Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանն է միայն վերանորոգված, երկու նստավայրերը բարեկարգ լինելուց դեռ հեռու են:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը (նստավայրը՝ Աշտարակ) 2001-ին է տեղափոխվել վերակառուցված նոր շենք: Այստեղի պայմանները չեն զիջում եվրոպական դատարաններին՝ նիստերը ձայնագրառվում են, կահույքը թարմացված է, վկաներն ունեն առանձին սենյակներ եւ այլն: Դատարանի պայմաններն այնքան լավ են, որ մի առիթով Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը «Առավոտին» փոխանցել էր, որ իրենց մոտ մարդիկ հաճույքով են դատվում («Առավոտ», 28.04.2006):
Փոխարենը՝ դատարան չհիշեցնող պայմաններում են գործում մարզի դատարանի նստավայրերը: Օրինակ, Թալինի նստավայրի շենքը բավականին անհրապույր է, քանի տարի է՝ շենքը չի վերանորոգվել: Նստավայրի միակ նիստերի դահլիճի կահույքը կոտրատված է եւ անշուք, հավանաբար դա է պատճառը, որ որոշ դատական նիստեր անց են կացվում նստավայրի միակ դատավոր Մանուկ Մարգարյանի աշխատասենյակում, ինչը նույնպես չի փայլում իր կահավորանքով: «Ամեն անգամ զգուշացնում եմ, որ աթոռներին կամաց նստեն, քանի որ կոտրվելու վտանգ կա»,- դատավորն այսպես ներկայացրեց իրենց նստավայրի վիճակը, որից հետո այլեւս չցանկացավ լրագրողի հետ շփվել՝ պատճառաբանելով, թե խիստ զբաղված է: Կոնկրետ Թալինի նստավայրին վերաբերող վիճակագրությանը եւ խնդիրներին ծանոթանալու նպատակով դիմեցինք Դատական դեպարտամենտի օգնությանը:
«Առավոտի» հետ զրույցում դեպարտամենտի ղեկավար Արսեն Մկրտչյանը նշեց, որ «նման խնդիր իրոք առկա է, մարզերի նստավայրերի մեծ մասում իրավիճակն այսպիսին է, այժմ իրականացնում ենք նախագծահետազոտական աշխատանքներ եւ դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի հիմնական ուղղություններից մեկն էլ լինելու է նստավայրերի շենքերի վերանորոգումը, այն տեղերում, որտեղ հնարավոր է դատավարություն իրականացնել՝ դրանք կվերակառուցենք, իսկ առանձին դեպքերում նստավայրերի համար նոր շենքեր կկառուցենք: Շենքերի վերակառուցումից հետո ամբողջովին կթարմացվի նաեւ նստավայրերի կահույքը: Այսօր արդեն Թալինի նստավայրի նախագծային մրցույթն է իրականացվում, որից հետո շենքի վերանորոգման համար մրցույթ կհայտարարվի»: Կային խոսակցություններ, որ գործող դատարանի շենքի վրա մեկ հարկ էլ կավելացվի, ինչը սեյսմիկ առումով վտանգավոր է: Շենքային խղճուկ պայմանները Թալինի նստավայրի միակ խնդիրը չէ, այստեղ չեն հետեւում նույնիսկ օրենքի պահանջին, մասնավորապես՝ չկա հայտարարությունների ցուցանակ, որտեղ նշված լինի դատական նիստերի ժամանակացույցը: Այս առնչությամբ Արսեն Մկրտչյանը նկատեց. «Մեր աշխատանքի հիմնական ուղղվածությունն էլ հենց դա է, որ ազգաբնակչությունը տեղեկացված լինի դատական նիստերի օրերին ու ժամին, եթե դուք նստավայրի շենքի ներսում չեք տեսել նիստերի ծանուցման մասին հայտարարություն՝ ուրեմն դա դատարանի աշխատակիցների թերությունն է ու մեղքը, որը կարճ ժամանակահատվածում կշտկենք»:
Անդրադառնալով Թալինի նստավայրում մուտք եղած գործերին՝ նշենք, որ 2007թ. առաջին կիսամյակում գրանցվել է 129 քաղաքացիական եւ 6 քրեական գործ, 84 գործի վերաբերյալ էլ տրվել է վճարման կարգադրություն: Իսկ մարզի կտրվածքով այս տարվա առաջին կիսամյակում քննվել է 422 քաղաքացիական գործ, բավարարում է ստացել 385-ը: Քննվել է բանվորների եւ ծառայողների աշխատանքային 30 վեճ եւ բոլորն էլ բավարարվել է: 35 գործ էլ վերաբերել է քաղաքացիների սեփականության իրավունքին, որից 30-ն է բավարարվել: Քննվել է նաեւ պետական կառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների վերաբերյալ 10 հայց, որից բավարարվել է 6-ը: Գողության համար դատապարտվել է 10 մարդ, թմրադեղերի հետ կապված՝ 5: