«Առավոտին» տված հարցազրույցում ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը պնդում է, որ ընդդիմությունը կարող է միավորվել նաեւ ընտրությունների 2-րդ փուլում:
– Բոլոր այն ուժերը, որ ունեն նախագահի թեկնածուներ, վստահեցնում են, որ իրենց թեկնածուն ամենա-ամենա է: ՕԵԿ-ը եւս ունի իր թեկնածուն եւ վստահեցնում է, որ իրենն ամենալավն է: Թեկնածուների այս առատության մեջ ի՞նչ մարտավարություն եք որդեգրելու, որ ապահովեք Արթուր Բաղդասարյանի հաղթանակը:
– Նախ, չեմ կարծում, որ թեկնածուների առատություն կլինի, իսկ մարդկանց ճանաչում են իրենց գործերով, այլ ոչ թե սոսկ խոսքերով: Մենք կարծում ենք՝ երկրի նախագահի թեկնածուն պետք է համապատասխանի բավականին բարձր չափանիշների, եւ վստահ եմ, որ Արթուր Բաղդասարյանը հենց այդ թեկնածուն է եւ գործնականում ապացուցել է այն: Ավելին, այսօր ցանկացած հանրային հարցումներ, թե օտարերկրյա եւ թե տեղական, ցույց են տալիս, որ Արթուր Բաղդասարյանը երկրի ամենահեղինակավոր քաղաքական առաջնորդներից մեկն է, եւ սա այն դեպքում, երբ հեռուստաեթերը, ըստ էության, փակ է մեր առջեւ, իսկ շատ հեռուստաալիքներ զբաղված են ընդդիմադիր առաջնորդներին քարկոծելով, իշխանական գործիչներին աստվածացնելով: Ինչ վերաբերում է մեր հաղթանակի մարտավարությանը եւ ռազմավարությանը, ապա դրանք մշակման գործընթացում են: Վստահ եմ, որ քաղաքական ուժերի ներկա դասավորության պայմաններում երկրորդ փուլն անխուսափելի է, որովհետեւ ինչքան էլ որոշները բարձրագոչ հայտարարություններ անեն, դրանք իրականությունից հեռու են: Առաջին փուլ նշանակում է մոտ 800-850 հազար ձայն, ինչը հնարավոր չի լինի հավաքել սոսկ առաջին փուլով, ինչքան էլ փող, վարչական լծակներ ու վախ կիրառեն: Այս պայմաններում ընդդիմությունը միավորման երկու հնարավորություն ունի` մեկը այժմ, մյուսը՝ ընտրությունների երկրորդ փուլում, որը եւ կտա բոլոր հարցերի պատասխանները: Ըստ էության, երկու գործընթացներն էլ բնական ընթացք պետք է անցնեն:
– Տարբեր գործիչներ պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանի ընդդիմությունը թույլ է եւ անկազմակերպ:
– Բայց ովքե՞ր են հայտարարողները: Թույլիկ քամու դեպքում ճամբարափոխ բարձրաստիճան որոշ պաշտոնյանե՞րը, թե՞ իրենց մոնստր հռչակած որոշ քաղաքական գործիչներ, ովքեր իշխանության շվաքի տակ նստած, կյանքում որեւիցե դժվարություն չտեսած մարդիկ են, կամ գուցե քծնանքն ու շողոքորթանքը գոյության տեսակ դարձրած որոշ գործիչնե՞ր: Ժամանակը ցույց կտա մեր տեսակետների ճշմարտացիությունը: Կոնկրետ ՕԵԿ-ը ընդդիմության մեջ պայքարող ուժ է, եւ հենց մեր անխոնջ պայքարի արդյունքում էր, որ տարաբնույթ բռնաճնշումներից հետո կարողացանք տեր կանգնել գոնե մեր ձայների մի մասին եւ առաջիկայում նույն վճռականությամբ էլ շարունակելու ենք: Սա խոսում է ոչ թե անկազմակերպվածության, այլ ուժի եւ ամենօրյա հետեւողական աշխատանքի մասին:
– Օրերս մամուլում հրապարակում եղավ, որ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ նոր հանդիպումներ են եղել, որոնց մասնակցել է ՍԻՄ-ը, ՀԴԿ-ն, ԺՈՒԿ-ը: ՕԵԿ-ը մասնակցե՞լ է, արդյոք:
– Ոչ, մենք չենք մասնակցել այդ հանդիպմանը, որովհետեւ մեզ համար առաջին երկու հանդիպումների ընթացքում, ըստ էության, արդեն հայտնի են քաղաքական դաշտի բոլոր դերակատարների մոտեցումները, եւ մենք այժմ զբաղված ենք ակտիվ կազմակերպչական աշխատանքով:
– Գլխավոր դատախազի ընտրության ժամանակ խորհրդարանական ընդդիմության պահվածքը ենթադրությունների եւ ոչ միանշանակ գնահատականների տեղիք տվեց: ՕԵԿ-ը, փաստորեն, կողմ քվեարկեց գլխավոր դատախազին՝ այն պայմաններում, երբ երկրում մեկը մյուսին հաջորդում են քաղաքական ենթատեքստ ունեցող դատավարությունները եւ բռնարարքները:
– Բոլորն էլ գիտեն, որ քաղաքական դատավարությունները Հայաստանում կապ չունեն ոչ դատախազների եւ ոչ էլ դատավորների հետ` դրանք երկրում գործող կառավարման փակ համակարգի արդյունքներն են եւ գործում են համակարգի հրահանգով: Մեզ համար կարեւոր է եղել, որ երկրի գլխավոր դատախազը չլինի սոսկ իշխանությունների դատախազը, այլ հաշվետու եւ պատասխանատու լինի հասարակության ողջ սպեկտրի առջեւ, եւ հենց այդ էր պատճառը, որ ազատ քվեարկության ռեժիմ ընտրեցինք: Դատախազի ընտրության հետ կապված ես արդեն ասել եմ, որ մենք ընտրում ենք ոչ թե իշխանությունների կամակատար, այլ ՀՀ դատախազ, եւ նա պատասխանատու է ոչ միայն իշխանության, այլ նաեւ ընդդիմության առջեւ, ինչը քաջ գիտակցել էր նաեւ ՀՀ դատախազի թեկնածուն՝ հանդիպելով ՕԵԿ խմբակցության հետ, պատասխանելով մեզ հուզող հարցերին, ընդունելով մեր առաջարկությունները եւ հայցելով մեր աջակցությունը: Այժմ ձայների թվի մասին. «Դեմ»-ը երեք լիներ թե տասներեք, միեւնույն է, ցանկության դեպքում բոլոր այդ ձայներն էլ կարող էին վերագրել (ի դեպ, ինչպես որ այսօր էլ անում են) ոչ թե ընդդիմությանը, այլ դատախազից իբր նեղացած իշխանամետ պատգամավորներին: Այնպես որ, յուրաքանչյուրը գնահատում է այնպես, ինչպես ցանկանում է:
Հիմա՝ ընդդիմության մասին: Ի՞նչ է նշանակում ընդդիմություն: Հասկանալու համար կարելի է ուսումնասիրել, օրինակ, ժամանակակից քաղաքագիտական բառարանները կամ էլ նույն Եվրոպայի խորհրդի անդամ ավելի քան 40 երկրների փորձը: Արդյո՞ք ընդդիմությունը քաղաքակիրթ աշխարհում նշանակում է ամեն ինչին դեմ: Իհարկե՝ ոչ, օրինակ, բերվում է օրենքի նախագիծ` թոշակները կրկնապատկելու մասին` դե՞մ լինենք: Մենք չենք կիսում այս մոտեցումը: Եվ հենց սրանով է, որ ՕԵԿ-ը քաղաքական դաշտում հանդես չի գալիս չարության եւ վրեժխնդրության դիրքից, այլ առողջ գաղափարական եւ քաղաքական մրցակցության` առաջարկելով այլընտրանքային մոտեցումներ եւ պայքարելով, որ դրանք իրականություն դառնան: Եթե որոշներին սա դուր չի գալիս եւ փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, ապա մենք անպատասխան չենք թողնի մեր հասցեին հնչած ցանկացած պատվիրված սադրանք:
– Ի՞նչ վիճակում են ՕԵԿ շարքերը մարզերում, եւ Երեւանից դուրս արդյոք իշխանությունների կողմից ճնշումներ չկա՞ն:
– ՕԵԿ շարքերը կազմակերպված են, ինքնամաքրված եւ մարտական: Ճնշումներ միշտ էլ եղել են եւ այսօր էլ տարբեր մակարդակի իշխանիկների կողմից տեղ-տեղ իրենց զգացնել են տալիս, բայց դա արդեն մեզ չի մտահոգում, որովհետեւ ունենք փորձառություն եւ դժվարություն հաղթահարած քաղաքական թիմ ենք, որ պատրաստ է պայքարի: