Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԻԼԻՍՈՓԱ ՆԿԱՐՉՈՒՀԻՆ

Սեպտեմբեր 19,2007 00:00

\"\"Ասիլվայի «Ուղեւորություն արտաշխարհից դեպի ներաշխարհ՝ ֆորմաներով եւ գույներով» ցուցադրությունը «խոսում» է հայելիների «լեզվով»:

Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում սեպտեմբերի 12-ից բացված է ծնունդով Պոլսից, ֆրանսաբնակ հայ նկարչուհի Ասիլվայի «Ուղեւորություն արտաշխարհից դեպի ներաշխարհ՝ ֆորմաներով եւ գույներով» աշխատանքների ցուցահանդեսը: Սա եզակի ցուցադրություն է, այն առումով, որ այցելուն դիտում է նկարները հայելու միջոցով: Սրահում ներկայացված է շուրջ 30 աշխատանք ու տեղադրված է 5 հայելի: Նշենք, որ «հայելիները» թղթից են:

«Առավոտի» հետ սիրով զրուցեց Ասիլվան: Արվեստագետը նախ նշեց, որ տարբեր ժամանակներում նկարիչները հաճախ օգտագործել են հայելին իրենց ստեղծագործությունների համար եւ դրանց մեջ «ամենահայտնիների շարքում են Յան Վան Էյկին, Յան Վերմերը, Տիցիանը, Ալթե Պինակոտեկը, Էդուարդ Մանեն եւ այլք: Իսկ Լեոնարդո դա Վինչին ժամանակին ասել է, որ անհրաժեշտ է ավարտված գործը ճշգրտել հայելու միջոցով: Այնպես որ, եթե կուզենաս տեսնել պատկերի ամբողջական արգասիքը համահո՞ւնչ է պատկերված առարկայի բնական տեսքին, վերցրու մի հայելի եւ տեղադրիր այնպես, որ նրա մեջ անդրադառնա ստեղծածդ»: Շուրջ կես դար աշխարհի հեղինակավոր ցուցասրահներում իր աշխատանքները ներկայացրած մեր հայրենակցուհուց հետաքրքրվեցինք, թե ինքն ինչո՞ւ է ընտրել գեղանկարների ցուցադրության նման ձեւը, նա ասաց. «Դյուրին չէ հաշտվել սեփական թուլության, նախանձի, մեր մյուս թերությունների հետ: Գիտակցության դաշտը բարդ է: Իհարկե, կուզենայի, որ բոլոր բացասական զգացումները լինեին անիրական, մեռած, անհետացած, բայց, դժբախտաբար, դրանք կան: Հայելին օգնում է ինքնաճանաչմանը, այն ցույց է տալիս մեր կրկնօրինակին եւ միայն ապրողները կարող են գնահատել հայելու կարողությունները: Ես իմ առջեւ դնում եմ պարզ խնդիր՝ դիտել ինձ սովորական հայելու մեջ: Նույնը խորհուրդ եմ տալիս իմ արվեստի երկրպագուներին ու ընդհանրապես բոլորին»: Հաջորդ հարցին՝ մի՞թե հայելին արտացոլում է ճշմարիտ պատկերն ու նրա հակառակը միաժամանակ, մեր զրուցակիցը հայտնեց հետեւյալը. «Ապրողների ու մեռյալների աշխարհների միջեւ գոյություն ունի մի անորոշություն, այնպես, ինչպես այն՝ ինչ տեսնում ես հայելու մեջ եւ այն, ինչ չես կարող կամ չես ուզում տեսնել: Հայելին դեմհանդիման արտացոլում է պատկերը՝ նրա չափին ու տեղակայմանը համապատասխան: Պատկերը կարիք չունի անցնելու որեւէ բացվածքով՝ հայելու հարթ մակերեսին հասնելու համար: Նույն պատկերը հայելու հարթ մակերեսին անշարժ չէ, ինչպես նկարում կամ լուսանկարում է. այն փոփոխական է, ինչպես աչքի վրա արտացոլվածը, բայց այս անգամ՝ արդեն ոչ իր հակառակ կողմով: Իմ ցուցադրությունների նպատակն է պատկերի հայտնաբերումը ստեղծագործություններիս ֆորմաների եւ գույների ներդաշնակության եղանակով: Սա միակ ուղին է, որ նկարիչը չի կարող ոչ խարդախել, ոչ էլ ստել: Հարկ է, որ արվեստասերը հայելու միջոցով դիտելով այս կամ այն աշխատանքը, իրեն ընդունի այնպես, ինչպես ինքը կա: Դիտողն է, որ պետք է աշխատի իր վրա՝ մոտենալու համար այն կերպարին, որ կուզենար տեսնել հայելու մեջ: Սա է պատճառը, որ իմ ոչ մի աշխատանք վերնագրված չէ»: Նկարչուհին հայտնեց, որ ինքը նաեւ քանդակագործ է, շատ երկրներում ունի տեղադրված աշխատանքներ եւ երազում է, իր խոսքերով՝ գոնե մի գործ էլ հայրենիքում թողնել: «Գաղափարն արդեն կա. դա մոնումենտալ աշխատանք է լինելու, որի հերոսները եւ հայաստանցիներն են, եւ սփյուռքահայերը: Երբ մտովի ավարտեմ գործս, կդիմեմ Հայաստանի համապատասխան պաշտոնատար անձանց»,- հավաստիացրեց Ասիլվան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել