Իսկ «Հայաստան» հիմնադրամը՝ դատախազ Ջոն Ֆարխոյան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում է գտնվում Պուշկին-Եկմալյան խաչմերուկի հատվածի Պուշկինի 43, 49 եւ Եկմալյան 6 շենքերի բնակիչների (Նաիրա Գրիգորյանի, Անահիտ Զաքարյանի) ու եւս 100 քաղաքացիների հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն թաղապետարանի՝ առուվաճառքի պայմանագիրը եւ դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 13-ի թիվ 2128-Ա որոշմամբ՝ Երեւանի քաղաքապետին թույլատրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանձնել Երեւան քաղաքի «Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածից 1600 քմ հողամաս՝ անհատական բնակելի տների շինարարության նպատակով, եւ Երեւանի Պուշկինի ու Եկմալյան փողոցների խաչմերուկին հարող տարածքից 200 քմ հողամաս՝ հասարակական նշանակության կառույցի շինարարության նպատակով: Հիմնադրամին այդ տարածքները տրամադրվել են առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 տարի ժամկետով:
Դրանից հետո Երեւանի քաղաքապետարանի եւ «Հայաստան» հիմնադրամի միջեւ կնքվել են հողի վարձակալության պայմանագրեր, դրանից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում (անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման 10.04.2003թ. NN 0035488 եւ 0035487 վկայականներ): Հիմնադրամն իր հերթին Երեւանի Շենգավիթ համայնքի դատախազ Ջոն Ֆարխոյանի հետ կնքել է NN 2462 եւ 2463 վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագրեր, իսկ Երեւանի քաղաքապետարանից ստացվել են հողամասերի վարձակալության պայմանագրերն ու վարձակալության իրավունքի գրանցման վկայականները: 2003-ին Երեւանի քաղաքապետի եւ դատախազ Ջոն Ֆարխոյանի միջեւ կնքվել են հողամասերի ուղղակի վաճառքի պայմանագրեր, ըստ էության՝ մոռացվում է հասարակական նշանակության կառույցի մասին: Չանցած մեկ տարի, Ջոն Ֆարխոյանը նշված հողամասը վաճառում է Վախթանգ Մելիքյանին:
Վերոհիշյալ հայցով դատարանը պատասխանող է ճանաչել ոչ միայն դատախազ Ջոն Ֆարխոյանին, այլեւ ՀՀ կառավարությանը, քաղաքապետարանին, թաղապետարանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը: Բնակիչները պահանջում են, որ ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետի վերը նշված որոշումները, վարձակալության իրավունքի օտարման եւ հողամասի օտարման պայմանագրերը, ճարտարապետահատակագծային առաջադրանքն ու շինարարության թույլտվությունը ճանաչվեն անվավեր: Քաղաքացիները հիշեցնում են հայրենի կառավարությանը, որ, ըստ ՀՀ Սահմանադրության փոփոխված տարբերակի 31 հոդվածի. «Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը»:
Հայցվորները նշում են, որ իրենց կենսապայմանները բավարար լինել չեն կարող, իրենց երեխաներն ու թոռները զրկված են խաղահրապարակից, ավտոմեքենաները կայանատեղ չունեն եւ այլն: «Արդեն երկար տարիներ երեխաների խաղահրապարակ էր դարձել մեր շենքերից մոտ 10 մետր հեռավորությամբ գտնվող կանաչ կղզյակը, որը մեր կողմից ցանկապատվել էր, որպեսզի երեխաները խաղալիս ինքնաբերաբար փողոց չվազեն, ինչպես նաեւ տնկվել էին բազմամյա տնկիներ: Նշված խաղահրապարակը Երեւանի քաղաքապետի վիճարկվող որոշումներով տրվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ այդտեղ վարչական շենք կառուցելու նպատակով, այնուհետեւ օտարվեց, որով էլ ավելի վատթարացան հայցվորներիս պայմանները:
Նշվածից հետեւում է, որ վիճարկվող որոշումներն ու քաղաքաշինական մյուս փաստաթղթերն ուղղակի ազդում են հայցվորներիս կենսագործունեության միջավայրի վրա»,- գրում են քաղաքացիները: