Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է 3 ՏԱՐԲԵՐԱԿԻ

Սեպտեմբեր 20,2007 00:00

Եվ ընդդեմի գաղափարով չի առաջնորդվում

«Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ՝ եթե Հանրապետական կուսակցությունը կգտնի, որ այս ամենն այնքան իրենց համար անսպասելի էր, եւ հարց կդնի վերանայել համագործակցության համաձայնագիրը, ես վստահ եմ, խոսքը գնալու է նախարարների պաշտոնների մասին, ես հստակ ասում եմ՝ մենք պատրաստ ենք երեք տարբերակով էլ շարունակել: Առաջին տարբերակ՝ ետ կանչել մեր նախարարներին, շարունակել համագործակցությունն այլ դաշտերում՝ համագործակցության ձեւեր կան: Երկրորդ՝ պատրաստ ենք, որպեսզի նախարարները պաշտպանելով մեր թեկնածուին՝ չհայտնվեն երկատված վիճակում (ի վերջո, քաղաքական դեմք են), կարելի է որոշել նախարարներն արձակուրդ գնան՝ ինչ-որ որոշակի ժամկետ ճշտելով (ենթադրում ենք՝ խոսքը նախարարի պաշտոնից արձակուրդ գնալու մասին է եւ ոչ թե կուսակցական գործունեությունից-Մ. Ե.): Երրորդ տարբերակը՝ այսպես շարունակել: Նախարարները պատրաստ են եւ կենթարկվեն Դաշնակցության որոշմանը»,- երեկ «Ուրբաթ» ակումբում Դաշնակցության այս փուլի քայլերը բացատրեց ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ, Դաշնակցության կողմից նախագահի թեկնածու ներկայացված Արմեն Ռուստամյանը: Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ է Դաշնակցությունը դեմ Սերժ Սարգսյանին, երբ նույն Դաշնակցության կողմից պաշտպանվող Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը Սերժ Սարգսյանից ավելի հարմար թեկնածու չի տեսնում նախագահի պաշտոնում իրենից հետո, Ռուստամյանը պատասխանեց. «Մենք Սերժ Սարգսյանին դեմ չենք, Դաշնակցությունը ընդդեմի գաղափարով չի առաջնորդվում: Մենք դեմ այս կամ այն անձին չենք, մենք թշնամի չենք փնտրում մեր երկրում, ընդհակառակը՝ մենք հանունի համար ուզում ենք, որպեսզի բոլորը միավորվեն: Մեր պատկերացրած հանունը ձեւակերպում ենք: Թող իրենք ասեն, որ մեր պատկերացրած խնդիրները չկան, այդ հարցերը չկան, որ սխալ ենք գնահատել իրավիճակը, այդպիսի խնդիր գոյություն չունի: Խնդրեմ, նստենք այդ բանավեճն անենք, վիճենք առարկայի մասին, խնդիրների մասին, ոչ թե վիճենք՝ իրար նվաստացնելով, ցեխ շպրտելով: Մենք հակաքարոզչություն որեւէ մեկին չենք անելու, մենք հակառակը՝ լուրջ հարցադրումներ ենք ներկայացնելու, որի շուրջ բանավեճի պատրաստ ենք լինելու»: Ասաց, որ այսպիսի մթնոլորտում ընտրված նախագահը «կլինի իսկապես մի նախագահ, որը հանձնառու է եղած խնդիրների լուծմանը, ստանձնելու է պատասխանատվությունը եւ բոլորովին այլ որակի նախագահ է լինելու, ով էլ ընտրվի: Իսկ եթե ընտրվեց այնպես, ինչպես, օրինակ, արդեն հիմա է ընթացքը, այդ որակի նախագահը իսկապես լինելու է այլ կարգավիճակով եւ այլ ծրագրեր իրականացնող, սա է, որ մենք չենք ուզում լինի»: «Առավոտը» հիշեցրեց, որ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը Դաշնակցության պահվածքը որակեց որպես դաշնակցական «բրենդ», իսկ Գալուստ Սահակյանը՝ որպես դաշնակցական սեթեւեթանք, արդյո՞ք սեթեւեթում է Դաշնակցությունը: Մեր հարցին պատասխանելով՝ Դաշնակցության նախագահի թեկնածուն ասաց. «Այդ ամենը ես գնահատում եմ բուն բանավեճից խուսափելու եւ ուշադրությունը շեղելու փորձեր: Ի՞նչ է նշանակում Դաշնակցության «բրենդը»: Այո, Դաշնակցությունը միշտ էլ «բրենդ» է ունեցել, 117 տարի ի վեր, եթե մարդիկ նոր են իմանում այդ «բրենդի» մասին, դա արդեն իրենց պրոբլեմն է: Լավ կլինի, որ ամեն մեկն էլ իր «բրենդով» ներկայանա»: Սեթեւեթանքի մասով էլ ասաց. «Նշանակում է, եթե որեւէ քաղաքական ուժ փորձում է ինքնուրույն հանդես գալ, իր նախագահի թեկնածուն առաջադրել, սեթեւեթո՞ւմ է, դե, ուրեմն, թող ոչ մեկն էլ չառաջադրի, բոլորինն էլ սեթեւեթանք է, էդ ի՞նչ մոտեցում է: Քաղաքական ուժը իր իմաստով քաղաքական ուժ չի, եթե չի ձգտում իշխանության, սեթեւեթա՞նք է: Թե՞ այդ տեղը փակ է, որոշված է, որ մեկ ուժ պետք է լինի, մնացած 3-4 տեղերն ազատ են, դրանից հետո միայն Դաշնակցությունը կարող է առաջադրվել, էդ նշանակում է՝ «մեզնից բացի՝ ուրիշ ոչ մեկը չկա», էդ լա՞վ է»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ բա որ մրցակիցները Դաշնակցության անցյալը հիշեցնեն՝ «Դրոյի» գործ եւ այլ բաներ: Արմեն Ռուստամյանն իրեն չկորցրեց. «Թող հիշեն, մենք էլ հիշելու շատ բաներ կունենանք: Թող հիշեն, մենք մեր կենսագրությունը, մենք մեր ամբողջ անցյալը իրականացրել ենք բաց, ժողովրդի առաջ, բոլորն էլ լավ գիտեն՝ ինչն ինչոց է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել