Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՆ ԳԼԽԻՆ ՇԱՆ ՕՅԻՆ ԵՆ ԴՐԵԼ

Սեպտեմբեր 20,2007 00:00

\"\"Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի ոչ բնակելի տներն ու դրանց պատկանող հողակտորները ապօրինի կերպով յուրացվում են: \"\"

Վերջին շրջանում որոշ մեծահարուստներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Նոր Խարբերդի ամառանոցային թաղամասի հողակտորների նկատմամբ: Նրանցից ոմանք այդ թաղամասում առանձնատներ կառուցելու նպատակով «ջրի գնով» հեկտարներով հողատարածքներ են ձեռք բերել:

Վերջիններս, օգտվելով առիթից, որ ամառանոցային թաղամասի հողակտորների մեծ մասը դեռ սեփականաշնորհման գործընթացում է, իսկ տներն էլ հիմնական բնակիչներ չունեն, «կեղտոտ ճանապարհներով» գործարքներ են կնքում ու հողատարածքներն իրենցով անում: Խարբերդցիների պատմելով, այն տները եւ այգիները, որոնց տերերը մայրաքաղաքում են բնակվում, տեղական ինքնակառավարման մարմինների ու որոշ հարուստների հրահանգով աստիճանաբար քանդվում են:

«Ամեն անգամ ամառանոց գալով ականատես եմ լինում, թե ինչպես են իմ հարեւանները տանս պատերի որոշ հատվածներ քանդել: Դարպասները եւս կոտրել են: Անգամ այգին են այնպես վնասել, որ վերականգնել չլինի, որպեսզի ճարահատյալ այգիս ու տունս էժան վաճառեմ՝ էստեղից հեռանամ, իսկ իրենք իմ հողամասը մի քանի անգամ թանկ վերավաճառեն»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում պատմեց Տանյա Գեղամյանը: Նա արդեն 11 տարի մշակում է Նոր Խարբերդի 6-րդ փողոցի 38/5 հասցեում գտնվող հողամասը: Կնոջ ներկայացմամբ, այն ժառանգություն է ստացել եղբորից: Տ. Գեղամյանը բնակվում է Երեւանում, եւ ինչպես ինքն է պատմում՝ «Ամեն օր չեմ կարողանում գնալ-գալ, հարեւաններս էլ օգտվելով առիթից՝ տունս քանդում են:

Գարնանն եմ գալիս, մեկ-երկու օր մնում եմ, հողը մշակում, ջրում: Բերքահավաքի ժամանակ գալիս եմ տեսնում, որ բերքից քիչ բան է մնացել: Մի քանի անգամ բռնացրել եմ կողքիս հարեւան Վովային: Նա հողամասիս ցանկապատը կտրատում էր, որ ասեցի՝ էս ի՞նչ ես անում, ժխտեց, ասեց՝ ես ոչինչ չեմ արել, սենց է եղել: Մի օր էլ նկատեցի, որ նրա կովերը մտել են այգիս ու ավերում են: Մյուս հարեւաններս էլ կացնահարել էին ընկուզենին, ինչի հետեւանքով ծառն արդեն չորացել է: Ծիրանենին էլ է չորացել, ես այդպես էլ չհասկացա, թե ծառի տակ ինչ լցրին, որ միանգամից չորացավ: Դիմացի հարեւանի՝ Գայանեի ճագարներն էլ լոբիի մարգերն են վնասել ու շիվերը կերել: Հարեւաններս մի քանի անգամ հայտարարել են, որ ամեն ինչ կանեն, որպեսզի ինձ այստեղից հանեն»:

Օրերս էլ հարեւանները դաժանաբար ծեծել են Տ. Գեղամյանի շանը, ինչ է թե՝ տիրոջ բացակայության ժամանակ տունը պահպանում է եւ չի թողնում որեւէ անծանոթ մարդ մոտենա այգուն: Երեկ եղանք նշյալ հասցեում: Տ. Գեղամյանի շունը վիրավոր պառկած էր: Ծեծի հետեւանքով կենդանու աչքը դուրս է եկել եւ կողոսկրերը կոտրվել են: Նա համարյա չէր կարողանում շարժվել: Արդեն քանի օր կինը այդ տանն է գիշերում. «Քնում եմ շորերով ու լոմը ձեռքիս, որովհետեւ դրանք այնքան են լկտիացել, որ արդեն ոչ մի բանից չեն վախենում, անգամ իմ՝ այստեղ եղած ժամանակ գիշերով գալիս են ու սկսում տան պատերը քանդել, ես մուրճի ձայնից զարթնում եմ, որպեսզի թողնեն-հեռանան»: Տ. Գեղամյանն արդեն մի քանի անգամ դիմել է Շենգավիթի ոստիկանություն եւ դատախազություն՝ հայտնելով, որ իր տնից գողություն է կատարվել. «Դատախազությունում ասել են՝ դա մեր գործառույթը չէ, ոստիկանությունից էլ մեկուկես ամիս հետո պատասխանել են, որ նյութեր են հավաքում: Եթե ոստիկաններն ինձ չեն պաշտպանում, ես էլ ո՞ւմ դիմեմ, էլ ինչո՞ւ եմ հարկեր վճարում կամ օրենքով շարժվում: Ես էլ իմ հարցերը ներքին կարգով, ծանոթների միջոցով կլուծեմ, ու եթե իմ ծանոթներին փորձեն վնասել՝ կդիմեմ նստադուլի կամ հացադուլի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել