Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋԱՎԱԽԱՀԱՅԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Սեպտեմբեր 25,2007 00:00

\"\"Դրա պատճառը Բոգդանովկայում կառուցվելիք
բանտն է

Վրաստանի նախկին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի իշխանավարությունից ի վեր բազմազգ Վրաստանի՝ այսօր «ժողովրդավարական» համարվող իշխանությունների վարած քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ըստ էության, նույնն է մնացել: Ու եթե ժամանակին Գամսախուրդիային թվում էր, թե ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները հեշտությամբ կարելի է լուծել նրանց ինքնավարությունները կազմալուծելով, ապա այսօր ավելի ժողովրդավարական համարվող իշխանությունները կարծում են, որ նույն այդ հիմնախնդիրը կարելի է լուծել ազգային փոքրամասնություններին անջատողականի եւ ազգայնամոլի պիտակ կպցնելով կամ նրանց ներսից ջլատելով: Ջավախքում շատերն են կարծում, որ նման քաղաքականության եւ վրացական հատուկ ծառայությունների գործունեության արդյունք է այն, որ Ջավախքում եւ նույնիսկ Հայաստանում գործում են ջավախահայության՝ երբեմն հակադիր տեսակետներ ներկայացնող կազմակերպություններ ու անհատներ, որոնք միմյանց հետ մրցակցում են ջավախահայությանն իրենց վերահսկողության տակ առնելու, նրանց բողոքները զսպելու իմաստով, ինչպես դա եղավ ռուսական ռազմաբազաների դուրսբերման, այնպես էլ այսօր Բոգդանովկայում քրեակատարողական հիմնարկի՝ բանտի կառուցման դեպքում: Ջավախահայության ներկայացուցիչներից մեկը մեզ հետ զրույցում օրերս կարծիք հայտնեց, թե Վրաստանի հատուկ ծառայությունների գործունեության հետեւանք է նաեւ Հայաստանում վերջերս գործունեություն ծավալած «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպությունը: Մեր աղբյուրի ասելով, այդ կազմակերպությունը ստեղծվել է ջավախահայերին ցույց տալու համար, որ իրենք մոտ են կանգնած ՀՀ իշխանություններին, վայելում են նրանց աջակցությունն ու կարող են ջավախահայերի համար նպաստավոր լուծումներ կորզել: Այդ համատեքստում պատահական չէր, որ «Վիրահայերի միասնությունը» 2003թ. ԱԺ ընտրությունների փուլում հայտարարեց իշխող ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին: Բայց որպեսզի ջավախահայությունը, Հայաստանում գործող բոլոր կազմակերպությունները ՀՀ իշխանությունների կողմից միանգամայն վերահսկելի լինեն, ՀՀ իշխանությունները ընդառաջ գնացին նաեւ Հայաստանում ավելի վաղ ստեղծված «Ջավախք» հայրենակցական միությանը, որը ջավախահայության խնդիրների առնչությամբ միանգամայն տարբեր մոտեցումներ ուներ, քան «Վիրահայերի միասնությունը»: Արդյունքում այս երկու կազմակերպությունների առանձին ներկայացուցիչներն էլ 2003թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ընդգրկվեցին իշխող ՀՀԿ-ի համամասնական ցուցակում եւ դարձան պատգամավորներ. «Վիրահայերի միասնությունից»՝ Տաճատ Վարդապետյանը, Հայկ Սանոսյանը, նախկին նախարար Վարդան Այվազյանը, իսկ «Ջավախք» հայրենակցական միությունից՝ Շիրակ Թորոսյանը: Վերջիններս անգամ ՀՀԿ խմբակցության անդամներ լինելով հանդերձ` միանգամայն տարբեր տեսակետներ ունեն մասնավորապես Ջավախքում կառուցվելիք քրեակատարողական հիմնարկի կառուցման հարցում: Ու եթե մասնավորապես Շ. Թորոսյանը, համաձայն ԱԺ-ում արած իր հայտարարության, վտանգավոր է համարում 3000-4000 կալանավորի համար բանտի կառուցումը, ապա «Վիրահայերի միասնության» համանախագահ Հ. Սանոսյանը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարում է, թե դրանում վտանգավոր ոչինչ չկա: Ավելին, ըստ նրա, այդ բանտի կառուցումը Ջավախքում նոր աշխատատեղեր է ստեղծում, ներդրումներ է ապահովում: Քիչ ժամանակ պահանջվեց պարզելու համար, որ Բոգդանովկայում բանտի կառուցման հարցում Հ. Սանոսյանն ու «Վիրահայերի միասնությունը» իրենց մասնավոր շահերն ունեն: Այսպես, գաղութի կառուցման կապալառուն Հ. Սանոսյանն ու նրա եղբայրն են՝ Արամ Սանոսյանը: Վերջինս բնակվում է Մոսկվայում, որտեղ ապրում է նաեւ ՀԿ-ի կնքահայր, ջավախահայ գործարար, ոչ անհայտ Նորայր Թեւանյանը:

Ջավախահայերից մեկի համոզմամբ, իր հայրենակիցները Բոգդանովկայում կառուցվելիք բանտի առնչությամբ դժգոհություն հայտնելու եւ անհանգստանալու լուրջ պատճառ ունեն, մանավանդ որ` վրաց իշխանությունների ասելով, դա լինելու է ազատ աքսորավայր: Դա, ըստ մեր զրուցակցի, Ջավախքում ու մասնավորապես Բոգդանովկայում դեմոգրաֆիկ վիճակը փոխելու նպատակ է հետապնդում: Որպես փաստարկ բերվում է հետեւյալ հաշվարկը. եթե 3000 հոգանոց բանտ է կառուցվում, նշանակում է, որ ազատ աքսորի դատապարտվածները, ինչպես նաեւ գաղութի աշխատակիցները, որոնք լինելու են վրաց ազգության ներկայացուցիչներ, Բոգդանովկա են տեղափոխվելու իրենց ընտանիքների հետ միասին: Իսկ տրամաբանությունն ու հաշվարկները հուշում են, որ այդ գաղութը` իր ենթակառուցվածքներում աշխատողներով եւ աքսորի դատապարտվածների ընտանիքներով հանդերձ, Բոգդանովկայում կկազմի շուրջ 15-20 հազար մարդ` այն դեպքում, երբ այսօր այդ բնակավայրում ապրում է շուրջ 28 հազար հայ:

Ջավախահայերից մեկը ծիծաղելի է համարում նաեւ Հ. Սանոսյանի հայտարարությունը, թե բանտի կառուցումը ենթադրում է նոր աշխատատեղեր, որովհետեւ, ըստ մեր աղբյուրի, այդ աշխատատեղերը բացվում են հե՛նց վրացիների համար՝ նկատի ունենալով այն, որ գաղութում աշխատելու համար վրացերեն լեզվին տիրապետելը պարտադիր պայման է, իսկ ջավախահայերը վրացերենին չեն տիրապետում: «Հայաստանում կա ջավախահայերի մի զանգված, որը իր անձնական շահերից ելնելով դեմ չէ համագործակցել վրացական հատուկ ծառայությունների եւ այն ուժերի հետ, որոնք փորձում են հե՛նց հայերի միջոցով վերահսկել վիճակը, ջլատել ջավախահայության ուժերը՝ կասեցնելու համար Ջավախքի հիմնախնդիրների բարձրացումը, փոխանակ դրանց լուծում տալու»,- մեզ հետ զրույցում ասաց ջավախահայերից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել