Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անկախության մեր տնակը

Սեպտեմբեր 19,2007 00:00

Երեկվա քննարկման ժամանակ ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանը այդ տնակի կտուրին «բախտ» նկարեց

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության նախաձեռնությամբ երեկ կազմակերպվեց «Հայաստանի անկախության 16-ամյակ. կորուստներ եւ ձեռքբերումներ» թեմայով քննարկում: Մասնակցում էին միայն նախկին իշխանությունների ներկայացուցիչներ: Չնայած հրավերներ ուղարկվել էին նաեւ ՀՀ ներկայիս պաշտոնյաներին, սակայն վերջիններս հարկ չէին համարել ներկայանալ:

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, որը ժամանակին ընթերցել էր ՀՀ անկախության հռչակագիրը, «Անկախության տարիներ. ի՞նչ ունենք» թեմայով դասախոսության ժամանակ ՀՀ անկախությունը պատկերեց մի տնակի տեսքով, որի հիմքում օրենքն է, տանիքին՝ խելքը, կամքն ու բախտը, իսկ սյուները ներքին, արտաքին հարաբերություններն են, ժողովրդավարական ինստիտուտները, մարդկային գործոնը եւ այլն: «Այս 16 տարիների ձեռքբերումներից է դեսպանատների գոյությունը, դրամը, մաքսային, վարկային համակարգերը, բանակը, այն, որ արդեն ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի, Առեւտրի համաշխարհային կազմակերպության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ ենք: Բայց մենք այս կառույցների հետ դեռ տնավարի ենք աշխատում եւ, ըստ որոշ հեղինակավոր զեկույցների՝ զբաղեցնում ենք 130-140-րդ «պատվավոր» տեղերը»,- նկատեց Ա. Մանուկյանը: Այնուհետեւ անցավ կորուստներին. «Հայաստանն իր հարեւանների՝ Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ բազում խնդիրներ ունի: Ստացվում է, որ արտաքին մարտահրավերների պայմաններում չունենք գործընկերներ»: ՀՀՇ անդամը նաեւ անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին. «Մեր հարեւան երկրների հետ հարաբերությունները վատանում են ռուսական փողերի պատճառով: Ռուսները միլիարդներ կծախսեն, որ մենք միշտ առաջ բերենք ցեղասպանության հարցը եւ ասենք, որ թուրքը վատն է: Պատճառն այն է, որ մենք մեր դաշնակցական ուղեղով դեռ երկար կմտածենք, որ ռուսը մի օր հաղթելու է թուրքին, եւ հողերը վերադարձնելու է մեզ: Սա կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ չգան նորմալ տղերքը եւ ասեն՝ սեփական խնդիրը պետք է լուծի ոչ թե ուրիշը, այլ դու ինքդ: Ադրբեջանի խնդիրն էլ որ թողնենք Ռուսաստանին՝ երբեք չի լուծվի: Վրաստանի հետ հարաբերությունների վրա էլ ռուսներն ազդում են Ջավախքով»: Այս բովանդակության դասախոսությունից հետո, տարբեր բուհերի ու երիտասարդական հ/կ-ների ներկայացուցիչներ հարցեր ուղղեցին Ա. Մանուկյանին: Օրինակ՝ մի աղջնակ հետաքրքրվեց. «Չե՞ք կարծում, որ ձեր պատկերած տնակը չի կարող գոյատեւել, եթե շրջապատված է ամենաթողության մթնոլորտով: Իսկ դա նկատելի էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարության օրոք»: Պրն Մանուկյանը պատասխանեց. «Չեմ ուզում երեւույթներն անձնավորել: Ինձ համար խնդրի կարեւորությունն ավելի բարձր է, քան Ռոբերտ Քոչարյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Չեմ պատրաստվում գովել նախկիններին եւ փնովել այս իշխանություններին: Այն ժամանակ էլ կային թերություններ, հիմա էլ»: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ ջահելներին խորհուրդ տվեց. «Չկրկնենք արդեն կատարված սխալները, որոնք այժմ էլ քարի նման կախված են մեր ժողովրդի գլխին»: «Սարգիս Տխրունի» միության ատենապետ Նարեկ Գալստյանը «Առավոտին» ներկայացրեց, թե որքանով է ներկայիս անկախությունը համընկնում Շարժման տարիներին երազածին. «Անկախությունը ձեռքբերում է: Սակայն դա այն չէ, ինչին ձգտում էինք, քանի որ անկախության կարեւոր ինստիտուտները՝ զինանշանը, նախագահը եւ այլն, կենցաղային երեւույթ են դարձել: Եթե դու չունես այնպիսի նախագահ, որով պիտի հպարտանաս եւ միջազգային սեմինարների ընթացքում պաշտպանես նրա դիրքորոշումը, դա մեծ հարված է մեր պետականությանը»: Մեր երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրների լուծումը Ն. Գալստյանը տեսնում է իշխանափոխությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել