Նրանք հանել են միջազգային ռոք փառատոնի վահանակը
Սեպտեմբերի 22-ից Հայաստանում կմեկնարկի «Ռոքը՝ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը, որի գլխավոր կազմակերպիչն է գերմանական «Kultur Aktiv» մշակութային հ/կ-ն: Համերգաշարին կմասնակցեն Գերմանիայից «ZEN ZEBRA», Հայաստանից՝ «Բամբիռ», «Օուքսենհէմ», «ՄԴՊ», իսկ Արցախից՝ «Ղարաբաղ» ռոք խմբերը: Սեպտեմբերի 24-ին մի համերգ կկայանա Ստեփանակերտի Երիտասարդության պալատում, սեպտեմբերի 25-ին՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Սեպտեմբերի 26-27-ին խմբերը հանդես կգան Քութայիսում եւ Թբիլիսիում:
Հայաստանյան ռոք փառատոնը «Ռոքը՝ հանուն խաղաղության» նախագծի երկրորդ փուլն է, առաջինն անցկացվել է Բելառուսում, երրորդն էլ կկայանա Մակեդոնիայում: «Ռոքը՝ հանուն խաղաղության» ծրագրի համանախագահ Արման Պադարյանը, «Վիբրոգրաֆուս» կազմակերպության ղեկավար եւ «ՄԴՊ» ռոք խմբի բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը եւ հայկական ռոք խմբերի այլ ներկայացուցիչներ երեկ հանդիպեցին լրագրողների հետ: Ա. Պադարյանը հայտարարեց, որ համերգի աջակիցներից է նաեւ մշակույթի նախարարությունը, ինչի մասին գրված է փառատոնի գովազդային վահանակի վրա: Սակայն, ըստ բանախոսի, դա չի խանգարել, որ Կենտրոնի թաղապետարանը հանի օպերայի մոտ դրված իրենց վահանակը: Այս առիթով Ա. Պադարյանն ասաց. «Ասում են՝ պիտի մեզանից թույլտվություն խնդրեք: Թաղապետարանի գովազդային բաժինը դիվանագիտական սխալներ է անում՝ իմանալով հանդերձ, որ փառատոնը կազմակերպվում է երիտասարդների ուժերով եւ էնտուզիազմի շնորհիվ ու հսկայական գումարների մասին խոսք լինել չի կարող»: Նա հույս հայտնեց, որ որոշ բանակցություններից հետո այսօր վահանակը «կհանգրվանի» իր նախկին տեղում:
Պադարյանի հավաստմամբ, մասնավորապես Գերմանիայի հետ ամրապնդվում են կապերը ռոք, դասական եւ հոգեւոր երաժշտության ոլորտում, մեր երաժիշտներն էլ հաջողությամբ հանդես են գալիս այդ երկրում: «Kultur Aktiv»-ը նախատեսել է առաջիկայում ստեղծել «Արեւելյան երաժշտություն» ասոցիացիա, որի առաջին նախագիծը կլինի «Հովեր» կամերային երգչախմբի համերգային շրջագայության կազմակերպումը Գերմանիայում:
«Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել հայկական 3 ռոք խմբերը: Ա. Պադարյանը հայտնեց. «Նախ ոճի հետ կապված խնդիրներ կան, երկրորդ՝ հրավիրել ենք միայն նրանց, ովքեր դրսում ունեն անուն ու թողարկված ձայներիզներ: Օրինակ՝ «Օուքսենհէմ» պրոգրեսիվ ռոք խմբի ձայներիզը վերջերս հրատարակվել է Փարիզում, «Բամբիռը» ձայնագրություններ ունի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում, «ՄԴՊ»-ն՝ DVD-ներ Եվրոպայում: Մի խոսքով, ուզում ենք որակ ապահովել»:
Երաժիշտներից մեկը նշեց, որ ռոքը գնալով Հայաստանում մեծացնում է լսարանը՝ փոփից ձանձրացածների հաշվին, նաեւ ափսոսաց, որ հայ ռոքերները հնարավորություն չունեն ավելի շատ շրջագայել, քան արտերկրի ռոք խմբերի ներկայացուցիչները: Երաժիշտները փաստեցին, որ երբեմն վիզայի հետ կապված խնդիրներ են ունենում դեսպանատներում. պատահել է երգել են՝ ապացուցելու համար, որ երգիչ են:
Ռոք երաժիշտ Էդուարդ Աբրահամյանն էլ այլ բանի համար ափսոսաց. «Արտասահմանում փորձեր են անում այնպիսի գործիքներով, որոնցով մենք կերազեինք համերգ տալ»:
«Առավոտի» հաջորդ հարցին՝ եթե գալիք նախագահական ընտրություններում ռոքային նախասիրություններով որեւէ թեկնածու առաջարկի երգել իր քարոզարշավին, կհամաձայնե՞ք, «ՄԴՊ»-ի բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը պատասխանեց. «Նայած ով կհրավիրի եւ ինչ կքարոզի»: «Ռոքը՝ հանուն խաղաղության» փառատոնի համանախագահ, «Կոմիտաս» քառյակի տնօրեն Արման Պադարյանն էլ ասաց. «Եթե նա լինի այնպիսի մարդ, որին կհավատանք, ինչո՞ւ չէ: Հոգեւոր երաժշտություն էլ կհնչի, դասական էլ, ռոք էլ»: