Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐՆ «ԱՆՀԱՍԱՆԵԼԻ» ԵՆ

Սեպտեմբեր 21,2007 00:00

\"\"Այդ պատճառով էլ հայ տուրիստները գերադասում են հանգստանալ Սեւ ծովի ափին եւ լցնել Վրաստանի բյուջեն

Այս տարի ամռան սկզբին որոշ բիզնեսմեններ, որոնք Ծաղկաձորում, Ջերմուկում, Սեւանում ու Հանքավանում հանգստյան տներ ու հյուրանոցային համալիրներ ունեն, հակագովազդային արշավ սկսեցին Վրաստանի հանգստավայրերի դեմ՝ նպատակ ունենալով կանխել հայ տուրիստների հոսքը դեպի այդ երկիր: Նկատենք, որ Սեւ ծովի ափին հանգստանալը հայերի վրա անհամեմատ էժան է նստում, ուստի, որպեսզի իրենց գործը չտուժի, հայ բիզնեսմենները, դեռ հանգստյան սեզոնը չսկսած, լուրեր էին տարածում, թե իբր ծովի ջուրը վարակված է եւ հարյուրավոր մարդիկ թունավորումով տեղափոխվել են հիվանդանոց: Այդուհանդերձ, այս ամռանն էլ, ինչպես «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրին մի շարք տուրիստական գործակալությունների աշխատակիցներ, հայ տուրիստների մեծ մասը հանգստացել է Բաթումում, Քոբուլեթիում եւ հատկապես Ուռեկիում: Այս տարվա օգոստոսին, Վրաստանում եղած ժամանակ պարզեցինք, որ զանգվածային թունավորումների դեպքեր ամենեւին էլ չեն եղել:

Ի տարբերություն Հայաստանի հանգստյան տների, որտեղ մեկշաբաթյա հանգիստը, ամենահամեստ հաշվարկներով, տուրիստներին արժենում է միջինը $300-350, Բաթումում, Քոբուլեթիում եւ Ուռեկիում անգամ 10-օրյա հանգիստը, ներառյալ ճանապարհածախսն ու օրական 3 անգամ սնունդը, 250 դոլարը չի գերազանցում:

Համեմատելու համար նշենք, որ Սեւանում ու Հանքավանում նվազագույն պայմաններով (ԽՍՀՄ-ի տարիների մահճակալ, սեղան-աթոռ, հեռուստացույց) մեկտեղանոց սենյակը, առանց կոմունալ հարմարությունների եւ առանց սննդի, օրը արժե 5-6 հազար դրամ: Ծաղկաձորում եւ Ջերմուկում գներն ավելի բարձր են. նույն հարմարություններով սենյակի վարձը մեկ օրվա համար 9 հազար դրամից է սկսվում: Վրաստանի հանգստավայրերում սենյակ կարելի է վարձել օրական 2 հազար դրամով: Ճիշտ է, այս դեպքում կոմունալ հարմարությունները համեմատաբար համեստ են եւ սննդի հարցերն էլ պետք է հոգան հանգստացողները, սակայն նկատենք, որ մեր հայրենակիցներից շատերը հենց այս պայմաններն էլ նախընտրում են: Նման պայմաններով սենյակներ հիմնականում առաջարկվում են վրացիների տուն-հյուրանոցներում, որտեղ լոգարաններն ու զուգարանները ընդհանուր են ամբողջ հանգստյան տան այցելուների համար: Բաթումում, Քոբուլեթիում եւ Ուռեկիում բարձրակարգ հանգստյան տներ էլ կան: Կոմունալ հարմարություններով, ներառյալ 3 անգամյա սնունդ, սենյակի օրավարձը կազմում է $30: Մինչդեռ մեզ մոտ այդ գնով տուրիստը կհանգստանա միջին կարգի հյուրանոցում՝ առանց սննդի:

Ի դեպ, վրացական հանգստավայրերում վճարովի լողափ հասկացություն չկա, ինչպես մեզ մոտ է: Այնտեղ նույնիսկ ամենաբարձրակարգ հյուրանոցի լողափը ցանկացած հանգստացողի համար անվճար է: Սակայն հանուն արդարության պետք է նշենք, որ Սեւանա լճի լողափերն անվտանգության տեսակետից ավելի ապահով են, քանի որ լճում մշտապես մոտորանավակներով շրջում են փրկարարները ու կարգազանց լողորդներին նախազգուշացումներ անում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ փրկում են: Սեւ ծովի լողափերում փրկարարներ չկան: Դժբախտ պատահարների դեպքում փրկարարական ծառայություն մատուցում են լողափի անվտանգության աշխատակիցները, որոնք, սակայն, զուտ մարդասիրական նկատառումներով են մարդկանց փրկում: Բացի այդ, անվտանգության ծառայություն ոչ բոլոր լողափերում կա:

Հ. Գ. Օրերս ասուլիսի ժամանակ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության զարգացման վարչության պետ Արա Պետրոսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Հայաստանի հանգստյան տներում այնպիսի մատչելի գներ չեն սահմանվում, որպեսզի հայերն իրենց գումարները ծախսեն ոչ թե Ուռեկիում, Քոբուլեթիում եւ Բաթումում, այլ մեր երկրում, ինչին ի պատասխան՝ Ա. Պետրոսյանն ասաց. «Մեր հանգստյան տների գները շատ մատչելի են: Եթե նույն Քոբուլեթիում եւ Ուռեկիում «Հարսնաքարի» կամ Ջերմուկի «Արմենիայի» նման բարձրակարգ հանգստյան տներ լինեն, էնտեղ էլ գները շատ ավելի բարձր կլինեն»:Նկատենք, որ եթե Ա. Պետրոսյանի եւ որոշ չինովնիկների համար «Հարսնաքարը» կամ Ջերմուկի «Արմենիան» «հասանելի» հանգստյան տներ են, ապա միջին եկամուտ ունեցող մարդը պետք է 3 ամիս չուտի-չխմի, որ գոնե 3 օր նման բարձրակարգ հյուրանոցում հանգստանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել