Բայց ոչ մի պատիժ չի կրել
Արմեն Կնյազեւը 2005թ. օգոստոսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ պատահական ծանոթանալով Արուսյակ Թեւանյանի հետ ու տեղեկանալով, որ վերջինս եւ նրա մորաքրոջ դուստր Ասյա Հարությունյանը ԱՄՆ մեկնելու մերժում են ստացել, մտադրվել է խաբեությամբ նրանցից գումար հափշտակել: Իր նպատակը իրականացելու համար Կնյազեւը Ա. Թեւանյանին հայտնել է, թե իբր աշխատում է ԱՄՆ-ում, այնտեղ ունի գրասենյակ, որի միջոցով ԱՄՆ մուտքի հրավերներ կուղարկի, որի հիման վրա ԱՄՆ դեսպանատունը վիզաներ կտրամադրի նրանց: Օրեր անց Կնյազեւը գնացել է Արուսյակ Թեւանյանի բնակարան ու նրան հավաստիացրել, որ ելքի թույլտվության վիզաներ կարող է ձեռք բերել $2000-ական տալու պայմանով եւ որ ամեն ինչ կատարվելու է օրինական ճանապարհով: Ասյա Հարությունյանը նույնպես համաձայնել է Ա. Կնյազեւի առաջարկին եւ պարտավորվել է $2000 տալ: Օգոստոսի 26-ին տուժողները կրկին հանդիպել են Կնյազեւին, որի հետ եղել է նաեւ նրա փաստաբան Անտոն Ղազարյանը, վերջինս Կնյազեւի եւ Հարությունյանի միջեւ կազմել է պայմանագիր, ըստ որի՝ Ա. Կնյազեւը $4000 ստանալով, պարտավորվում է տուժողների անվամբ ձեռք բերել ԱՄՆ մեկնելու թույլտվություն: Կնյազեւը այդ գումարից առձեռն, որպես կանխավճար, փաստաբանին տվել է $400:
Կեղծ վիզաներ պատրաստելու նպատակով Ա. Կնյազեւը դիմել է իր ծանոթ, «Ամնետ» ինտերնետ ակումբի օպերատոր-դիզայներ Սիմոն Սահակյանին, վերջինիս առաջարկել է համակարգչով, 400 ԱՄՆ դոլար վարձի դիմաց կատարել այդ աշխատանքը: Համակարգչի օգնությամբ Ս. Սահակյանը ինտերնետից քաշել է պատահական անձանց ԱՄՆ մեկնելու թույլտվության վիզաները, դրանցից մեկի տվյալները եւ լուսանկարը փոխարինել է Ա. Թեւանյանի տվյալներով ու լուսանկարով: Ստացված վիզաները գունավոր տպիչով արտատպել է Թեւանյանի անձնագրի 9-րդ էջում եւ այդ անձնագիրը հանձնել է Կնյազեւին: Նույն եղանակով պատրաստել ու ամրացրել է Ա. Հարությունյանի կեղծած վիզան, սակայն չի հասցրել հանձնել Կնյազեւին, քանի որ կատարված կեղծիքը բացահայտվել է ոստիկանության կողմից:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա. Կնյազեւը իր մտադրությանը օրինական տեսք տալու եւ վստահություն ներշնչելու համար այդ գործարքին որպես փաստաբան ներգրավել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անտոն Ղազարյանին: Վերջինս տուժողներին հայտնել է, որ Կնյազեւը իրոք ԱՄՆ դեսպանատնից կարող է օրինական ճանապարհով վիզաներ ձեռք բերել: Այսպիսով, Ղազարյանը, խախտելով «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքի 6 եւ 20 հոդվածների պահանջները, առանց վստահորդ Ա. Կնյազեւի հետ գրավոր պայմանագիր կնքելու, այդ գործարքի մեջ ներգրավվելով որպես փաստաբան, կողմերի միջեւ կազմել է ակնհայտ անօրինական պայմանագիր՝ $4000-ի դիմաց ԱՄՆ մեկնելու թույլտվության վիզաներ տրամադրելու մասին: Մինչդեռ գաղտնիք չէ, որ ԱՄՆ մեկնելու թույլտվության վիզաները տրամադրվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից՝ հարցազրույց անցկացնելուց հետո: Չնայած այս ամենին, նախաքննությունն իրականացնող քննիչ Ա. Սարգսյանը նշել է. «Չնայած փաստաբան Ա. Ղազարյանի կողմից դրսեւորած վարքագիծը Ա. Կնյազեւի համար նպաստավոր պայմաններ է ստեղծել խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու գործում, սակայն քննությամբ հիմնավորվել է, որ Ա. Ղազարյանը Ա. Կնյազեւի հանցավոր մտադրության մասին տեղյակ չի եղել եւ վերջինս էլ խարդախությամբ գումար հափշտակելու մասին նրան ոչինչ չի հայտնել, հետեւաբար նման պայմաններում բացակայում է հանցակազմը»:
2005թ. դեկտեմբերի 21-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Ժ. Վարդանյանի նախագահությամբ, Ա. Կնյազեւին դատապարտել է 3 տարի ժամկետով, Ս. Սահակյանի նկատմամբ պատիժ է նշանակել 11 ամիս 28 օր եւ որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել եւ նշանակել մեկ տարի փորձաշրջան: Տուժողների գումարները բռնագանձվել է Ա. Կնյազեւից: 2006թ. նույնն է վճռել նաեւ վերաքննիչ դատարանը: «Մեր կարծիքով, այդ քրգործով, որով վճռվել է, որ մեր օգտին միայն Ա. Կնյազեւի միջոցներից պետք է բռնագանձվի 3000 դոլար (տված գումարից 400 դոլար վերադարձրել է փաստաբանը, 400 դոլար՝ Կնյազեւը, 200 դոլար էլ՝ Ս. Սահակյանը- Գ. Բ.) սխալ էր, մեզ հասցված վնասը պետք է վերականգնվի թե երկու ամբաստանյալից եւ թե փաստաբան Ա. Ղազարյանից, որը տվյալ գործով հանդիսանում էր որպես վկա»,- նշեց Ա. Հարությունյանը:
Նշենք, որ փաստաբան Ա. Ղազարյանի հարցը նույնիսկ չի ներկայացվել ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը եւ նրա նկատմամբ որեւէ տույժ չի կիրառվել: