Օտարման գոտու անգամ փոխհատուցում ստացած բնակիչները դժգոհ են ու պատրաստվում են ծայրահեղ միջոցների դիմել:
«Այնքան ենք հավաքվելու, ցույց անելու, մինչեւ մեզ սպառիչ պատասխան տան ու մեր իրավունքները վերականգնեն»,- երեկ կառավարության շենքի մոտ այսպես էին բացականչում օտարման գոտու բնակիչները, որոնք հերթական անգամ ցույցի էին դուրս եկել՝ պահանջելու իրենց բնակարանների համար նորմալ փոխհատուցում: Դեռ մեկ ժամ չանցած՝ ցուցարարներին պատասխանելու եւ նրանց պահանջը լսելու եկավ կառավարության տարածքային կառավարման վարչության պետ Խաչատուր Վարդանյանը: Սակայն բնակիչները նրան չթողեցին էլ, որ խոսի. «Պիտի հերթական ստից բաներն ասեր, նորից խաբեր մեզ: Հերիք ու բոլ եղավ»:
Ցուցարարներից մեկը՝ Մարիամ Գիշյանը միայնակ մայր է: Հինգ երեխաների հետ դրսում է մնացել: Նրան վտարել են Լալայանց 30 հասցեից: «Տնից հանեցին ու ոչ մի կոպեկ չտվեցին: ԾԻԳ-ի ու ԴԱՀԿ-ի աշխատակիցներն ամբողջ գույքս գողացան, մի հատ մազ չկարողացա վերցնել իմ տնից, լկտիաբար ինձ ասում էին՝ գոհ էղի, որ թողել ենք մի ամիս ապրես էդ տանն ու շուտ չենք վռնդել: Հինգ անչափահաս երեխաներիս հետ լրիվ տկլոր դրսում էինք մնացել: Հիմա վարձով ենք ապրում, այն էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն է օգնում, իսկ ես 5000 դրամ թոշակ եմ ստանում: Չնայած շնորհակալ եմ պարոն Հովհաննիսյանից, բայց դա հարցի լուծում չէ: Տղաս հիվանդ պառկած է, իսկ վարձով ամբողջ կյանքում չեմ կարող ապրել, հեռանկար էլ չկա, որ 5000 դրամով տուն կառնեմ: Եղբայրս գնաց Ղարաբաղում զոհվեց է՞ս կառավարության համար, որ հիմա ինձ հետ սե՞նց վարվեն»,- պատմեց Մարիամը:
Բուզանդի փողոցի նախկին բնակիչ Լիդա Աբգարյանի պատմելով էլ՝ թեեւ իրենք ԾԻԳ-ի հետ պայմանագիրը ստորագրել են ու ինքնակամ դուրս եկել իրենց տներից, բայց գումարային փոխհատուցումն այնքան ուշ ու քիչ են տվել, որ հնարավոր չի եղել այդ գումարով բնակարան գնել. «Մեզ ահաբեկել են, դրա համար էլ ստիպված այդ պայմանագիրը ստորագրել ենք: Որ տեսնում էինք բուլդոզերներով գալիս էին, քանդում էին տները, երեխաներին ծեծելով վռնդում էին տներից, բա ի՞նչ անեինք, որ չստորագրեինք: Պայմանագրից 7 ամիս հետո նոր միայն գումարը տվեցին, իսկ բնակարանների գներն օր օրի բարձրանում էին, դոլարը՝ արժեզրկվում»: Լիդա Աբգարյանը դիմել է նաեւ դատարան, բայց հայցը մերժվել է. «ԾԻԳ-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ բյուջեն գումար չի փոխանցել ու վերջ»:
Մեսրոպյան Էդիկը, որը նախկինում ապրել է Աբովյան փողոցում, թեեւ վտարվելուց հետո կարողացել է բնակարան գնել, բայց էլի փոխհատուցած գումարից գոհ չէ: Դրա համար էլ նա նույնպես միացել էր ցուցարարներին: Էդիկի պատմելով՝ «Մեր բնակարանը Հյուսիսային պողոտայի կառուցմանը չէր խանգարում, բայց քանդեցին: Ինձ ու կնոջս 12.000 դոլար տվեցին, մենք էլ ստիպված 1000 դոլար պարտք արեցինք, որ Բանգլադեշի չոլերում տուն առնենք: Դիմել եմ վարչապետին, որ գոնե օգնի՝ պարտքս փակեմ, նա էլ իրա վրայից ցրեց, ուղարկեց քաղաքապետարան ու թաղապետարան: Մեզ կենտրոնից քշում են, որ իրենք Ղարաբաղից գան՝ մեր տեղն ապրեն: Բայց մենք էս հարցն ըսենց չենք թողնի՝ կգնանք ծայրահեղ քայլերի՝ մեր իրավունքները կպաշտպանենք»:
Երեկ օտարման գոտու բնակիչներին միացել էին նաեւ բնակարանի խնդիրներ ունեցող փախստականները, որոնք Բաքվից են եկել ու գրեթե 20 տարի է՝ ժամանակավոր ապրում են Աղբյուր Սերոբի 46, 48, 50, 52, 110, 112 հասցեներում: Նրանց պատմելով՝ բազմաթիվ անգամ դիմել են քաղաքապետին եւ վարչապետին՝ իրենց բնակտարածքը սեփականաշնորհելու համար, սակայն ամեն անգամ իրենց պատճառաբանել են, որ դա իրացման գոտի է: «20 տարի է՝ մեզ խաբում են, իբր ճանապարհ է այդ հատվածում կառուցվելու ու հնարավոր չէ սեփականաշնորհել, բայց այդ նույն իրացման տարածքում հողեր են վաճառել, ոմանց հաջողվել է մաղարիչով, ծանոթով սեփականաշնորհել, մենք էլ Հայաստանի քաղաքացի ենք, էդ ինչո՞ւ հենց հերթը հասավ մեզ՝ էլ չի՞ կարելի սեփականաշնորհել: Մենք այդքան գումար չունենք, որ մաղարիչ անենք, դրա՞ համար: Օրենքով՝ եթե 10 տարի ապրում են ժամանակավոր տրված մի հասցեում, ուրեմն մեխանիկորեն դառնում են սեփականատեր»,- «Առավոտին» պատմեց փախստական Ալվարդ Մկրտիչեւան:
Օտարման գոտու բնակիչներին ու փախստականներին երեկ միացել էին նաեւ Դալմայի այգիների հողօգտագործողները, որոնք «Պարոն Սարգսյան, դուք մեզ խաբեցիք», «Մեզ ստախոս նախագահ պետք չէ» կարգախոսներով պահանջում էին վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները: «Պետական կարիքների համար վերցրած հողերի համար չնչին փոխհատուցում են տալիս, 1քմ-ին՝ 1 դոլար, չնայած դա ծիծաղելի թիվ է, բայց անգամ դա ժամանակին ու նորմալ չեն վճարում: ԱԺ-ն որոշում էր կայացրել, որ վճարումները պիտի կատարվեն շուկայական գներին համարժեք ու 15 տոկոս էլ հավելավճար: Մինչ օրս ոչինչ չենք տեսել»,- դժգոհեց Դալմայի այգիների հողատեր Սուսաննան:
«Սեփականության իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանը վստահեցրեց, որ եթե օտարման գոտու բնակիչների իրավունքները չվերականգնվեն, ապա նրանք նամակներ կուղարկեն աշխարհի բոլոր նախագահներին. «Մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանը խոստացավ ընտրություններից հետո մեր հարցին դրական լուծում տալ, այսօր ոչ մի պատասխան չկա: Մենք նորից ենք ցույցի դուրս գալու Կենտրոնի բոլոր բնակիչների հետ, որովհետեւ այսօր մեզ են վտարում, վաղը մնացածին կվտարեն»: