Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՎՈ ՌԱՖԻՑ» ՄԻՆՉԵՎ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Սեպտեմբեր 21,2007 00:00

\"\"Հարցազրույց լրագրող Սերգեյ Գալոյանի հետ

– Պրն Գալոյան, դուք հայտնի եք կրիմինալ աշխարհին նվիրված մի շարք գրքերով՝ «Մարինա» (1996թ.), «Գողերի աշխարհը» (1997թ.), «Ուռկանի մեջ թպրտացող ձկներ» (1997թ.), «Գայլի թակարդ» (2004թ.): Իսկ «Առեղծվածային Սվո Ռաֆը»՝ Ռաֆայել Բաղդասարյանի մասին պատմող գիրքը պատճենահանված ընթերցվում է մեր բոլոր ազատազրկման վայրերում: Կարիք կա՞ր մոտենալ այդ թեմաներին:

– Իհարկե կար, որովհետեւ շատուշատ հրապարակումներում կողմնակի վերաբերմունք էր դրսեւորվել:

– Նոր փաստեր հայտնաբերե՞լ եք: Որտեղի՞ց, ի՞նչ ճանապարհով:

– Միջազգային կրիմինալի պատմության ուսումնասիրությունը շատ բան է տալիս ինձ: «Ատոլլ» կազմակերպության մասին պատմող նյութերում, որոնք ինձ են ուղարկում հանցաշխարհի գիտակ մոսկվացի իմ բարեկամները, հրեական աշխարհի երկու հզորներ՝ Բերեզովսկին ու Աբրամովիչը, 1996-ին զրուցում են Ռուսաստանի իրական իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու հնարավորությունների մասին: Բերեզովսկին կարեւոր նախապայման է համարում տեղեկատվության ամբողջական տիրապետումը: Աբրամովիչը տարակուսում է. «Դրա համար հսկայական գումարներ կպահանջվեն՝ մարդկանց կաշառելու, իշխանության վերին օղակներում շրջանառվող տեղեկատվությունը «դուրս քաշելու» համար»: Բերեզովսկին քմծիծաղում է. «Փողերի կարիք չկա: Պետք է ուշադիր հետեւել մամուլին եւ հեռուստատեսային հաղորդումներին»: Ինքս այդպես եմ վարվում. հետեւում եմ այս յուրօրինակ աշխարհի գրեթե բոլոր դրսեւորումներին:

– Հայաստանի կալանավայրերում կարդում են ձեր «Առեղծվածային Սվո Ռաֆը» գրքի պատճենահանված օրինակները: Որքան էլ զարմանալի է, այդ եւ կրիմինալ աշխարհի մասին այլ գրքեր այսօր պահանջարկ ունեն:

– Դրանում որեւէ սարսափելի բան չպետք է տեսնել: Տասնամյակներ շարունակ Խորհրդային Միություն կոչվող երկրում կամ ընդհանրապես չէր խոսվում իշխանական-պետական բուրգի ամենավերին հարկերում տեղավորված եւ, փաստորեն, իրական իշխանություն իրականացնող կրիմինալի մասին կամ տպագրվում էին «քննիչների նոթեր», «միլիցիական հերոսապատումներ»: Ինչպես ամեն ինչում, այստեղ եւս կեղծիք էր: Հենց այդ պատճառով ոչ ոք չէր գիտակցում իրական վտանգը:

– «Սվո Ռաֆի» գրքից հետո Ձեր նկատմամբ հետապնդումներ եղե՞լ են:

– Ոչ «Գողերի աշխարհը», ոչ «Գայլի թակարդի» եւ Սվոյի համար հետապնդում չի եղել: Այլ բան է, որ ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում Մնացական Զորաբյանը իր «Ավանգարդ» թերթում արտատպել է Սվո Ռաֆի գիրքը՝ առանց իմ գրավոր թույլտվության: Այս պահին բանակցում եմ փաստաբանների հետ՝ դատարան դիմելու, հեղինակային իրավունքների խախտման համար նրա դեմ հայց հարուցելու գործով: Մեկ այլ հետաքրքիր պատմություն. 2004-ին Հանրային հեռուստատեսության «Քրեական պատմություններ» հաղորդաշարով հեռարձակվեց «Կրակե շապիկ հագած մարդու մահը» տեսանյութը, որի սցենարի հեղինակը ես էի: Վարդգես Պետրոսյանի մահվան պատվերը տված Սոնա Տիգրանյանը դիմեց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, նախկին գլխավոր դատախազ Ա. Թամազյանին, նախկին արդարադատության նախարար Դ. Հարությունյանին՝ ինձ պատասխանատվության ենթարկելու համար: Տեսանյութը պատրաստված էր Վարդգես Պետրոսյանի սպանության առթիվ հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա: Երբ Հայաստանի իշխանությունները անպատասխան թողեցին այդ մանկամիտ հայտարարությունը, Տիգրանյանը նույն խնդրանքով դիմեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերին:

– Այս օրերին հետաքրքրություն է առաջացել «Պարույր Սեւակ. զուտ սովետական սպանություն» ձեր գրքի շուրջ: Ինչո՞ւ:

– Հեռուստաընկերություններից «Շանթին» հյուրընկալած մի տղա, որը հրատարակել է Սուլամիթա Ֆրիդբերգ-Ռուդնիկի եւ Պ. Սեւակի խիստ անձնական նամակները, վերջերս հայտարարեց, թե նոր գիրք է գրել Սեւակի մասին եւ որ, ըստ իր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերի, Սեւակը ՊԱԿ-ի գործակալ է, քանի որ, ըստ այդ տղայի տրամաբանության, բանաստեղծը որոշ ժամանակ աշխատել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեում:

– Մի՞թե կգտնվեն փաստաթղթեր, որոնք կհաստատեն ասվածը:

– Ցանկության դեպքում կարելի է սարքել:

– «Հրամայված է սպանել- 1» ձեր գիրքը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության մասին է: Այն կարելի՞ է լրագրողական հետաքննություն համարել:

– Ես ուսումնասիրող եմ եւ փորձում եմ բացել առանձին գաղտնիքների վրա փռված ծածկոցը: Հետաքննության ժանրի մասին Հայաստանում առայժմ վաղ է խոսելը:

Մեր թերթի իրավական թեմաներով հավելվածում շարունակաբար կանդրադառնանք «կրիմինալ» ժանրի հայալեզու գրականությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել