայցը չբավարարեց՝ հայտնելով, որ նա ժամանակին խախտել է ՀՀ քաղաքացիության մասին օրենքը, այն է՝ առանց ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու ստացել է ՌԴ քաղաքացիություն, հետեւաբար, նա կեղծ փաստաթղթեր է ներկայացրել հանձնաժողով: Չնայած Հովհաննես Ուռությանին զրկեցին թեկնածու լինելու հնարավորությունից, սակայն նա առանց խնդիրների մասնակցեց քաղաքապետի ընտրություններին՝ դեմ քվեարկելով Արտակ Գեւորգյանին:
«Դե որ Հայաստանի քաղաքացի չեմ, թող չթողնեին ընտրություններին էլ մասնակցեի, ինձ զրկեցին ընտրվելու իրավունքից, բայց ընտրելու իրավունքը մնաց ուժի մեջ: Ինչպե՞ս հասկանամ»,- վրդովված ասաց Հ. Ուռությանը: Նրա նախընտրական շտաբի նախագահ Մուրադ Գրիգորյանի կարծիքով էլ, «այս ամենը բավականին վատ, անփույթ բեմադրված թատրոն էր հանրապետականների կողմից, որոնք պարզապես վախեցան ՀՀՇ-ականների հաղթանակից»: