Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պ. ՕՀԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԺԵԼՈ՞Ւ ԵՆ

Սեպտեմբեր 19,2007 00:00

«Ռոյալ Արմենիա» ընկերության գործով անցած հուլիսին արդարացման վճիռ կայացրած Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանը, ում նկատմամբ կարգապահական վարույթ է սկսվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ ասաց, որ կատարել է իր ընտրությունը, ինչի համար չի զղջում:

«Այդ գործը ստիպեց ինձ այլ աչքով նայել ինքս ինձ, իմ գործին, իմ խղճին: Ստիպված եղա ընտրություն կատարել… Կամ պետք է ես անարդար դատավճիռ կայացնեի եւ մարդկանց դատապարտեի բավականին խիստ պատիժների, եւ կամ, իհարկե, պետք է իրականացնեի վերջապես արդարադատությունը՝ չունենալով դրա համար, կարելի է ասել, ոչ մի հոգեւոր աջակցություն,- ասաց Պարգեւ Օհանյանը՝ շարունակելով. «Այո, կատարեցի այդ ընտրությունը ու չեմ զղջում»:

Հուլիսի 16-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը՝ Օհանյանի նախագահությամբ, դատարանի դահլիճից ազատ էր արձակել գրեթե երկու տարի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում անցկացրած «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին՝ Գագիկ Հակոբյանին ու Արամ Ղազարյանին, ովքեր մեղադրվում էին մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեջ:

Սկսված կարգապահական վարույթի շրջանակներում սեպտեմբերի 26-ին Արդարադատության խորհուրդը քննարկելու է Օհանյանի հարցը: Պատասխանելով իր նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու պատճառների մասին հարցին՝ Պարգեւ Օհանյանը ասաց. «Ցավոք, չեմ կարող բացառել, որ հենց այդ [«Ռոյալ Արմենիա»-ի գործով] դատավճռի կայացման արդյունքում է այս գործընթացը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել