Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական մեքենան լավ չի աշխատում»

Սեպտեմբեր 20,2007 00:00

\"\"«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը կոչ է անում միավորվել ընդդեմ ջունգլիական օրենքների:

«Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրը «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն էր, թեման՝ վերջին շրջանում լրագրողների հանդեպ իրականացված բռնարարքները: Պարոն Ավետիքյանը մեկ առ մեկ հիշեց բոլոր դեպքերը, հետո էլ հավելեց, որ միայն Տիգրան Նաղդալյանի սպանությանն է մամուլը շատ անդրադարձել. «Ցավոք, բռնությունը շարունակվում է եւ ամեն անգամ ասում են, թե ներքին հարցեր են եւ այլն: Լրագրողին չի կարելի ծեծել: Ինչպես պետական կարգը պահպանող ոստիկանը, այնպես էլ լրագրողը պետք է լինի անձեռնմխելի»:

Բանախոսը կարծում է, որ ոտնձգություններ կատարողները, որոնք միշտ անպատիժ են մնում, այս անգամ էլ միառժամանակ կդադարեն գործել ու հետո նորից կսկսեն զբաղվել իրենց սեւ գործերով. «Լրագրողներս բոլորովին հետեւողական չենք: Կարեւոր չէ, որ մեր գաղափարախոսություններն ու մոտեցումները տարբեր են: Մենք մեր պարտականությունը չենք կատարում, օրինակ՝ գործադուլ չենք անում, բողոքի ակցիաներ չենք կազմակերպում ու չենք պահանջում, որպեսզի այս հարցերը լրջորեն քննարկվեն: Համապատասխան մարմիններն էլ դրանից օգտվում են՝ իրենց համար գլխացավանք է նոր գործ սկսելը, քննելը»: Հ. Ավետիքյանի խոսքով, զարգացած երկիրն այն է, որը կարողանում է բացահայտել ու պատժել չարագործներին. «Եթե պետական մեքենան լավ չի աշխատում, ուրեմն նշանակում է՝ այդ մեքենայի դերը պետք է մենք կատարենք: Մանավանդ այս պարագայում, երբ դեպքերը կրկնվում են ու չի բացառվում, որ երրորդ, չորրորդ անգամ էլ նման բան պատահի: Այդպես մինչեւ ե՞րբ: Մի՞թե կարելի է մարդու հետ հաշվեհարդար տեսնել միայն այն բանի համար, որ գրում է»: Բանախոսը ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ արեց միավորվել. «Մենք լրագրողներով կաստա ենք կազմում: Եվ քանի որ մեր երկրում ջունգլիական օրենքներն են գործում, ուրեմն մենք էլ պետք է կաստայական մոտեցում ցուցաբերենք՝ մեր անձն ու մասնագիտական շահերը պաշտպանելու համար»: Նա հավելեց. «Ես կուզենայի, որ վարչապետ Սերժ Սարգսյանը մեր թերթին էքսկլյուզիվ հարցազրույց տար ու պատասխաներ իմ բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում են մասնավորապես մեր խմբագրության աշխատանքներին, սակայն նա գերադասեց հարցազրույց տալ միայն հեռուստատեսությամբ: Ցավոք, այսօր մեր պաշտոնյաները տպագիր մամուլին մի տեսակ երկրորդական դեր են վերագրում»: Հ. Ավետիքյանը հայտնեց, որ օրերս վարչապետ Սերժ Սարգսյանի հետ անցկացրած իր 1,5 ժամանոց հեռուստահարցազրույցի տեսագրությունից 20 րոպեն հանվել է, մինչդեռ չցուցադրված մասի հարցադրումները վերաբերում էին հենց ոստիկանությանը, օլիգարխներին, նրանց հարկային դաշտ բերելուն. «Այս հարցերին վարչապետն անդրադարձավ ոչ ամբողջական… ժուռնալիստական առումով ես այնքան էլ գոհ չեմ այդ հարցազրույցից, որովհետեւ այն պետք է լիներ ավելի աշխույժ»: «Ազգի» խմբագիրը հարցազրույցի ոչ այնքան աշխույժ լինելու հանգամանքը բացատրեց այսպես. «Եթե նախընտրական շրջան չլիներ, հավանաբար վարչապետը ավելի բաց կպատասխաներ իմ հարցերին»: Իսկ թե ինչո՞ւ է հարցազրույցի 20 րոպեն հանվել կամ ո՞վ է այդպես որոշել, Հ. Ավետիքյանը պատասխանեց. «Ես ներքին խոհանոցին չեմ տիրապետում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել