Լրահոս
Օրվա լրահոսը

Լիազորն ինքն իրեն տեղեկանք է տվել

Սեպտեմբեր 21,2007 00:00

Օրերս «Առավոտը» բողոք էր ստացել Գյումրիի փոխքաղաքապետի հորեղբոր թոռից՝ Անուշավան Ավետիսյանից: Նա տեղեկացնում էր, որ իր պապենական տանը բռնի կերպով տիրացել է Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի տնօրենը՝ նկարիչ Գարիկ Մանուկյանը:

Վերջինս, առանց Ա. Ավետիսյանի համաձայնության, այն քանդել ու միավորել է նույն բակում գտնվող իր հոր տան հետ: Անուշավան Ավետիսյանի պատմելով, իրենց «ընդհանուր» պապը՝ Տիգրան Ավետիսյանը, ժամանակին Հանեսօղլյան 41 հասցեում գտնվող իր տարածքը բաժնեթերթով բաժանել է իր որդիների միջեւ, որից մի գոմ էլ հասել էր իրենց, որը եւ տուն էին դարձրել: Ու թեեւ Ա. Ավետիսյանի ծնողները ժամանակին տեղափոխվել էին այլ բնակարան, սակայն պապենական տանը թողել էին հորական տատին՝ Մարիամ Ավետիսյանին, ով էլ փաստացի մինչեւ 80-ականների կեսերը բնակվել է վեճի առարկա դարձած տանը: Ա. Ավետիսյանն ինքն իր ձեռքով հիմնավերանորոգել է տունը ու մուծել բոլոր վարձավճարները: Որոշ ժամանակով արտասահմանում ապրելուց ու վերադառնալուց հետո իր ազգականը՝ Գարիկ Մանուկյանը, «սյուրպրիզ» է արել՝ իրենց տունը քանդելով ու իր հոր տան հետ համատեղ մի շքեղ ապարանք կառուցելով: «Էնքան զարմացա, որ նման բան է արել, երբ հարցրի ինչի՞ համար, ո՞ր իրավունքով, չէ՞ որ դու երբեւէ այստեղ չես բնակվել, նա ցույց տվեց Գյումրիի նոտարական գրասենյակի կողմից իրենց տրված իրավունքի վկայագիրը, ըստ որի, նրա հայրը՝ Գեւորգ Ավետիսյանը, ժառանգություն է ընդունել ամբողջական տան նկատմամբ: Փաստորեն, նոտարին ընդհանրապես չի հետաքրքրել, որ կան այլ ժառանգներ եւս, պապը տունը բաժանել էր որդիների միջեւ, մեր դարավոր գույքը այնտեղ է տեղադրված: Թեեւ ասեմ, որ ժառանգությունն ընդունած փոխքաղաքապետի հայրը՝ Գեւորգ Մանուկյանը, այդ տանը չի բնակվել, ես ունեմ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ նա հաշվառված է եղել լրիվ ուրիշ հասցեում, սակայն կատարել է կեղծիք, քանի որ ինքը եղել է թաղային լիազորը: Պատկերացնու՞մ եք, ինքն իրեն տեղեկանք է տվել այն մասին, որ փաստացի բնակվում է Հանեսօղլյան 41 հասցեում»,- դժգոհում էր Անուշավան Ավետիսյանը:

Իսկ ամենից շատ նա դժգոհ էր Շիրակի մարզի առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանների վճիռներից: Ըստ բողոքավորի, օրինակ, նրանք վախեցրել են «իր վկաներին», ովքեր աշխատանքը կորցնելու վախից չեն ներկայացել դատարան: Իսկ քաղաքացիական վերաքննիչ դատարանում, ըստ Ա. Ավետիսյանի, դեռ դատը չսկսած, դատավոր Նոյեմ Հովսեփյանը նախագահող դատավոր Տիգրան Սահակյանին ասել է. «Ի՞նչ ես երկարացնում, արի հենց էսօր էլ վերջացնենք»: Ասլամազյան քույրերի տուն- թանգարանի տնօրեն Գարիկ Մանուկյանն «Առավոտին» ասաց. «Ես չեմ հասկանում, ինչի՞ համար է բողոքում Անուշավանը, երբ դատերը ընթացել են օրենքի ճիշտ տառով: Ոչ մեկը մեղավոր չէ, որ իր պապը ժամանակին բաց է թողել ժառանգություն ստանալու իրավունքը, հետեւաբար եւ այն չի փոխանցվել իր կնոջն ու երեխաներին: Անուշավանի պապը փաստացի այդ բակում չի բնակվել, քանի որ նա, բացի իր կնոջից, այլ կին էլ է պահել, նրան բակից դուրս են արել: Իսկ որ Անուշավանը պնդում է, թե իր տատը՝ Մարիամը, մինչեւ 80-ականների կեսերը բնակվել է այդ տանը, դա իրականությանը չի համապատասխանում, տատն էլ իրենց հետ տեղափոխվել է Իսահակյան 53 հասցե: Եվ հետո միայն իմ հայրս չէ, որ թաղի լիազոր է եղել, իր տատն էլ եղել է ներտնային թաղի լիազոր ու չգիտես ինչ ճանապարհով, առանց մեր տեղեկության, մի քանի անգամ դուրս ու ներս է գրվել տան գրանցամատյանից: Իսկ մենք 30 տարուց ավելի վճարել ենք այդ տան կոմունալ վարձերը՝ հողահարկերն ու գույքահարկերը: Եղբորս էլ թող հանգիստ թողնեն, նա այստեղ ոչ մի կապ չունի, կրակն ընկա՞վ, որ փոխքաղաքապետ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել