Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք ձեր հեռախոսի պահակը չենք»

Սեպտեմբեր 19,2007 00:00

«ԱրմենՏելը» խորհուրդ է տալիս բաժանորդներին հեռախոսահամարը կոդավորել՝ անկախ իրենցից Հունաստան, Վրաստան կամ Թուրքիա չզանգելու համար:

Օրերս «ԱրմենՏել» ընկերությունը ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներից մեկի դեմ (հեռախոսահամարը՝ 256596) Քանաքեռ-Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարանում հայց է ներկայացնել՝ րոպեավճարը բռնագանձելու պահանջով: Ընկերությունը մեղադրում է բաժանորդին իր ծառայություններից օգտվելու եւ դրա դիմաց 86 հազար դրամը չվճարելու համար: Բաժանորդը՝ Սվետլանա Հարությունյանը, վստահեցնում է, որ «ԱրմենՏելն» իր հեռախոսահամարի վրա անհիմն պարտքեր է գրանցել: Նրա խոսքերով՝ «ԱրմենՏելի» հետ տարաձայնությունները սկսվել են դեռ տարիներ առաջ՝ 1999-ին: Ես պարտադիր ամեն ամիս մուծել եմ թե՛ բաժանորդային, թե՛ միջքաղաքային պարտքս, սակայն մի օր հեռախոսս անջատեցին: Երբ դիմեցի 25-ի ԱՀԿ (ATC), ինձ տեղեկացրին, որ իբրեւ թե ես 140 հազար դրամի պարտք ունեմ: Զարմանքիս չափ ու սահման չկար: Երբ «ԱրմենՏելից» խոսակցությունների թերթիկ պահանջեցի՝ անակնկալի եկա: Պարզվեց, որ ես՝ բան ու գործս թողած, ամբողջ օրը հեռախոսով Ամերիկա եմ խոսել»: Բաժանորդի հավաստմամբ, խնդրի պարզաբանման նպատակով ինքը մի քանի անգամ դիմել է «ԱրմենՏելի» գրասենյակ, սակայն ամեն անգամ արժանացել է կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի. «Ի պատասխան իմ հարցերին՝ աշխատողներն ինձ դժկամորեն պատասխանում էին, որ իմ հեռախոսի պահակը չեն ու իրենց բնավ էլ չի հետաքրքրում, թե այդ պարտքն իմ հեռախոսի վրա ինչպես է գոյացել: Նրանք ինձ ամեն անգամ կոպիտ շպրտում էին, թե մեզ չի հետաքրքրում՝ դո՞ւ ես խոսել Ամերիկա, թե՞ մի այլ մարդ, պարտքը քո հեռախոսի վրա է, դու էլ պարտավոր ես այն մարել: Կարող ա ձեր տուն եկող-գնացողներն ու հարեւաններդ են առանց քեզ տեղյակ պահելու քո հեռախոսից օգտվել»: Այդ ժամանակ տեսնելով, որ անհնար է «ԱրմենՏելին» ապացուցել, որ Ամերիկայում բարեկամներ չունի եւ նրանց հետ ժամերով չի խոսել՝ Ս. Հարությունյանը ստիպված հարմարվել է պարտքի հետ ու այն մուծել, որ հեռախոսից կարողանա օգտվել: Սակայն հեռախոսահամարը միացնելուց մի քանի օր անց «ԱրմենՏելից» նորից այն անջատել են: «Երբ դարձյալ դիմեցի 25-ի ԱՀԿ, այս անգամ էլ աշխատակիցներից մեկն ինձ պատասխանեց, որ իմ հեռախոսահամարի վրա 110 հազար դրամի պարտք կա: Փաստորեն, տեսան, որ իմ չխոսացածի դիմաց մի անգամ սուսուփուս մուծեցի, երկրորդ անգամ էլ նորից վրաս անտեղի գումարներ բարդեցին: Էս անգամ էլ հեռախոսային խոսակցությունների թերթիկն ավելի բազմազան էր, անգամ անջատած ժամանակ հեռախոսիս վրա դեպի Վրաստան, Թուրքիա, Հունաստան ու էլի շատ ուղղություններով զանգեր էին արձանագրել»,- պատմեց Ս. Հարությունյանը:

Նկատենք, որ թե՛ «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը, թե՛ ներկայիս տնօրեն Օլեգ Բլիզնյուկն Արեւելյան Թիմոր, Նոր Գվինեա ու ընդհանրապես բաժանորդի կամքից անկախ գրանցված զանգերի պարտքերը սառեցրել էին, ու թե ինչու Ս. Հարությունյանի պարտքը շարունակել է «տաք» մնալ ու դեռ մի բան էլ ավելանալ՝ պարզաբանումներ խնդրեցինք «ԱրմենՏելից»: Ընկերությունից «Առավոտին» հավաստիացրին, որ այդ բաժանորդը երբեւէ իր բողոքի կամ որեւէ դժգոհության մասին իրենց չի դիմել. «Գուցե նա բանավոր է բողոքել, բայց եթե գրավոր դիմեր՝ մենք անպայման նրա բողոքին կանդրադառնայինք»: Ընկերության մամուլի պատասխանատու Հասմիկ Չութիլյանը նաեւ տեղեկացրեց, որ ընկերության տնօրինությունը սառեցրել է միայն ինտերնետ հեռախոսակապի միջոցով կուտակված պարտքերը, իսկ Ս. Հարությունյանի պարտքն առաջացել է «ԱրմենՏելի» ֆիքսված հեռախոսակապից, ոչ թե միջազգային ինտերնետ ցանցից օգտվելու շնորհիվ: «ԱրմենՏելից» խորհուրդ տվեցին բոլոր բաժանորդներին իրենց հեռախոսահամարները կոդավորել, որպեսզի հարեւաններն ու բարեկամներն առանց տանտիրոջ իմացության՝ հեռախոսահամարից չօգտվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել