ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունների նախաշեմին «Ազգային վերածնունդ» կուսակցության ներսում խմորումներ են գնում: «Ազգային վերածննդի» նախագահ Ալբերտ Բազեյանը երեկ «Հայացք» ակումբում հայտարարել է, որ կուսակցության հետ կապված բոլոր խնդիրները, կուսակցության հետագա ճակատագրի հարցը կլուծվեն նոյեմբերին կայանալիք համագումարի ընթացքում: Նա հայտարարել է, թե նպատակահարմար չի գտնում իր կուսակիցների առաջարկը՝ ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցել սեփական թեկնածուով, քանի որ դա անիրագործելի խնդիր է: Ա. Բազեյանը անդրադարձել է նաեւ կուսակցության մյուս լիդերի՝ Վաղարշակ Հարությունյանի հետ իր հարաբերությանը եւ պատասխանելով հարցին՝ կուսակցության համանախագահ Վաղարշակ Հարությունյանը տեղյա՞կ է եղել հակաբազեյանական թեւի տարածած հայտարարությանը (որի մասին մենք գրել ենք սեպտեմբերի 18-ի համարում), ասել է, որ ինքը այդ մասին ոչինչ չգիտի եւ Վաղարշակ Հարությունյանի հետ վերջին շրջանում միայն հեռախոսով է զրուցել, իսկ վերջինս կուսակցությունում ստեղծված իրավիճակի մասին իր հստակ դիրքորոշումը չի արտահայտել: