Հայաստանյան բանկոմատները պարտաճանաչորեն միայն փող ու քարտ են «կուլ» տալիս, իսկ սպասարկումն իրականացնում են միշտ ի վնաս հաճախորդի:
Վերջին շրջանում Հայաստանում գործող բանկոմատներն ավելի ու ավելի վատ են սպասարկում: Հաճախ մի քանի հազար դրամ հաշվից հանելիս բանկոմատը հաճախորդից ներողություն է խնդրում ու մերժում գործարքը, իսկ երկրորդ անգամ փորձ կատարելիս արդեն՝ քարտը «կուլ տալիս»: Երբեմն էլ գումար հանելիս չնայած հաշվից այն պակասում է, բայց հաճախորդին փողը չի հասնում: Անձրեւային եղանակներին ընդհանրապես հայաստանյան բանկոմատներից չես կարող օգտվել, քանի որ բանկոմատից կես մետր հեռավորության վրա արդեն «տոկահարվում» ես: Չնայած պլաստիկ քարտերով կատարվող գործարքների ու ծառայությունների թիվը, ըստ Կենտրոնական բանկի տվյալների, գնալով ընդլայնվում է, սակայն սպասարկման որակը դրանից միայն տուժում է:
Զարգացման հայկական բանկի պլաստիկ քարտերի բաժնի պետ Սամվել Խաչատրյանն այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ, իսկապես, հաճախ է պատահում, որ հաճախորդը մուտքագրում է կոդը՝ գումար ստանալու համար, սակայն այդ պահին կապը խափանվում է, եւ գումարն այդպես էլ տեղ չի հասնում:
Օրերս Զարգացման հայկական բանկի հաճախորդներից մեկը փորձել է իր պլաստիկ քարտով «Ինեկոբանկի» բանկոմատից «Արմինկոյի» ինտերնետային քարտ ձեռք բերելու համար վճարում կատարել: Բանկոմատից ստացված կտրոնի վրա պետք է նշված լիներ ինտերնետին միանալու համար պահանջվող ծածկագիրը, եւ չնայած «Արմինկոյի» քարտի համար պահանջվող 1200 դրամը գանձվել է, սակայն ծածկագիրը կտրոնի վրա չի նշվել: Ստացվել է, որ չնայած մարդը կորցրել է 1200 դրամը, բայց այդպես էլ ծածկագիրը չի իմացել: Այս առնչությամբ «Արմինկո» տեղեկատվական կենտրոնից «Առավոտին» պարզաբանեցին, որ հնարավոր է տվյալ բանկոմատում տպագրելու համար բավարար թուղթ չի եղել: Սակայն նշենք, որ կտրոնը բանկոմատից դուրս է եկել ամբողջությամբ եւ բացի պահանջվող ծածկագրից, մնացած բոլոր տվյալները՝ քարտի համարը, գործարքի օրը, ժամը եւ այլ լրացուցիչ տեղեկություններ կտրոնի վրա շատ հստակ նշված էին: «Ինեկոբանկի» քարտային բաժնի աշխատակիցն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այդպիսի միջադեպերի համար իրենք պատասխանատու են միայն այն դեպքում, եթե տվյալ պլաստիկ քարտն իրենց բանկն է տրամադրել, իսկ թե որ բանկի բանկոմատից է գործարքը սխալ կատարվել, դա, ըստ էության, ոչ մի նշանակություն չունի: Քանի որ հաճախորդի քարտը տրամադրված էր Զարգացման հայկական բանկի կողմից, դիմեցինք նրանց: Ս. Խաչատրյանը հավաստեց, որ դա Հայաստանի համար նորմալ դեպք է: Նրա խոսքերով՝ «Նման բաներ դեռ պարբերաբար կլինեն, քանի որ անընդհատ լինում են բանկեր, որոնք նոր են սկսում ասենք ArCa, Visa կամ Master Card-երով սպասարկում իրականացնել: Եվ որպեսզի բանկոմատներին հասկանալի լինի նաեւ այդ բանկերի կողմից ներդրվող նոր ծրագիրը, ապա որոշ ժամանակով բանկոմատներում վերաբեռնավորում է տեղի ունենում եւ նրանց գործունեությունը դադարեցվում է: Դա տեխնիկական թերություն է»: Ս. Խաչատրյանը նաեւ բացատրեց, որ նոր ծրագիրը հասկանալու համար բանկոմատին կես ժամն էլ բավական է, իսկ որպեսզի հետո այն սկսի անխափան գործել, պետք է վերահսկվի տվյալ բանկի, այսինքն, տվյալ դեպքում՝ «Ինեկոբանկի» կողմից: