Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատերազմի ժամանակ պայմանագրեր չեն բաժանում

Սեպտեմբեր 21,2007 00:00

Ասում է 1992-95թթ. ռազմարդյունաբերական համալիրի աշխատակից Ավիկ Օհանյանը

– Մեզ հայտնի է, որ դուք մասնակցում էիք Հայաստանում փամփուշտի արտադրության կայացման գործին:

– 1992-95-ին ես աշխատում էի ՀՀ արդյունաբերության նախարարությունում՝ Ռազմարդյունաբերության վարչության աշխատակից էի: Համակարգում էի զենք արտադրող գործարանների համատեղ աշխատանքը: Գործարաններից մեկում արտադրում էինք փամփուշտ: Սակայն արտադրական պրոցեսին խանգարում էր մարդու միջամտությունը եւ անհրաժեշտ տեխնիկական ճշտությունը չէր ապահովվում: Խորհրդային միությունում 50-ականներին կար «Կալաշնիկով» ավտոմատի փամփուշտի արտադրություն՝ հայտնի պրոֆեսոր Կոշկինի հոսքագծերի համակարգով: Մեր կապերով պարզեցինք, որ միջինասիական հանրապետություններից մեկում կա վերոհիշյալ հոսքագծերի համակարգի պահեստային օրինակը: 1992-ի դեկտեմբերին ես դիմեցի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանին՝ այդ համակարգը ձեռք բերելու առաջարկով: Նա ասաց. անհրաժեշտ փոխանցումներ կանենք՝ 17 մլն ռուբլի, որը կազմում էր շուրջ 20 հազար ԱՄՆ դոլար. «Անհրաժեշտ կանխիկ գումարը ինքդ փորձիր հայթայթել, համակարգը կմտնի Հայաստան՝ կվերադարձնենք»,- հավատացրեց նախարարը:

– Համակարգը ե՞րբ մտավ Հայաստան:

– Այս պատմությունը շատ երկար է: Համակարգը 9 վագոն բեռ էր: 1993-ի հունվարի 28-ին այն տեղավորվեց Կրասնոդարի բազայում՝ Հայաստանի կողմից վարձակալած տարածքում: 1993-ի հունիսին այն արդեն Հայաստանի Հանրապետության սեփականությունն էր, ինչը վկայող բոլոր փաստաթղթերի պատճենները հանձնել եմ գեներալ Յուրի Խաչատուրովին: 22 ամիս պահանջվեց, այն էլ իմ ջանքերով, որ համակարգը տեղափոխվի Հայաստան: 1994-ի հոկտեմբերի 16-ին այն տեղափոխվեց «Նեյտրոն» գործարան: Նշեմ, որ այդ 22 ամիսների ընթացքում հոսքագիծը «խնամվել» է միայն իմ կողմից: Դաշնակցության հայտնի դեպքերից հետո մի քանի օրով ձերբակալվեցի ու դրան հետեւեց աշխատանքից իմ ազատվելու հրամանը:

– Հոսքագծի ձեռքբերման ծախսե՞րն էլ եք դուք կատարել:

– Այո, եւ այն այսօրվա հաշվարկներով կազմում է 60 հազար ԱՄՆ դոլար: Վերջերս «Նեյտրոն» ՓԲԸ-ն աճուրդի միջոցով օտարվեց: Ես հաստատում եմ. իմ արած գործը գործարքի առարկա դարձավ եւ ես իրավունք ունեմ պահանջելու իմ մասնաբաժինը, որը կազմում է լուրջ գումար: Բնականաբար, նման պահանջ չեմ ներկայացնում, ելնելով պետության շահերից: Սակայն պահանջում եմ ինձ փոխհատուցել այն ծախսերը, որոնք կատարել եմ:

1997-ի հունվարին կրկին դիմեցի պաշտպանության նախարարին: Նամակում առկա էին 1992-95թթ. ռազմարդյունաբերական համալիրի բոլոր պատասխանատու աշխատակիցների վկայությունները՝ իրենց ստորագրություններով: Այն պետք է փարատեր գեներալ Խաչատուրովի կասկածներն իմ գործունեության վերաբերյալ: Գեներալից ստացա պատասխան գրություն, որտեղ նա ինձ խորհուրդ է տալիս, որ դիմեմ այն նախարարությանը, որի ենթակայության տակ էր «Նեյտրոն» գործարանն իմ գործունեության տարիներին:

– Պրն Օհանյան, ի՞նչ եք պատրաստվում անել այսքանից հետո:

– Չեմ կողմնորոշվում: Փաստորեն, բավական հետաքրքիր զինվորական ճանապարհ անցած մեր բանակի գեներալից ստացել եմ պարզ, գերատեսչական չինովնիկի պատասխան: Գեներալը ինձ պաշտոնապես հայտնել է, որ «վճարման պայմանները նախատեսվում են պայմանագրերով, որոնք չկան»: Բայց պատերազմի ժամանակ պայմանագրեր չեն բաժանում: Ամեն ինչ արվում է ինքնաբուխ, նվիրումով:

– Իսկ այդ դեպքում խնդրի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

– Վարչապետը եթե մի փոքր հետեւողական լինի՝ հնարավոր է խնդրի լուծումը:

Զրուցեց Ռ. ՄԻՆԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930