Դրանք «խթանում» են ավազակային հանցագործությունները
2004-ից սկսած՝ հանրապետությունում գրանցվել է ավազակային հարձակման 640 դեպք, որից 420-ը կատարվել է Երեւանում, իսկ 220-ը՝ մարզերում: Չբացահայտված ավազակային հանցագործություններից 93-ը կատարվել է բնակարաններ մուտք գործելով, 67-ը՝ փողոցում, 11-ը՝ բենզալցակայաններում, 14-ը՝ խաղատներում, 9-ը՝ տարադրամի փոխանակման կետերում, մնացածը՝ այլ վայրերում:
Չբացահայտված ավազակային հարձակման 117 դեպք կատարվել է հանցավոր խմբերի կողմից, այդ թվում 82-ը՝ Երեւանում, 35-ը՝ մարզերում: Հրազենի գործադրմամբ կատարվել են 112, դանակի գործադրմամբ՝ 56 ավազակային հարձակումներ: Չբացահայտված դեպքերով տուժած քաղաքացիներին պատճառվել է ավելի քան 314 մլն դրամի եւ 310 հազար ԱՄՆ դոլարի նյութական վնաս:
Ավազակության դեպքերը շատ են հատկապես խաղատներում եւ խաղամոլության հետ կապված:
2007-ի փետրվարի 8-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի բնակիչ Դավիթ Բալայանը Եղվարդի խճուղում գտնվող «Կլեոպատրա» խաղատանը 400 հազար դրամ տանուլ տալուց հետո մեկնում է Նուբարաշեն եւ այնտեղ իր ընկերոջ՝ Արթուր Կիրակոսյանի հետ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրում է խանութի մետաղյա ճաղավանդակը եւ հափշտակում 210 հազար ընդհանուր արժողությամբ կոսմետիկայի, հիգիենայի պարագաներ եւ այլ իրեր:
Մայիսի 4-ին, ժամը 05.20-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասից Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհին գտնվող «ՄՋՄ» խաղատանը հնչել են կրակոցներ: Պարզվել է, որ «Մշուշ» մականվամբ 32-ամյա Մուշեղ Ղազարյանը, «Տրոյկա» մականվամբ 29-ամյա Լեւոն Տերտերյանը եւ «Սմերչ» մականվամբ 30-ամյա Ստեփան Մելիքյանը դիմակավորված, ինքնաձիգներով զինված ներս են մտել խաղատուն եւ հրազենի գործադրմամբ կատարել ավազակային հարձակում՝ հափշտակելով խաղատանը եղած 670 հազար դրամ գումարը: Կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ էր ստացել մենեջեր Կարեն Միրզոյանը:
Մայիսի 7-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ էր ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ է բերվել Նորք-Մարաշ թաղամասի 29-ամյա բնակիչ Տիգրան Խաչատրյանը: Վերջինս ոստիկաններին հայտնել էր, որ Նորք թաղամասում իրեն անծանոթ 3 հոգի ինչ-որ առարկայով հարվածել են գլխին եւ հափշտակել իր մոտ եղած 520 հազար դրամը եւ դիմել փախուստի: Իրականում պարզվել էր, որ Պետրոսյանը նախորդ օրը գիշերը Արգավանդի խճուղում գտնվող «Երեւան» խաղատանը տանուլ է տվել 500 հազար դրամ, որից հետո Հանրային հեռուստաընկերության հարեւանությամբ գտնվող Նորքի անտառում գլխով հարվածել է ծառին՝ վնասելով իրեն: