Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՆՁ ՕԳՆԵԼՈՒ ԵՆ ՈՐՊԵՍ ԶՈՀՎԱԾԻ՞, ԹԵ՞ ՎԻՐԱՎՈՐԻ»

Սեպտեմբեր 21,2007 00:00

Հարցնում է պատերազմի ժամանակ իր ընտանիքը կորցրած ազատամարտիկը

Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 54-ամյա բնակիչ Խաչատուր Կիզողյանը 1989-ից մասնակցել է հայրենիքի պաշտպանության մարտերին: Վիրավորվել է երեք անգամ: 2-րդ կարգի հաշմանդամ է: ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ 1992թ. օգոստոսի 2-ին զոհվել են կինը՝ Ալվարդ Կիզողյանը, որդին՝ Զոհրապը, դուստրը՝ Արուսյակը: Մյուս որդին՝ Սոսը, վիրավորվել էր: Վերջինս 3-րդ կարգի հաշմանդամ է: Ռմբակոծությունից քանդվել է Կիզողյանի տունը: Չկա տան 2-րդ հարկը, տանիքը, տանը հասցված վնասը կազմել է 14.500.000 դրամ:

Խ. Կիզողյանը 1999-ից դիմում է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ իրեն հասցված վնասների փոխհատուցման խնդրանքներով: Ինչպես ինքն է տեղեկացնում, անձամբ հանդիպել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ (հիշում է նրանց ազգանունները՝ Սահակյան, Մուրադյան, Խաչատրյան, ինչպես նաեւ ՀՀ ՊՆ վարչական ապարատի իրավաբանական վարչության պետ Ս. Սեդրակյան), խնդրել է ընդունելություն նախարարի մոտ: «Ամեն անգամ ինձ խաբում էին, ասելով՝ հարցդ կլուծվի: Ասում էին, որպես եզակի դեպք՝ տասը օրում կլուծվի: Ինձ գրավոր չեն պատասխանել մինչ օրս, ինչն առնվազն վիրավորական է»,- ասում է Խաչատուր Կիզողյանը: «Ի վերջո, խնդրում եմ պատասխանել. տանս վնասները փոխհատուցվելո՞ւ են, թե՞ եւս 15 տարի պետք է սպասեմ»,- հարցնում է ազատամարտիկը:

Պաշտպանության նախարարությունը «իրավաբանական» օգնություն է ցույց տվել հաշմանդամ ազատամարտիկին, խորհուրդ տալով, թե նա կարող է դիմել տեղական ինքնակառավարման մարմնին՝ որպես անօթեւան, զոհված զինծառայողի ընտանիք բնակհաշվառման վերցվելու համար: ՊՆ իրավաբանը նաեւ տեղեկացրել էր, թե բնակպայմանների բարելավման կարիք ունեցող զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների անվանացուցակները Տավուշի մարզպետարանն ուղարկում է նախարարություն, որտեղ համապատասխան հանձնաժողովը որոշում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն տալ նման կարգավիճակ ունեցող ընտանիքներին:

Տավուշի ողջ մարզը գիտի այս ազատամարտիկի ընտանիքի կորուստների, նաեւ հայրենիքին մատուցած ծառայությունների մասին: Սակայն ազատամարտիկի հաշվառման անհրաժեշտության մասին մարզպետարանն ու նախարարությունը չեն հոգացել 15 տարի շարունակ: «Ես խնդրում եմ լուծել ինձ հասցված վնասների փոխհատուցման հարցը, մինչդեռ առաջարկում են սահմանված կարգով դիմել անհատույց ֆինանսական աջակցություն ստանալու համար»,- ասում է Խ. Կիզողյանը: Նա խնդրում է չստորացնել իրեն: «Մի՞թե իմ դիմումների ու խնդրանքի բովանդակությունն անհասկանալի է»,- հարցնում է նա:

Չինովնիկների գութը շարժելու նպատակով Այգեձոր գյուղի բնակիչները ստորագրություն են տվել այն մասին, որ հայ-ադրբեջանական ընդհարումների ժամանակ ավերվել է Խաչատուրի տունը եւ որ այն մինչ օրս գտնվում է կիսավեր, անավարտ վիճակում: Ազատամարտիկն «Առավոտ» էր բերել իրեն եւ որդուն՝ Սոսին, ՀՀ նախագահի կողմից շնորհված «Մարտական ծառայության համար» մեդալները, զոհված կնոջ, դստեր եւ տղայի «Արիության համար» մեդալները՝ դարձյալ պետության ղեկավարի կողմից շնորհված: Խաչատուր Կիզողյանը ստիպված դիմել է ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարություն, որպես սոցիալապես անապահովի՝ վարկ տրամադրելու համար, որպեսզի տունը բարեկարգի: Գլխավոր գանձապետ Ա. Ջանջուղազյանը պատասխանել է. «Պետական բյուջեի մասին» օրենքի ծախսային հոդվածում Ձեր կողմից նշված նպատակների համար վարկի տրամադրում նախատեսված չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել