Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԽԱԽՈՏԻ ՇՈՒԿԱՆ՝ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Սեպտեմբեր 20,2007 00:00

\"\"Անհրաժեշտ են հարկման ավելի ճկուն մեխանիզմներ

Ծխախոտի շուկան Հայաստանում ուղղակի մեր հոգեվիճակի արտահայտությունն է: Նախ հիշենք, որ Հայաստանը մեկ բնակչի հաշվով սպառվող սիգարետի քանակով աշխարհի առաջատարներից է: Սա ուղղակի աղետ է: Այս առումով Հայաստանի գործընթացները հակադարձ համեմատական են միջազգային միտումներին: Ողջ աշխարհում ծխողների քանակը գնալով պակասում է, իսկ Հայաստանում այն մեծ թափով ավելանում է: Ավելին, ողջ աշխարհում բնակչության կենսամակարդակի աճին զուգահեռ՝ ծխողների քանակը էապես կրճատվում է, իսկ Հայաստանում ճիշտ հակառակն է: Կենսամակարդակի աճը վերջին տասը տարիների ընթացքում ակնհայտ է, սակայն սիգարետի սպառման ծավալները գնալով աճում են: Սա այն դեպքում, որ Հայաստանը միացել է ծխելու դեմ պայքարի բոլոր միջազգային կոնվենցիաներին, արգելված է սիգարետի ամեն տեսակի գովազդը: ՀՀ վիճվարչության տվյալների համաձայն, եթե 2000թ. Հայաստանում սպառվող սիգարետների թիվը կազմել է 325028 արկղ (մեկ արկղը 10.000 հատիկ սիգարետ), ապա 2006 թվականի տվյալներով Հայաստանում վաճառվել է 512618 արկղ սիգարետ: Առաջին հայացքից սա անհասկանալի թիվ է: Նշված վեց տարիների ընթացքում Հայաստանի բնակչությունը էական աճ չի ունեցել: Ծխողների թիվն էլ հարաբերականորեն կայուն է: Միակ բացատրությունը երեւի այն է, որ այդ աճի մի մասը պայմանավորված է այս շուկայում ստվերի կրճատմամբ: Սա, իհարկե, դրական փաստ է: Սակայն մյուս կողմից այս թվերը վկայում են այն մասին, որ երիտասարդությունը չի հրաժարվում ծխելու վնասակար սովորությունից: Հակածխախոտային պայքարը չի տալիս իր անհրաժեշտ արդյունքը: Առանց վարանելու կարելի է ասել, որ աճող սերնդի առողջությունը վտանգված է: Պակասել է առանց ֆիլտրի սիգարետների սպառումը: Այս տեսակի սիգարետ օգտագործելուն սովոր սերունդը գնալով պակասում է, մյուս կողմից սա վկայում է կենսամակարդակի աճի մասին: Ակնհայտ է նաեւ, որ սիգարետի շուկայում ներմուծումը ավելանում է: Ըստ վիճվարչության տվյալների՝ 2000թ. Հայաստանում սպառվել է 325028 արկղ սիգարետ, որից 214708 արկղը՝ տեղական արտադրության, իսկ 110320 արկղը՝ ներմուծված: Իսկ 2006թ. սպառվել է 512618 արկղ սիգարետ, որից 253813 արկղը տեղական արտադրության է, իսկ 258805 արկղը՝ ներմուծված: Պարզ երեւում է, որ ներմուծման տեսակարար կշիռը կտրուկ աճել է:

Արձանագրենք, որ ծխախոտի շուկան այսօր գործում է լիովին օրինական դաշտում՝ թե տեղական արտադրողները, թե ներմուծողները: Այս առումով սա օրինակելի շուկա է: Իսկ հաշվի առնելով, թե սիգարետ արտադրող եւ ներմուծող ընկերությունները որքան գումար են վճարում պետբյուջե, պետք է արձանագրենք, որ սա նաեւ բյուջեկազմավորող ոլորտ է: Սիգարետի շուկայի մասին դատողություններ անելիս սա պետք է հաշվի առնել: Բանն այն է, որ սիգարետը ունի երկրի համար ռազմավարական նշանակություն: Որքան էլ ասենք, որ ծխելը վնասակար է առողջությանը, միեւնույն է, մարդիկ շարունակում են ծխել եւ սա բնակչության մեծ մասի համար հիմնարար պահանջմունք է: Ծխախոտն ունի կարեւոր սոցիալական նշանակություն: Հետեւաբար այս շուկան էլ պետք է կարգավորվի՝ հաշվի առնելով սոցիալական արդարության սկզբունքները: Եթե անդրադառնանք սիգարետի հարկման մեխանիզմներին, ապա սոցիալական անարդարությունը անմիջապես աչքի կընկնի: Այստեղ ընտրված է հարկման համահավասարեցնող սկզբունքը, բոլորը հարկվում են նույն տոկոսադրույքներով՝ թե՛ էժան սիգարետը, թե՛ թանկը: Բայց չէ՞ որ հարկային քաղաքականությունը պետք է ունենա նաեւ սոցիալական ուղղվածություն, այն էլ այսպիսի շուկայում: Գործող հարկման համակարգը (հաստատագրված վճարները) ընդունվեց 90-ականների վերջին՝ մաքսանենգ սիգարետների ներհոսքը Հայաստան կասեցնելու համար: Իր ժամանակի խնդիրների լուծման տեսանկյունից սա լիովին արդարացված մեխանիզմ էր, սակայն այսօր մաքսանենգության վտանգը այլեւս այդքան արդիական չէ: Պետք է հրաժարվենք հարկման պարզունակ մեխանիզմներից եւ ընդունենք ավելի բարդ ու տարբերակված մեխանիզմներ: Միջազգային փորձը ցույց է տալիս նաեւ, որ հարեւան երկրներում սիգարետի վաճառքից գանձվող հարկերի դրույքաչափերը պետք է լինեն հավասար կամ ոչ մեծ տարբերություններով, այլապես առկա է բարձր դրույքաչափերով հարկող երկրից դեպի ցածր դրույքաչափերով հարկող երկիր մաքսանենգ սիգարետների արտահոսքի վտանգը: Պետք է խուսափենք նաեւ այս վտանգից: Իսկ հարկման գործող համակարգը պետք է վերանայվի, կրկնենք, ելնելով հատկապես սոցիալական արդարության նկատառումներից: Չէ՞ որ հարուստը, որը գերադասում է բարձր գին ունեցող սիգարետ, պետք է ինչ-որ չափով փոխհատուցի միջին եւ ցածր կենսամակարդակ ունեցող քաղաքացու ծախսերը: Հետեւաբար, տրամաբանական եւ արդար կլինի բարձր գին ունեցող ծխախոտը հարկել ավելի բարձր տոկոսադրույքներով, իսկ միջին եւ ցածր գին ունեցողները՝ ավելի ցածր: Սոցիալական խնդիրների լուծման հարցում հարկային օրենսդրությունը ուղղակի պարտավոր է լինել ավելի ճկուն:

Իհարկե, ցանկալի կլիներ, որ մեկ օրում մեր բոլոր քաղաքացիները հրաժարվեին ծխելու վնասակար սովորությունից, սակայն քանի դեռ կան ծխողներ՝ կա նաեւ սոցիալական պրոբլեմ, որը լուծում է պահանջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել