Տարբերո՞ւմ են հարկային պարտականությունները եւ բարեգործությունը հայրենի գործարարները
Գործարարներից շատերը առիթը բաց չեն թողնում հպարտանալու, որ իրենք մեծ բարեգործներ են; Չգիտես ինչու, գործարարներն իրենց կատարած մեծ ու փոքր բարեգործություններով սովորաբար ակտիվանում են ընտրությունից ընտրություն եւ այդ բարեգործական ակցիաները նկարելով հեռուստատեսությամբ՝ շարունակ պտտում են, մոռանալով իրենց բուն պարտականության՝ հարկերը վճարելու մասին: Այս օրերին այնքան քննարկվող հարցազրույցում վարչապետ Սերժ Սարգսյանը բավականին կոնկրետ էր խոսել այդ մասին. «Անշուշտ, նրանք (գործարարները- Մ. Ե.) պետք է զբաղվեն բարեգործությամբ, բայց պետք է զբաղվեն ճիշտ բարեգործությամբ, այսինքն՝ նրանք պետք է մաս հանեն իրենց եկամուտներից, իրենց շահույթից, այլ ոչ թե հարկերից խուսափելու եղանակով՝ այն, ինչ որ պետությունը կարող էր անել, տան մարդկանց: Այդ բարեգործությունը չպիտի լինի ընտրությունից ընտրություն, միջոցառումից միջոցառում, մարդ ներքին պահանջ պետք է ունենա բարեգործություն կատարելու»: Առայժմ որեւէ գործարար իր կարծիքը հրապարակավ չի արտահայտել վարչապետի այս գնահատականների վերաբերյալ: Սակայն նույն այդ գործարարները, որոնք նաեւ բարեգործներ են, ամենեւին էլ իշխանություններից հեռու կանգնած մարդիկ չեն, բոլորն էլ ապրում եւ աշխատում են նույն իշխանությունների հովանու ներքո կամ՝ հենց իրենք են իշխանության մաս, եւ ուղղակի հետաքրքիր էր պարզել, թե որոշ գործարարներ ի՞նչ են մտածում վարչապետի այս մտքերի մասին: Մանավանդ՝ կարծես նույն իշխանությունների վերնախավում ինչ-որ բան փոխվել է, քանի որ վարչապետի հայտնի հարցազրույցին հետեւեցին կոնկրետ քայլեր արդեն նախագահականից:
Սերժ Սարգսյանի հարցազրույցից մի քանի օր անց Ռոբերտ Քոչարյանն իր հերթին հայտարարեց, որ ոչ մի տնտեսվարող սուբյեկտ ստվերում գործելու իրավունք չունի, եւ հանձնարարականներ տվեց հարկային ծառայություններին՝ ակտիվացնել ստվերի բացահայտումը եւ գործարարներին հարկային դաշտ բերել:
Մենք երեկ փորձեցինք մի քանի գործարարներից ստանալ պատասխաններ: «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը հանրապետությունում չէր եւ նրա գրասենյակից մեզ փոխանցեցին, որ նախորդ շաբաթ եւս պարոն Բեգլարյանը հանրապետությունում չէր եւ չի լսել վարչապետի հարցազրույցը:
Մի քանի այլ հայտնի գործարարներ ուղղակի չուզեցին պատասխանել եւ խնդրելով չտպագրել իրենց անունները՝ ասացին. «Ինչ որ ասել է, լավ է արել»: Հարգելով մեր խոստումը՝ վերոհիշյալների անուններն առայժմ չենք հրապարակում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար եւ բարեգործ Գագիկ Ծառուկյանի գրասենյակից մեր հարցին ի պատասխան ուղարկեցին հետեւյալ գրավոր պատասխանը. «Մենք չենք կարծում, թե վարչապետի հարցազրույցում պետք է ինչ-ինչ ակնարկներ փնտրել այս կամ այն գործարարի հասցեին։ Հատկապես, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը բարեգործություն անում է ոչ թե ընտրությունից ընտրություն կամ առիթից առիթ, այլ արել է միշտ ու միշտ էլ անելու է, եւ բացառապես օրենքի սահմաններում։ Ինչ վերաբերում է հարկային դաշտը կանոնակարգելու եւ օրենքի առաջ բացառություններ չընդունելու մասին վարչապետի հայտարարությանը, ապա ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանը ինքը բազմիցս ասել է, որ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար, եւ նա միանշանակ կողմ է օրենքի հավասարաչափ կիրառմանը բոլորի հանդեպ»:
Մեկ այլ գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում վարչապետ Սերժ Սարգսյանի այն հայտարարություններին, որ բոլոր գործարարները պետք է գործեն հարկային դաշտում եւ տարբերեն բարեգործությունը հարկային պարտականություններից, ասաց. «Վերջին չորս-հինգ տարվա ընթացքում ես կարող եմ իմ առնվազն տասը ելույթ ձեզ հիշեցնել, երբ ես գործարարներին ինքս եմ դիմել, որպեսզի իրենց գործունեությունը չներկայացնեն որպես մանանա հայ ժողովրդին: Գործարարությունը դա մի գործունեության ձեւ է, որը նպատակ ունի շահույթ ստանալ: Գործարարությունն ունի երկու մասնակից, մեկը, ով ստեղծում է աշխատատեղը, հնարավորություն նոր աշխատատեղի, եւ երկրորդը աշխատողն է, որ իր քրտինքով ստեղծում է այդ արդյունքը: Այսինքն՝ գործարարությունը, որպես այդպիսին, ի սկզբանե բարեգործական նպատակներ չունեցող գործունեություն է»: Գուրգեն Արսենյանի գնահատմամբ, վարչապետը ասել էր հետեւյալը. «Մի հատ ինքներդ ձեզ ստուգում, աուդիտ արեք, փոխեք ձեր պահվածքը, դա էր նշանակում վարչապետի ուղերձը: Այսինքն՝ դա ուղղված էր հասարակության այն գործարարության շերտին, ովքեր չունեն այդ կեցվածքը, ովքեր համարում են, որ կարելի է շարունակել չմուծված հարկերի հաշվին ձեռք բերել համակրանք»,- ասաց Գուրգեն Արսենյանը: