Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավապահները նոր լուծում են գտել

Սեպտեմբեր 25,2007 00:00

\"\"Նրանք ցուցարարներին ուղղակի
«պաստառազերծում» են \"\"

Մամուլն արդեն հաղորդել է, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի 21-ին «Անկախության ազատամարտիկներին՝ ազատություն» գրությամբ շապիկով էր մասնակցել Հայաստանի անկախության 16-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած ընդունելությանը: Մինչ այդ Զարուհի Փոստանջյանն իր մի քանի համախոհների հետ «Ազատություն Սեֆիլյանին, Մալխասյանին, Բաբաջանյանին» գրությամբ թերթիկները ձեռքին կանգնել էր նախագահական նստավայրի դիմացի մայթին:

Նրա կողքին է եղել «Այլընտրանք» նախաձեռնության համակիր Վարդգես Գասպարյանը, որն «Առավոտին» պատմեց. «Պայմանավորվել էինք պիկետ անցկացնել՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Բայց 4 մարդ էր եկել նախագահի նստավայրի մոտ՝ ես, Զարուհի Փոստանջյանը, նրա օգնականը՝ Սեդան, եւ մի ուրիշ կին, որը նրանց ծանոթներից է: Ենթադրվում էր, թե ուրիշ մարդիկ էլ պիտի գան, բայց այսքանն էինք»: Այս կապակցությամբ հիշեցնենք նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի դժգոհությունը, թե իրավապաշտպաններն ու քաղաքական գործիչները բնավ ամենաշատ գործ անողների շարքում չեն:

Բայց սեպտեմբերի 21-ին անգամ այս 4 ցուցարարի ներկայությունը շատ էր թվացել իրավապահներին. «Մեզ փորձեցին այդտեղից հեռացնել եւ իջեցնել մեր պաստառները, որոնք փաստորեն պաստառ էլ չէին՝ A4 ֆորմատի թղթեր էին, որոնց վրա գրված էր. «Ազատություն քաղբանտարկյալներին»: Մենք չհամաձայնեցինք ու այդպես էլ պահեցինք»:

Իրավապահները հաջողության էին հասել այլ՝ կին ցուցարարների մասով: Ըստ Վարդգես Գասպարյանի՝ «Պետական կարիքների զոհեր կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների թույլ չտվեցին բարձրացնել իրենց պաստառը: Անվտանգության ծառայության աշխատակիցները եւ ոստիկանները, չգիտեմ, համոզեցի՞ն, ստիպեցի՞ն նրանց: Բայց փաստն այն է, որ այդ կանայք համաձայնեցին: Նրանք դիմեցին Զարուհուն, թե իրենց թույլ չեն տալիս պաստառ բարձրացնել: Նա էլ ասաց՝ քաղաքացիներ եք, դո՛ւք ձեր իրավունքները պաշտպանեք, ես չեմ գալու ձեր պաստառը բարձրացնեմ»:

Վարդգես Գասպարյանն անդրադարձավ նաեւ իրավապահների գործողություններին. «Իմ կարծիքով, նրանք բավական պրոֆեսիոնալ են դարձել հետեւյալ առումով՝ եթե անգամ մի խումբ մարդիկ են հավաքվել նախագահի նստավայրի դիմաց՝ երբ պաստառ չունեն, ամեն ինչ շատ լավ է ստացվում: Տվյալ դեպքում՝ սեպտեմբերի 21-ին կարող էր տպավորություն ստեղծվել, թե պետական միջոցառում է՝ մի խումբ մարդիկ էլ եկել են նայելու, հետաքրքրված են կամ գուցե, չգիտեմ, երթուղային տաքսու են սպասում: Մեր դեպքում էլ ինչ-որ տեղ խելամիտ մոտեցում ցուցաբերեցին, քանի որ եթե բռնություն կիրառեին՝ ավելի մեծ սկանդալ կլիներ: Եվ այս անգամ այդքանով խելացի գտնվեցին, որ չդիմեցին սկանդալի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել