Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պահանջում են ազատել

Սեպտեմբեր 19,2007 00:00

Ի պաշտպանություն Սեֆիլյանի, Մալխասյանի եւ Արոյանի՝ բողոքի ակցիա էր կազմակերպվել

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում երեկ շարունակվեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի եւ նախաձեռնության անդամ՝ 2 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Մալխասյանի ու 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Վահան Արոյանի գործով դատավարությունը: Մինչ դատական նիստի սկսելը՝ դատարանի շենքի առջեւ բողոքի ակցիա կազմակերպած ամբաստանյալների հարազատներին ու ընկերներին միացան «Ժառանգություն» կուսակցությունից՝ ԱԺ պատգամավորներ Վարդան Խաչատրյանը, Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը: Վ. Խաչատրյանը դիմելով հավաքվածներին, ասաց. «Այստեղ կանգնած պահանջում ենք ժողովրդի ճակատից ջնջել այս խարանը: Անձինք, ովքեր ժամանակին իրենց կյանքն են դրել պատերազմի զոհասեղանին, որից կախված էր հայ ժողովրդի գոյությունը, այսօր գտնվում են ստորացուցիչ վիճակում: Սա խարան է հայ ժողովրդի ճակատին, ինչքան հնարավոր է շուտ պետք է ազատվել դրանից: Այսօր մենք կանգնած ենք վերաքննիչ դատարանի առջեւ, որի բացարձակ իրավունքն է կալանքից ազատել այս անձանց: Հանցագործի համար պատասխանատու են երկրի իրավական կառույցները, իսկ անմեղ մարդկանց համար պատասխանատու է ողջ հասարակությունը: Դիմելով հասարակությանն ու դատարանին, պահանջում ենք անհապաղ իրացնել այս բացառիկ իրավունքը եւ վերջ դնել խայտառակությանը»:

Զ. Փոստանջյանը նույնպես իր պահանջը ներկայացրեց: Նրա խոսքերով, պետք է հետեւել արդարադատության իրականացման պահանջի իրականացմանը. «Այսօր մենք ներկայացնելով հասարակությունը՝ պահանջում ենք, որպեսզի ազատ արձակեք Ժիրայր Սեֆիլյանին ու Վարդան Մալխասյանին»: Իսկ Անահիտ Բախշյանի փոխանցմամբ, Սեֆիլյանի ու Մալխասյանի նման մարդկանց ներկայությունը օդի ու ջրի նման անհրաժեշտ է հասարակությանը: «Այս տղաները պարտավոր են լինել ազատ, շրջել ամեն տեղ, որպեսզի ցույց տան, թե ինչպիսին պետք է լինի հայ տղամարդը: Նրանց ձերբակալելով ու անօրեն պահելով դատարանում՝ մեր իշխանություններն ասում են, որ այս տեսակը մեզ պետք չէ, այս տեսակին պետք է փակել»,- հայտարարեց Ա. Բախշյանը: Երբ դահլիճ բերվեցին ամբաստանյալները, տեղից մի կին բղավեց՝ «Դուք մեր ազգի հերոսներն եք, բայց ափսոս, որ շղթայակապ եք», իսկ Վարդան Մալխասյանն էլ պատասխանեց, որ ամեն ինչ լավ կլինի: Դահլիճում ներկա գտնվողներին բացարձակապես դուր չեկավ այն փաստը, որ դատավոր Մհեր Արղամանյանը նիստի ընթացքում շարունակ մերժում կամ էլ, լավագույն դեպքում, հետաձգում էր Ժ. Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունները: Այդ պատճառով ոմանք տեղերից արձագանքեցին՝ իրենց համոզմամբ, «սխալ» մերժմանը: Իսկ այդ պահին նախագահող Մ. Արղամանյանը առաջարկեց լռել, իսկ տեղերից միջամտողներին՝ «գոռալ դրսում»: Ժ. Սեֆիլյանն էլ օգտվելով իր իրավունքներից՝ նիստի ժամանակ հրաժարվեց պատասխանել դատավորի հարցերին: Նա պարզապես հայտարարեց, որ համաձայն չէ հնչած մեղադրանքներին եւ ասաց. «Ես ոչինչ էլ չեմ ասի: Դուք պատվեր եք կատարում: Սա քաղաքական պատվեր է»: Ժ. Սեֆիլյանի պաշտպանն էլ իր պաշտպանյալին տրված հարցերը որակելով իբրեւ մեղադրական՝ միջնորդեց դատարանին, որպեսզի վերջինս դադարեցնի եւ նմանատիպ հարցեր չտա իր պաշտպանյալին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել