Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈԽԱՏԵՂՈՒՄՆԵՐ

Սեպտեմբեր 21,2007 00:00

«Առավոտի» տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանապետ, գնդապետ Նվեր Հովհաննիսյանը, նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գրիգոր Միտոյանը եւ հետաքննիչ Լեւոն Մարգարյանը:

ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների մատուցմամբ, նրանց ազատման պատճառ է դարձել մի քաղաքացուհու կողմից ՀՀ ոստիկանությունում ստացված բողոքը՝ հիշյալ սպաների կողմից իրեն ծեծի ենթարկելու մասին: Հիշեցնենք, որ ոստիկանության այս բաժնում սա կանանց ծեծելու միակ փաստը չէ: Հիշեցնենք, որ 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Ն. Հովհաննիսյանի ակտիվ մասնակցությամբ ծեծի էին ենթարկվել նաեւ «Հանրապետություն» կուսակցության գրասենյակի կին աշխատակիցները:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ աշխատանքից ազատվել է նաեւ Շենգավիթ համայնքի ոստիկանապետ, գնդապետ Հրաչյա Մակարյանը: Ե՛վ Նվեր Հովհաննիսյանը, ե՛ւ Հրաչյա Մակարյանը համարվում են Ռոբերտ Քոչարյանի «մարդիկ». Ն. Հովհաննիսյանը հայտնի է իբրեւ ՀՀ նախագահի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանի «պրոտեժե», իսկ Հ. Մակարյանի որդին՝ Վարդան Մակարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի բաժնի պետն է եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի մտերիմը: Մեր տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանապետի հրամանով Հ. Մակարյանը նշանակվել է ոստիկանության տրանսպորտի վարչության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, ինչը համարվում է պաշտոնի բարձրացում:

Շենգավիթում ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գնդապետ Հովիկ Սողոմոնյանը, ով հասարակությանը հայտնի դարձավ ս.թ. մայիսի 9-ին Շենգավիթի ոստիկանության բաժնում «Պանդոկ» ռեստորանի աշխատակիցներին ծեծի ենթարկելու փաստով: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանապետի պաշտոնում ԺՊ է նշանակվել փոխգնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Արմեն Նիկողոսյանը ազատվել է ոստիկանության տրանսպորտի վարչության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով հրշեջ ծառայության պետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել