Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 21,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ տասնյոթերորդ

ՀԱՎԵԼՅԱԼ ՍԵՊԱԳՐԵՐ

Որ ասում եմ՝ իգդիրցիք անհրաժեշտ համբերություն ու նպատակասլացություն չունեն, ամենեւին չի նշանակում, թե անխտիր բոլոր իգդիրցիք են էդ հատկություններից զուրկ, բայց նույնիսկ էդ հատկություններն ունեցողներն են իրենց էդ հատկությունները հազվադեպ օգտագործում, որովհետեւ իգդիրցիների միջավայրում մրցակցության դաշտ չի եղել ու չկա. այսինքն, իգդիրցիների մեջ չկար մեկը, որին մեր պապերն ու տատերը որպես նմուշ ու օրինակ ներկայացնեին, ու եղածը Դրոն էր, ում մասին մերոնք եթե խոսում էին էլ, չափազանց զգույշ ու շշուկով էին խոսում, եւ որ ասում եմ՝ իգդիրցիներից որոշներն էդ համբերությունն ու նպատակասլացությունն ունեն, ինձ էլ եմ էդ ունեցողների շարքում դասում, որովհետեւ համբերությունից ու նպատակասլացությունից զուրկ մեկը դժվար թե համարձակվեր էսքան երկարուձիգ մի վեպի մեջ խրվել, բայց շատ հնարավոր է, որ համբերությունս ու նպատակասլացությունս իմ հալալ մյուս կեսից՝ իմ մորական կողմի վանեցիներից ժառանգած լինեմ, բայց վանեցիների գծով առանձնապես խորանալու ցանկություն չունեմ, որովհետեւ, իմ հալալ կեսով վանեցու հետնորդ լինելով հանդերձ, էդպես էլ անհաղորդ ու անհաս մնացի վանեցիների բուն էությանն ու առաքելությանը, ու չնայած վանեցիք ե՛ւ համբերատար են, ե՛ւ նպատակասլաց, բայց մրցակցության իրենց դաշտն էլ առանձնապես բերրի չի, որովհետեւ մրցակցության համար էլ չարության որոշակի դոզան է անհրաժեշտ պայման, մինչդեռ վանեցիք իրենց ունեցած սիրո պաշարները հիմնականում միմյանց վրա են ծախսում ու վատնում եւ իբրեւ մրցակից միայն ուրիշներին են ընկալում ու ընդունում, եւ իրենց ներսում մրցակից չունենալն է հիմնական պատճառը, որ ժամանակակից մրցավազքում վանեցիք էապես զիջում են ղարաբաղցիներին, սասունցիներին, ախալքալաքցիներին եւ նույնիսկ ապարանցիներին:

Ապարանցիներն, իհարկե, միանգամայն այլ հոդվածով են անցնում: Ապարանցիների միֆն ամենեւին էլ Աղվան Հովսեփյանով չի սկսվել, չնայած իրենց միասնության ու միաբանության տեսլականը, շուրջպարով ու ամեն ինչով հանդերձ, հենց մեր օրերում հանրապետական նշանակության ձեւ ու մարմին ստացավ, եւ էս առումով, իհարկե, Վեհափառի ծագման հանգամանքն էլ երկրորդական նշանակություն չունի, բայց, այսուհանդերձ, ապարանցիների երեւան եւ Երեւան գալն ու հանրապետական նշանակության հասնելը տեղի է ունեցել անհամեմատ վաղ՝ անցյալ դարի հիսունականներին ու հատկապես վաթսունականներին եւ զուգադիպում էր սովետական միլիցիայի ծաղկմանը, բայց էն թվերին ապարանցիների հանրապետական նշանակությունը միլիցիայի ու հատկապես պետավտոտեսչության շրջանակների մեջ էր պարփակված, եւ չնայած էդ է՛լ էր հայրենակցական առումով լուրջ հաջողություն, այդուհանդերձ, հազարամյակի ամենավերջում միայն ապարանցիներին հաջողվեց թափանցել իրավական ու հոգեւոր ամենավերին ոլորտներ, բայց էս հանգամանքն ամենեւին չի նշանակում, թե Վեհափառի ու գլխավոր դատախազի պաշտոնավարման ավարտից հետո ապարանցիք վերստին պետավտոտեսչության սահմանների մեջ են պարփակվելու, որովհետեւ, եթե մարդիկ ու պաշտոններն անցողիկ ու ժամանակավոր են, մարդկանց ու պաշտոնյաների ստեղծած ու ձեւավորած միֆերն ու լեգենդները, չասենք հավերժական, բայց շարունակական ու տեւական են, որովհետեւ ժամանակ առ ժամանակ էդ միֆերն ու լեգենդները թարմացվում ու վերակենդանացվում են հետագա երեւելի ու երեւացող անձերով եւ, ինչու չէ, նաեւ անեկդոտներով, եւ եթե մի ժամանակ թվում էր, թե վանեցիների մասին անեկդոտներն են էդ ժանրի գերագույն սահմանը, ապա որոշ ժամանակ անց արդեն քյավառցիներինն ու լոռեցիներինն էին անհասանելի թվում, մինչդեռ մեր օրերում ապարանյան անեկդոտների դեմ պարզապես խաղ չկա, իսկ միֆի առումով ապարանցիների դեմ միայն ղարաբաղցիք խաղ ունեն, որովհետեւ ինչքան էլ պաշտոններն ու պաշտոնյաներն անցողիկ ու ժամանակավոր լինեն, տվյալ պահին ու տվյալ ժամանակի մեջ ահագին նշանակություն են ունենում, չնայած, ուզենք թե չուզենք, միֆի ձեւավորման ու առաջացման հարցում հոգեւորը միանգամայն պարտադիր պայման է, եւ չնայած հոգեւոր ասելով՝ հայերս հավատքից բացի նաեւ արվեստի բնագավառը նկատի ունենք, բայց հավատքի ու արվեստների բացակայության պայմաններում մեզ համար հոգեւորին հավասար նշանակություն են ձեռք բերում գիտությունն ու հատկապես ռազմագիտությունը, եւ ղարաբաղյան միֆի հիմքերը հենց գիտությամբ ու ռազմագիտությամբ առաջացան՝ մոսկովյան ղարաբաղցի ակադեմիկոսների եւ չորս մարաջախտների առկայությամբ ու գոյությամբ. այսինքն, ղարաբաղյան միֆի առաջացումը ղարաբաղյան շարժումից ահագին վաղ է տեղի ունեցել, եւ եթե ոմանք կարծում են, թե էդ միֆը Քոչարյանով ավարտվելու է, չարաչար են սխալվում, որովհետեւ միֆերն ու լեգենդները ժամանակի մեջ կարող են խամրել, բայց ո՛չ փոշիանալ, եւ երբ պաշտոններն ու պաշտոնյաները փոշիանում են, էդ փոշիների տակից վերստին ծիկրակում է հոգեւորը, եւ ապարանցիների պարագայում հոգեւորը, Վեհափառից բացի, նաեւ առավոտից իրիկուն մեր բերաններում ծվարած ապարանյան անեկդոտներն են, որովհետեւ հավատքից ու արվեստներից զերծ ժամանակներում հայերս էդ ամենի բացը նաեւ անեկդոտներով ենք լրացնում, եւ շատ հաճախ հենց անեկդոտներն են երկարաձգում ու տեւականացնում միֆը. այնպես որ, շատ հնարավոր է, Քոչարյանից անմիջապես հետո հենց ղարաբաղյան անեկդոտների բում առաջանա՝ ճիշտ այնպես, ինչպես Քոչինյանին Լոռվա անեկդոտները հաջորդեցին, չնայած, ինչպեսեւ Քոչարյանը, Քոչինյանն է՛լ միֆի հիմնադիր չէր, քանի որ տասնիններորդ դարավերջին Թումանյանն արդեն լոռեցիների տեսլականն ու դիմագիծը վերջնականապես էր հայտարարագրել, ընդ որում՝ միանգամայն համահայաստանյան եւ նույնիսկ Անդրֆեդերացիայի մակարդակով ու մասշտաբով, եւ Թումանյանի ստեղծածն ու դրվածքն էնքան հիմնավոր էին, որ Քոչինյանն անգամ չկարողացավ որեւէ բան ավելացնել արդեն եղածին, չնայած արդեն եղածը միշտ էլ նորանոր ռեսուրսներով համալրվելու կարիք ու պահանջ ունի, եւ Քոչինյանին զուգահեռ ու հատկապես Քոչինյանից հետո Լոռվա անեկդոտները եղան, եւ դրանից էլ հետո՝ Հրանտը, ու Հրանտից հետո՝ Վանոն, եւ Լոռվա միֆն արդեն էնքանով կա, որ էսօրվա օրով նույնիսկ շամշադինցիք ու իջեւանցիք են իրենց լոռեցի համարում, եւ հիմա, երբ էս հատվածական ու հատվածային վերլուծություններն էս կտրվածքներով անում եմ, շատերն ինձ կմեղադրեն հայաստանյան հատվածների միջեւ հավելյալ սեպեր խրելու մեջ, բայց դա բնավ չի նշանակի, թե ես իսկապես հայոց մեջ պառակտիչ գործունեություն եմ իրականացնում իմ էս՝ գուցեեւ անհարկի խորացումներով ու վերլուծություններով, ու նաեւ չի նշանակի, թե՝ ինձ հավելյալ սեպեր խրելու մեջ մեղադրողներն ավելի շահագրգիռ են մեր միասնությամբ ու միաբանությամբ, որովհետեւ ինձ էս ու այլ հարցերում մեղադրողներն ինձ մեղադրելու մոլուցքի մեջ շարունակաբար տարուբերվելով՝ արդեն էնպիսի գլխապտույտների մեջ են հայտնվել, որոնց համեմատ՝ իմ էս շարունակական գլխապտույտներն ուղղակի հեչ բան են, եւ իրենցինի համեմատ՝ իմ էս խորացումներն ու վերլուծություններն էլ են հեչ բան, եւ եթե իրենց թվում է, թե իրենց հայրենակցական ծեքծեքումները միանգամայն անկեղծ ու ազնիվ են, ինձ համար էլ իմոնք են անկեղծ ու ազնիվ, եւ եթե ոմանք կարծում են, թե իրենց գրականագիտական ծեքծեքումներով կարող են հունից հանել ինձ, միանգամայն ճիշտ են կարծում, ավելին՝ իրենց էդ անվճար դասատվությունն ու ծեքծեքումներն ինձ ոչ թե հունից հանում են, այլ խանգարում են հուն մտնել. այսինքն, իմ էս շարունակական դեգերումների ավարտը փափագողներն իմ մասին ավելի բարձր կարծիքի են, քան՝ ինքս իմ վերաբերյալ, եւ մինչ իրենք էդ անվճար դասատվությամբ փորձում են հունից հանել ինձ, ես հունս գտնելու իմ անօգուտ ջանքերի մեջ արդեն սպառվում ու քայքայվում եմ, եւ թեպետ էս երկարուձիգ ընթացքում հաջողացրի ձեզ ու անվճար դասատուներիս հավատացնել, թե՝ էս գրելիքս անսպառ ու անվերջ է, ինքս ինձ ոչ մի կերպ չեմ կարողանում հավատալ, որովհետեւ էդ անվճար դասատուներիս պես՝ ես էլ արդեն ինձ իսպառ մոռացած՝ հիմնականում ուրիշներով եմ զբաղվում, եւ ուրիշներով զբաղվելու գայթակղությունն էնքան է մեջս առաջանում ու ալիք տալիս, որ արդեն իմ հարցերն ու խնդիրները վերջնականապես մոռացած՝ ուրիշների հարցերի ու խնդիրների մեջ եմ տապակվում, եւ էս դեպքում ուրիշները ոչ թե ախալքալաքցիք, ղարաբաղցիք, սասունցիք, լոռեցիք ու մյուսներն են, այլ՝ միայն ու միայն նրանք, ովքեր իրենց բուն խնդիրներն ու հարցերը մոռացած՝ էս վեպիս վերջն ու ավարտն են փափագում տեսնել, եւ իրենց էդ փափագն աննախադեպ ու անզուսպ է, որովհետեւ իրենք արդեն վերջնականապես են համոզվել, որ էս գրածիս ավարտը մեկին մեկ համընկնելու է երկրային ժամանակիս ավարտին, իսկ ինչ վերաբերում է ախալքալաքցիներին, ղարաբաղցիներին, սասունցիներին, լոռեցիներին ու մյուսներին, էս բոլորին մոտենալով ու էս բոլորի մեջ խորանալով՝ ընդամենն ինքս ինձ եմ փորձում մոտենալ եւ ինքս իմ մեջ եմ փորձում խորանալ, եւ էդ խորացումից ու էդ խորությունից վախն է, որ շարունակաբար ինձ շեղում ու դեսուդեն է մղում, եւ ես շարունակաբար շեղվելով ու դեսուդեն մղվելով՝ վերստին ղարաբաղցիների, լոռեցիների, սասունցիների, ախալքալաքցիների ու մյուսների մատույցներում վայրէջք կատարեցի ո՛չ միայն էն պատճառով, որ արդեն յոթանասունվեցի օգոստոսի տասնյոթ ու «Ապագա բժիշկի» ախալքալաքցի Աշոտին եմ հասել, այլեւ էն պատճառով, որ երբ Աշոտն իր առած նրբերշիկները վերցրեց ու Վարոսի մոտ իջավ, ես էդ խմբագրության արդեն հարազատ դարձած սենյակում շամպայնների հետ մենմենակ մնացի ու մենմենակ մնալով, հիշում եմ, մեր էս մինուճար կյանքի մասին էի խորհում ու մտածում, բայց թե՝ կոնկրետ ի՞նչ էի խորհում ու մտածում, հիմա, բնականաբար, դժվարանում եմ հիշել, եւ եթե չեմ հիշում՝ չեմ էլ կարող բստրելով ասել, թե՝ յոթանասունվեց թվականի օգոստոսի տասնյոթի էդ իրիկուն «Ապագա բժիշկ» բազմատիրաժ թերթի խմբագրության էդ՝ արդեն հարազատ սենյակում կոնկրետ ինչ էի մտածում իմ ու ձեր էս մինուճար կյանքի մասին, որովհետեւ, ինչքան էլ սկսնակ, ես բնավ էլ ձեր իմացած էն արձակագիրներից չեմ, ովքեր էսօրվա իրենց մտածածն ու մտածմունքը նաղդում են յոթանասունվեց, երեսունյոթ եւ այլ թվականների վրա, ու ես, ինչքան էլ սկսնակ, ձեր իմացած էն արձակագիրներից էլ չեմ, ովքեր իրենց հերոսին նրբերշիկներով հանդերձ պահակի մոտ իջեցնելով՝ անմիջապես եւեթ նույն էդ հերոսին խմբագրության սենյակ են վերադարձնում՝ իրենց ու հերոսի կիսատ թողնված երկխոսությունը հենց կիսատ թողնված տեղից անմիջապես շարունակելով. այսինքն, եթե յոթանասունվեցի օգոստոսի տասնյոթի էդ իրիկուն ախալքալաքցի Ավետիսյան Աշոտը պահակ ու պարետի տեղակալ Վարոսի մոտից նրբերշիկների եփվելուց հետո՝ միայն կես ժամ անց խմբագրության էդ հարազատ սենյակ վերադարձավ, եւ եթե էսօրվա դրությամբ չէմ հիշում, թե իմ ու ձեր էս մինուճար կյանքի մասին ինչեր էի մտածում Ավետիսյան Աշոտի գնալու ու վերադառնալու էդ երեսուն ու ավելի րոպեների ընթացքում, ուրեմն, թեկուզեւ սկսնակ, էսօրվա էս պահին պարտավոր եմ հավելյալ մտածելով՝ մի քիչ փիքր անել իմ ու ձեր էս մինուճար կյանքի մասին, որպեսզի ձեր ու մանավանդ Ավետիսյան Աշոտի մոտ թյուր տպավորություն չստեղծվի, թե՝ ինքը պահակ ու պարետի տեղակալ Վարոսի մոտ նրբերշիկներով իջնելով՝ անմիջապես եւեթ վերադարձավ ու իսկույն եւեթ խժռեցինք էդ անզուգական նրբերշիկները, եւ եթե էդ երեսուն ու ավելի րոպեների սպասողական վիճակս վերստին ստեղծելու ու առաջացնելու համար հղում կատարեցի ախալքալաքցիներին, ղարաբաղցիներին, սասունցիներին, լոռեցիներին ու մյուսներին, դա ձեզ ու Աշոտին իրավունք չի տալիս էս ասածներիս ու էս հղումներիս մեջ որեւէ սխալ գտնել ու որեւէ սխալի մեջ բռնացնել սկսնակիս, որովհետեւ էս պահի իմ հիմնական նպատակն ընդամենն էս պատումի բնականության ապահովումն է, ինչպես նաեւ՝ շուրջ կես ժամվա սպասման ու ընդմիջման պատրանքի ստեղծումը, եւ քանի որ շուրջ կես ժամ տեւած իմ էդ սպասման պատրանքն իմ կողմից արդեն ստեղծված էր, ես շտապեցի ու չասացի, որ հայերս սասունցիների վրա անեկդոտներ չենք հորինում ու չենք հորինի ո՛չ միայն էն պատճառով, որ Սասունցի Դավթի կերպարը մեր մտապատկերում ամենաանխաթարն է, այլեւ էն պատճառով, որ մեզ համար մեր էպոսն ու առասպելներն ավելի իրական են, քան՝ բուն իրականությունը, եւ այդ է պատճառը, որ, ի տարբերություն այլոց, մենք մեր աբրահամներին ու սառաներին անեկդոտների չենք ենթարկում, եւ ահա էս միտքս էլ ավարտելով՝ հիմա արդեն հանգիստ խղճով կարող եմ վերադառնալ Ավետիսյան Աշոտին, եւ եթե էսքանից հետո էլ ինձ չհաջողվեց բնականության ու ճշմարտացիության պատրանք ստեղծել, արդեն բոլորդ ու հատկապես «Ապագա բժիշկ» բազմատպաքանակ թերթի երբեմնի պատքարտուղար Ավետիսյան Աշոտն իրավունք ունեք աջուձախ հայտարարել ու տարածել, թե՝ էս պատմածներս ու գրածներս ծայրեծայր բստրված են ու երբեւէ տեղի չեն ունեցել, բայց, այդուհանդերձ, մի օր պիտի ասեի եւ ահա՝ հենց հիմա եմ ասում, որ ամենեւին արդարացի չէ ձեր ու մինչեւ իսկ Աշոտի պահանջը, թե՝ էս պատմածներս ու գրածներս պիտի մեկին մեկ համապատասխանեին իրականությանը եւ ահա՝ չեն համապատասխանում, ու էս առթիվ իմ կարծիքն էն է, որ հիմնականում ու մեծամասամբ լավ էլ համապատասխանում են, եւ եթե որոշ դետալներ ու որոշ դրվագներ ինձանից եմ բստրում ու մոգոնում, դրա պատճառն ընդամենն էն է, որ ժամանակ առ ժամանակ մոռացվում ու խամրում են իրականում եղած դետալներն ու դրվագները, եւ էդ ժամանակ առ ժամանակ մոռացվածն ու մոռացվողն այլ դետալներով ու այլ դրվագներով չլրացնելն իմ կողմից առնվազն անշնորհքություն կլիներ, մանավանդ որ՝ շատերին էդ դետալներն ու դրվագներն ավելի են հետաքրքրում, քան՝ իմ բուն կյանքը, եւ, համոզված եմ, ոչ դո՛ւք հավես ունեք կողմնակի մեկի կենսագրությունը տարիներ շարունակ աչքի անցկացնել, եւ ոչ էլ ե՛ս նպատակ ունեմ արդեն մի անգամ եղածը նույնությամբ շարադրել ու կրկնել, որովհետեւ, եթե էդպես անեի, էս ամբողջ պատմությունս համակարգչային մի էջից չէր անցնի, ու էս ասածս էլ օդից չեմ վերցնում ու ասում, քանի որ՝ արդեն մի շաբաթ է՝ փորձում եմ համակարգչային մի էջի սահմանում ինքնակենսագրությունս գրել Վահրամ Մարտիրոսյանի «Կոնֆլիկտային ժողովուրդների արձակը» սայթի համար, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում համակարգչային էդ էջն իմ կենսագրությամբ ողողել. այսինքն, եթե ինձ չի հաջողվում համակարգչային գոնե մի էջի չափով կենսագրությունս գրել, կենսագրական ու ինքնակենսագրական էսպիսի մի երկարուձիգ վեպի համար կենսագրությունս ու ինքնակենսագրությունս, բնականաբար, չէին հերիքելու, եւ չնայած էս ասածս հեչ չի նշանակում, թե էս վեպս ծայրեծայր բստրել ու մոգոնել եմ, բայց առնվազն նշանակում է, որ մեր կենսագրությունն ու ինքնակենսագրությունն առանց շրջակա միջավայրի ու առանց շրջակա միջավայրի մարդկանց՝ իսկապես համակարգչային էջից չի անցնում, եւ էս դետալները, դրվագներն ու մանրամասներն էլ պարտադիր են, որպեսզի շրջակա միջավայրն ու շրջակա միջավայրի մարդիկ բնական ձեւով ապրեն ու շնչեն, եւ եթե իմ պարագայում չեն ապրում ու չեն շնչում, կնշանակի՝ Աշոտը, Ռոլանդն ու բոլորը ճիշտ են ասում, որ էս ամենը բստրել ու մոգոնել եմ, բայց էստեղ մի «բայց» կա, որն ինձ համար ո՛չ միայն արդարացում, այլեւ փրկություն կարող է հանդիսանալ, եւ էս «բայցն» է՛ն կարեւորագույն հանգամանքն է, որ նույն Աշոտը միմիայն իրեն վերաբերող հատվածների մասով է էս վեպիս բստրված ու մոգոնված լինելը մատնանշում ու պնդում, եւ Ռոլանդն էլ՝ միայն ու միայն իրեն վերաբերող հատվածների մասով. այսինքն, ստացվում է, որ Ավետիսյան Աշոտն ու Շառոյան Ռոլանդը, բացառությամբ իրենց վերաբերող հատվածների, էս գրվածքիս մնացած հատվածների ճշմարտացիությանը լավ էլ հավատում են եւ միայն իրենց վերաբերող հատվածներին են թերահավատորեն վերաբերվում, եւ իրականում միայն ինձ է հայտնի, թե՝ էս վեպիս ո՞ր մասերն են ճշմարտացի ու հավաստի, եւ որոնք են հորինովի ու հնարովի, եւ դա բնական է, որովհետեւ Ռոլանդն էս ընթացքում ահագին մինիստր աշխատեց, իսկ Աշոտը նույն էդ բժշկականում՝ դասախոս, եւ Աշոտն էսօրվա օրով էլ է բժշկականում դասախոս, եւ էսօրվա օրով Ռոլանդն էլ ֆիզկուլտինստիտուտում է դասախոս աշխատում, չհաշված որ՝ «Ոսկե ծիրանի» ու քաղաքական գործերում էլ կա, ու էս հանգամանքները նշելով՝ ուզում եմ ասել, որ իրենք էսօրվա մեջ ահագին ներծծված են եւ, բնականաբար, իրավունք ունեն չհիշել յոթանասունվեցի ու յոթանասունվեցին հաջորդած էդ մի քանի տարիների իրադարձությունները, եւ անձամբ ինձ համար կարեւորը ոչ թե իրենց էդ չհիշելն է, այլ՝ իրենց չնեղանալը, եւ իրենք ինձանից չնեղանալու համար չափազանց լուրջ հիմքեր ունեն, որովհետեւ էս ընթացքում, ճիշտ է, իրենց մասին հետին թվով ահագին հավաստի ու անհավատալի բաներ եմ գրել, բայց իրենց մասին հետին մտքով բառ անգամ գրած չկամ, եւ եթե ժամանակ առ ժամանակ որոշ բաներ հորինել ու բստրել է՛լ եմ, դրա պատճառներից մեկն էն է, որ ես նպատակադրվել եմ չափից շատ գրել, եւ մյուս պատճառն էլ էն է, որ հորինածս ու բստրածս շատ հաճախ ավելի հետաքրքիր ու բովանդակալից է, քան՝ մեր բուն կյանքում տեղի ունեցածը, ու ես չափազանց շատ եմ գրում ո՛չ միայն էն պատճառով, որ որոշել եմ ամենաերկար վեպը գրել, այլեւ է՛ն պատճառով, որ ես, փաստորեն, էս վերջին տարիներին գրել ու շարունակում եմ գրել նաեւ իմ է՛ն գրչակից ընկերների փոխարեն, ովքեր էս վերջին տարիներին չափազանց զբաղված էին գրականությունից կարեւոր բաներով. այսինքն, էսքան շատ գրելով՝ ես ո՛չ միայն Ռոլանդի ու Ավետիսյան Աշոտի փոխարեն եմ գրել ու գրում, այլեւ գրել ու գրում եմ Աղվանի, Վրեժի ու մյուսների փոխարեն, եւ չնայած իրենք երեւի համաձայն չեն, որ իրենց փոխարեն գրեմ, բայց ես պնդաճակատորեն գրել ու գրելու եմ, եւ որ Վանոյի փոխարեն չեմ գրում, դրա պատճառն էն է, որ ինքն իր փոխարեն լավ էլ գրում է, եւ իր առումով կարող եմ ասել, որ եթե մեզնից մեկնումեկը թեկուզ մի քանի օրով իր զբաղեցրած պաշտոնը զբաղեցրած լիներ, հիմա մեսրոպյան մեր տառերի մեծ մասը մոռացած կլիներ, եւ, ինչպես տեսնում եք, իմ զբաղված ընկերներն ասպարեզն անվերապահորեն ինձ զիջած՝ ոչ միայն չեն նեղանում, որ իրենց մասին ճիշտուսուտ բաներ եմ գրում, այլեւ չեն նեղանում, որ իրենց փոխարեն եմ գրում, եւ եթե էս գրածիս մեջ երբեմն պիտանի կտորներ էլ են պատահում, դրանք երեւի հենց իրենց փոխարեն գրածներս են, եւ, մինչ Ավետիսյան Աշոտն ու պարետի տեղակալ Վարոսը նրբերշիկները եփեն, ես պարտավոր եմ իմ էսօրվա կյանքից որոշ թարմ տեղեկություններ հաղորդել, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի, թե էս պահին ի՞նչ դիտակետից ու տեսանկյունից եմ նայում յոթանասունվեց թվականի էդ դատարկ, կիսադատարկ ու լիքը շամպայնի շշերին, նրբերշիկներին ու ամեն ինչին։

Էս պահի դրությամբ՝ ժամանակավորապես դադարեցրել եմ բուքմեյքերական ներդրումներս եւ չնայած վաղուց հեռուստատեսությունից ու Բոբոշից էլ եմ կտրված, բայց էս կտրվածություններս ամենեւին չեն նշանակում, թե ժամանակից ու կյանքից էլ եմ կտրված եւ ժամանակակից կյանքով չեմ ապրում. ավելի՛ն. ես թեեւ ժամանակավորապես դադարեցրել եմ բուքմեյքերական ներդրումներս, բայց առաջվա պես հաճախում եմ բուքմեյքերական տարածքներ եւ արդեն ո՛չ էնքան էկրաններին կատարվող մարզական իրադարձություններին եմ հետեւում, ինչքան՝ երբեմնի խաղընկերներիս հաջողություններին ու անհաջողություններին, իսկ ավելի ճիշտ՝ իրենց հաջողություններից ու անհաջողություններից մշտապես փոփոխվող էդ մշտապես ծխապատ օդի տատանումներին, եւ չնայած Սառաջովի էս «Տոտոյի» տերը՝ Մուշոն ժամանակ առ ժամանակ դռներն ու լուսամուտները բացել է տալիս եւ տարածքն օդափոխում է, բայց մի քանի րոպե անց էդ տարածքը վերստին ծխապատվում ու ծխահարվում է, որովհետեւ, որպես կանոն, խաղացողների ու խաղամոլների մեջ չծխողներ չկան կամ, կարելի է ասել, գրեթե չկան, եւ ծխողներս էլ էս տարածքներում անհամեմատ շատ ենք ծխում, քան սովորական տարածքներում՝ խաղերից ազատ ժամերին, եւ իմ առումով կարող եմ հավաստիացնել, որ բուքմեյքերական տարածքներում ավելի շատ եմ ծխում, քան նույնիսկ՝ էս վեպս գրելու ընթացքում, եւ իմ առումով պետք է նաեւ ասեմ, որ վերջերս սիրտս ավելի էր զգացնել տալիս, եւ դժվարանում եմ ասել՝ պատճառը շատ ծխե՞լս էր, թե՝ շատ տանուլ տալս, եւ չնայած էս նոր տարին ամանորներից միակն էր, որ տանուլ տված վիճակում չդիմավորեցի, բայց արդեն սկսված նոր տարին բուքմեյքերական առումով չափազանց անհաջող ընթացք ունեցավ, եւ եթե պարտություններս շարունակվեն, էս ամառ էլ չեմ հաջողացնի մեր բնակարանի ժանգոտած ու շարքից դուրս եկած խողովակները փոխել, եւ եթե ոտքս առժամանակ բուքմեյքերականներից չկտրեի, հնարավորություն չէի ունենա հաղորդակցվել Հինգշաբթվա վկաների հետ, եւ ահա երեկ թվով երրորդ հինգշաբթին էր, որ անցկացրի Հինգշաբթի օրվա վկաների ընկերակցությամբ, ավելի ստույգ՝ «Հինգշաբթի օրվա վկաներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության երեք հիմնադիր անդամների սեղանակցությամբ, եւ չնայած ընկերությունն արդեն գրանցված է եւ ֆորմալ առումով երեք համանախագահներ ունի, բայց իրականում ու ներքին պայմանավորվածությամբ՝ էդ երեքը ոչ թե համանախագահներ են, այլ ընդամենը՝ հիմնադիր անդամներ, որովհետեւ, ըստ Երեքի առաջին դեկլարացիայի, էդ կազմակերպությունը չպիտի նախագահ կամ համանախագահներ ունենար, որպեսզի դեպքերի անցանկալի բերումով հանկարծ չվերածվեր բյուրոկրատական ապարատի, բայց, այդուհանդերձ, ֆորմալ առումով մեկի ստորագրությունը պիտի հաստատվեր, եւ ներկայացվեց Բիձո՛ւ ստորագրությունն էն պարզ պատճառով, որ Բիձեն ազգային բանակի սպա է եւ մյուս երկուսից անհամեմատ շատ ազատ ժամանակ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել