Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՐԱԳԵՏ ԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ»

Սեպտեմբեր 20,2007 00:00

«Այս բիզնեսում մենք ունենք արդեն 20 տարվա փորձ»

Հարավ-արեւմտյան թաղամասում սեպտեմբերի 24-ին կբացվի «ԱՍ» հանրախանութը, որն իր չափսերով եւ տեսականիով Երեւանում նմանը չունի: Հանրախանութը զբաղեցնում է մոտավորապես 2500քմ տարածք, որի մի հարկում կկազմակերպվի մանրածախ, մյուս հարկում՝ մեծածախ առեւտուր: Հանրախանութն ունի երկու հարկաբաժին: Նոր հանրախանութի վերաբերյալ այլ մանրամասներ իմանալու ակնկալիքով դիմեցինք տնօրեն Մխիթար Սողոմոնյանին:

– Հանրախանութում կաշխատի մոտ 100 մարդ, ընդ որում, նրանք կստանան բավականին բարձր՝ 90-95 հազար դրամ աշխատավարձ: Հանրախանութում կվաճառվեն կանացի, երեխայի կոշկեղեն, երեխայի եւ տղամարդու հագուստ: Կոշիկները կլինեն 1400-1500, իսկ հագուստները՝ 100-ավոր տեսականի: Մեզ համար կարեւորը լինելու է գնային քաղաքականությունը, դրանով իսկ մենք հավատարիմ ենք մնալու մեր երկրի կառավարության աղքատության վերացման ծրագրին: Մարդը պետք է կարողանա իր եկամտին համապատասխան հոգալ իր կենցաղային կարիքները: Այսինքն՝ գները կլինեն շատ մատչելի:

– Որտեղի՞ց եք ստանում, օրինակ, կոշկեղենը:

– Կոշկեղենն ստանում ենք ԱՄՆ-ից, իսկ գները կլինեն 5-6 հազար դրամի սահմաններում:

– Խոսեցիք գնային քաղաքականության մասին: Կարո՞ղ եք մանրամասնել:

– Մենք ԱՄՆ-ում խանութներ ունենք, եւ, օրինակ, նույն կոշիկը այնտեղ վաճառվում է 65-70 դոլարով, իսկ մեզ մոտ վաճառելու ենք 5 հազար դրամով: Դրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ում աշխատավարձը, ծախսերը, վարձերն ավելի բարձր են, այդ ամենն ազդում է նաեւ ապրանքի ինքնարժեքի վրա, եւ մեխանիկորեն ապրանքի գինը բարձրանում է: Բայց մարդիկ այնտեղ դրանից չեն դժգոհում:

– Իսկ այդ կոշիկները դիմացկո՞ւն են:

– Վերջերս ԱՄՆ-ի մեր խանութներից կոշիկ գնած մի տիկին էր եկել եւ զարմացած նշեց, որ այստեղ այն նույն ապրանքն է: Ընդ որում, նա այդ կոշիկը գնել էր 2002 թվականին՝ զեղչով: Կինս, օրինակ, կոշիկ ունի, որը 6-7 տարվա պատմություն ունի: Կոշիկի երկարակեցությունը նաեւ հագնողից է կախված: Մեր ժողովուրդը քայլել շատ է սիրում, եւ եթե բարձրակրունկ երեկոյան կոշիկով դու ամբողջ օրը քայլես, պարզ է, ե՛ւ կոշիկը շատ կմաշվի, ե՛ւ դու կհոգնես: Իսկ որպեսզի այդպես չլինի, մարդ պետք է ունենա մի քանի տեսակ կոշիկ՝ քայլելու (ամենօրյա), երեկոյան… Ի դեպ, գինը հաճախ ազդում է մարդու տրամադրության վրա. եթե թանկ է վճարում, ավելի հաճույքով է հագնում:

– Կան մարդիկ, ովքեր ապրանք գնում են միայն կոնկրետ խանութներից:

– Կան ընկերություններ, օրինակ, «Մայքլ Անտոնիո», «Սփայսի», «Վուայլդ Ռոզ», որոնք երբեք անորակ ապրանք չեն արտադրում, եւ դրանց ապրանքները վաճառում են աշխարհի հայտնի խոշոր ընկերությունները (դրանց խանութները մեր «Տաշիր»-ից 2-3 անգամ մեծ են): Մեզ համար առաջնայինը քանակը (իհարկե, խոսքը որակյալ ապրանքի մասին է) եւ մատչելի գներն են: Ավելի լավ է փողը արագ դնել շրջանառության մեջ, քան բարձր գին դնել եւ տարիներով սպասել սպառվելուն:

– Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք:

– Մտադիր ենք բոլոր մարզկենտրոններում բացել հանրախանութներ, երկու տարվա ընթացքում աշխատողների թիվը հասցնել 500-ի: Չի բացառվում, որ մայրաքաղաքում էլ բացենք 2-րդ, 3-րդ հանրախանութը:

– Չե՞ք վախենում, որ ձեր բիզնեսն իրեն չի արդարացնի:

– Այս բիզնեսում մենք ունենք արդեն 20 տարվա փորձ: Ես միշտ խելացի ռիսկի կողմնակից եմ, իսկ ով ռիսկի չդիմի, հաջողության չի հասնի: Եթե ապրանքն առնում ես լավ գներով, քանակի վրա ես աշխատում, կարծում եմ՝ կորցնելու հավանականությունը զրոյի է հավասարվում:

– Մրցակցությունից չե՞ք վախենում:

– Առանց մրցակցության հաճախորդը չի կարող լավը վատից տարբերել:

– Իսկ մեր երկրի հարկային օրենքները չե՞ն խանգարում բիզնեսի ծավալմանը:

– Հայաստանում շատ գեղեցիկ, նորմալ գործում է թե՛ մաքսային, թե՛ հարկային դաշտը: Չնայած գործատուների մեծ մասը միշտ բողոքում է այդ դաշտից, բայց, մեր կարծիքով՝ գրագետ բիզնեսով զբաղվելուն ոչինչ չի խանգարում: Պարզապես մարդիկ սովոր չեն հարկ վճարել: Բայց եթե երկիրը քեզ համար փող աշխատելու պայմաններ է ստեղծում, ուրեմն բարի եղիր հարկեր վճարել:

Մենք կարեւորում ենք աշխատակիցների պայմանները եւ սարքել ենք ամառային ու ձմեռային սրճարան: Աշխատողն ընդմիջման ժամանակը կանցկացնի հենց սրճարանում: Եթե դրսի հաճախորդի համար այդ ընդմիջումը կարժենա, ասենք, 3 հազար դրամ, ապա մեր աշխատողի համար՝ 300 դրամ: Աշխատակիցներն ունեն առանձին հանդերձարաններ, լոգասենյակներ, պահարաններ, արտահագուստ… Ի դեպ, բոլորը նշում են, որ իրենց փորձառու աշխատողներ են հարկավոր, բայց մարդ պիտի մի տեղ աշխատի, չէ՞, որ փորձ ձեռք բերի: Մեր նպատակն է մարդկանց դաստիարակել ճիշտ բիզնեսի հոգեբանությամբ, եւ փորձը նշանակություն չունի:

Սիրով հրավիրում ենք բոլորին սեպտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին՝ մեր հանրախանութի բացմանը: Այդ օրը պատահական չի ընտրված. սեպտեմբերի 21-ը Անկախության օրն է, եւ բացումն էլ նվիրում ենք հենց այդ տոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել