Լրահոս
Օրվա լրահոսը

Խորը հարգանք առաջին նախագահի նկատմամբ

Սեպտեմբեր 21,2007 00:00

\"\"ՄԱԿ-ը խորհրդարանական ընտրություններում անհաջողություն գրանցելուց հետո՝ առաջին անգամ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել:

Կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ հայտնեց, որ կուսակցությունը նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով չի մասնակցելու: Գուրգեն Արսենյանն առայժմ ձեռնպահ մնաց հայտարարել, թե կոնկրետ որ թեկնածուին կպաշտպանի ՄԱԿ-ը, սակայն դատելով կուսակցության նախագահի գնահատականներից՝ այն երջանիկ թեկնածուն, ում կպաշտպանի ՄԱԿ-ը, կլինի Սերժ Սարգսյանը: «Առավոտի» հարցին՝ ՄԱԿ-ը չի՞ նեղացել իշխանություններից, որ չանցավ խորհրդարան, Գուրգեն Արսենյանն ասաց, որ «ամենից հեշտը նեղանալն է իշխանությունից, հասարակությունից, սեփական կուսակցությունից», բայց Գուրգեն Արսենյանը պատասխանատվությունը վերցնելով իր վրա՝ ասաց նաեւ, որ անհաջողության պատճառը ինքը փնտրում է կուսակցության աշխատանքի մեջ, իսկ դրա պատասխանատուն ինքն է: Այժմ ՄԱԿ-ը նախապատրաստվելու է 2012 թվականի խորհրդարանի ընտրությանը, այդ ընթացքում մասնակցելով նաեւ 2008 թվականին կայանալիք ՏԻՄ ընտրություններին եւ փորձելով ամրապնդել իր դիրքերը: ՄԱԿ ղեկավարը երեկ հայտարարեց, որ իրենք կողմ են ազատական գաղափարներ կրող ուժերին, իսկ սոցիալիստական գաղափարախոսություն դավանող ուժերը չպետք է ակնկալեն ՄԱԿ-ի աջակցությունը: Որպես սոցիալիստական գաղափարախոսության կրող մատնանշելով Դաշնակցությանը՝ պարոն Արսենյանն ասաց նաեւ, որ միակ ընդդիմությունը խորհրդարանում այսօր հենց Դաշնակցությունն է եւ ոչ թե ՕԵԿ-ը կամ «Ժառանգությունը»: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին հարցին պատասխանելով՝ Գուրգեն Արսենյանն ասաց, թե այս մասին կարծիք կհայտնի, երբ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման որոշում: Իսկ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշի մասնակցել ընտրություններին, ապա հնարավոր է, որ Արսենյանը սատարի Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ես ունեմ խոր հարգանքի եւ ակնածանքի զգացում՝ որպես երկրի առաջին նախագահի, որպես մեծ մտածողի եւ այդ ժամանակների, այսինքն՝ նորագույն պատմության պետական գործչի: Դա իմ անձնական մոտեցումն է: Քաղաքական գնահատականները տալիս է կուսակցությունը, կայացնում է քաղաքական որոշումներ, որովհետեւ Գուրգեն Արսենյանի անձնական համակրանքները Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդեպ՝ դա դեռ քիչ է, որ կուսակցությունը որոշում կայացնի, թե ում է պաշտպանում»,- ասաց Գուրգեն Արսենյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել