Հրապարակախոսի հայացքով
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» փաստաթղթում մեր անվտանգության հիմնարար արժեքներից է հայապահպանությունը, հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը Հայրենիքում եւ Սփյուռքում։ Բայց ո՞րն է մեր ինքնությունը, տիպն ու տեսակը, արդյոք կա՞ միանշանակ պատասխան, բնութագիր։ Ի՞նչ արժեքներ են ընկած մեր ինքնության հիմքում, ի՞նչ արժեքների ենք դավանում։ Համընդհանուր, համամարդկային արժեքներից եւ ընդունակություններից, համամարդկային արատներից եւ թերություններից որո՞նք են մեր ազգի, մեր տեսակի մեջ ավելի ընդգծված եւ ո՞րն է մեր տեղն ու դերը համաշխարհային քաղաքակրթության զարգացման ընթացքի մեջ (Վերջերս զբոսաշրջության զարգացման պետական պատասխանատուներից մեկը հայտարարեց, որ օտարազգիները Հայաստան են գալիս նախ եւ առաջ նրա համար, որ Հայաստանը նրանց համար այն երկիրն է, ուր ջրհեղեղից հետո առաջին անգամ ոտք է դրել Նոյը, երկիր, որտեղ ապրում է աշխարհում առաջին քրիստոնյա ազգությունը։ Ինչպես երեւում է, սրանք օտարների համար տեսնելու, ծանոթանալու, ճանաչելու արժեքներ են, բայց մենք, հայերս, արդյո՞ք մեր մեջ արժեւորում ենք այդ ամենը։ Խոսքը ոչ թե սնապարծության մասին է, այլ էության՝ արդյո՞ք մեզ զգում ենք որպես աշխարհում առաջին քրիստոնյա ազգություն եւ արդյո՞ք համապատասխանում ենք այն չափանիշներին, որ օտարազգիներն են այդ վերնագրի տակ փորձում տեսնել)։
Եթե մեզ խիստ յուրահատուկ թերություններն ու արատները պահպանելու խնդիր չունենք, ապա ազգային արժեքների ու դրական յուրահատկությունների կորստով մեր ինքնությունը, տիպն ու տեսակը կվերանա։ Այսօր բազմաթիվ մարտահրավերների մեջ, որ կանգնած են Հայաստանի առջեւ՝ Ղարաբաղի հարց, երկրի, ժողովրդի պաշտպանություն, տնտեսական, սոցիալական եւ բազմաթիվ այլ դժվարություններ, մեր ինքնության, ազգային տիպի, տեսակի պահպանումը կարեւորագույնն է։ Որովհետեւ, եթե դա կորցրինք, էլ ինչների՞ս է պետք պետականությունն ընդհանրապես, ի՞նչ տարբերություն՝ ինչպիսի միջավայրում, ինչպիսի պետության, ժողովրդի մեջ կապրենք։ Եվ այսօր այդպես էլ լինում է՝ գաղթում ու ապրում են՝ որտեղ հնարավոր է քիչ թե շատ բարգավաճ ապրել, եւ հաջողակներն իրենց երջանիկ են զգում։ Իհարկե, որոշակի կարոտ, հիշողություն կա, որովհետեւ մեռնելիս՝ կտակում են Հայաստանում թաղվել։ Բայց այդ, կարոտն ու թաղման կտակը մի սերնդի է հուզում, նրանց հաջորդողներն այդ հարցն էլ չունեն։
Դուք կասեք՝ միշտ այդպես է եղել, միշտ էլ հայերը գաղթել են, համայնքներ կազմել, եկեղեցիներ, դպրոցներ կառուցել, նրանց հաջողվել է պահպանել ազգային ինքնությունը, եւ այսօր էլ նույնն է, ի՞նչ տարբերություն…
Մեծ տարբերությունն այն է, որ առաջ գաղթել են մի երկրից, որ Օսմանյան կայսրության կամ Ցարական Ռուսաստանի, Խորհրդային Միության, Պարսկաստանի կամ Բյուզանդիայի մաս էր կազմում, արաբների կամ մոնղոլների, թաթարների, որեւէ մեկի տիրապետության տակ էր, իսկ այսօր գաղթում են իրեն ազատ ու անկախ հռչակած՝ Հայաստանի Հանրապետությունից։ Եվ ներկա ու անցյալ գաղթողների միջեւ առերեւույթ գուցե ոչ էական, բայց խորքային շատ կարեւոր մի տարբերություն կա, այն, որ եթե առաջ այդ մարդիկ իրենց հայրական օջախները լքել են բնաջնջման կամ դավանափոխման սպառնալիքի տակ, նաեւ, ինչպես հիմա, տնտեսական, նյութական դժվարություններից ու անարդարությունից են փախել, այդ փախուստի, գաղթի պատճառը համարել են օտարին, թշնամուն։ Գաղթել, փախել ու շարունակել են պայքարել այդ օտարի, նվաճողի, թշնամու դեմ եւ պայքարի նրանց հասու ամենազորեղ միջոցը սեփական, հայրական, ազգային հավատքը, լեզուն, մշակույթը, ազգային տիպը, տեսակը, ինքնությունը պահպանելու մեջ են տեսել, այդ ամենը բնաջնջողի, վերացնողի դեմ այդ ամենը պահպանելով ու զարգացնելով են պատերազմել։ Իսկ հիմա ինքն իրեն ազատ, անկախ հռչակած Հայաստանից գաղթողներն իրենց գաղթական դառնալն արդարացնող օտար, թշնամի չունեն, երբեմն շատ անհրաժեշտ՝ քավության նոխազ չունեն, երբեմն օտարների ու սեփական երեխաների առջեւ արդարանալով՝ ստիպված են փնովել Հայաստանը, երբեմն ազգակիցների վատ արարքների պատճառով օտարներից ամաչել, որ հայ են ու ամեն ինչ անել հայությունից, հայությանը բնորոշ ամեն ինչից, նույնիսկ «յան» մասնիկից ազատվելու համար։ Սա հոգեբանական առումով էական տարբերություն, շերտավորում է առաջացնում ազատ, անկախ Հայաստանի Հանրապետությունից գաղթողների եւ մյուս սփյուռքահայերի միջեւ։
Ոմանք կհակաճառեն, ասելով, որ գաղթականությունը նախ եւ առաջ հայի, մեր ազգային տիպի, տեսակի մեջ նստած օտարամոլության արդյունք է, մագաղաթագիր փաստեր կբերեն, որ հայերը գաղթել են ոչ միայն ներկա անկախ Հայաստանից, այլեւ Կիլիկյան թագավորությունից, Բագրատունիների վսեմաշուք Անիից, նույնիսկ Երվանդունիների, Արշակունիների Հայաստանից։ Բայց այդ ժամանակների, դարերի ընթացքում մենք շատ բան ենք կորցրել՝ հող, երկիր, ժողովուրդ, պետականություն, թե՛ տարածքով ենք սեղմվել, թե՛ մարդաքանակով։ Եվ եթե Արշակունիների, Երվանդունիների, Բագրատունիների, Արծրունիների Հայաստանը չի եղել երկիր, պետություն, ուր ցանկանար ապրել ողջ հայությունը, չի նշանակում, որ այսօր բնականոն համարենք այս իրավիճակը՝ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, Սփյուռքը, ընդհանրապես, Հայաստանի անկախության տարիներին անչափ աճել է։
Շարունակելի