Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեռանում է՝ մնալով

Սեպտեմբեր 19,2007 00:00

Տիգրան Ուրիխանյանը հեռանում է ՀԱԿ նախագահի պաշտոնից՝ մնալով Սերժ Սարգսյանի ջերմ երկրպագուն:

Նոյեմբերի 3-ին նախատեսված է Հայաստանի առաջադիմական կուսակցության համագումարը: Սպասվում էր, որ այդ օրը կուսակցական պատվիրակները՝ հանուն Հայաստանի Հանրապետության պայծառ ապագայի, իբրեւ ՀՀ նախագահի թեկնածու կառաջադրեն ու նույնքան ջանասիրաբար կպաշտպանեն, որ հետո հօգուտ Սերժ Սարգսյանի հանեն կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: Սակայն, «Առավոտի» տեղեկություններով, չի բացառվում իրադարձությունների կտրուկ շրջադարձ, ընդհուպ մինչեւ այն, որ համագումարի ժամանակ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվի կուսակցական առաջնորդի դերից: Ինքը՝ Տ. Ուրիխանյանը, այս առիթով «Առավոտի» հարցադրմանն այսպես արձագանքեց. «Ես չեմ պատրաստվում հրաժարվել: Ես մտածում եմ, որ դրա հավանականությունը կա: Կուսակցության մեջ որեւէ տրոհում չկա: Հակասություններ կան, բայց միայն գործողությունների ձեւաչափի եւ ուղղվածության առումով փոփոխություններ ցանկացողներ կան»: Այսինքն՝ «Վերջին շրջանում կուսակցությունը համալրվեց նախկինում ձախակողմյան համոզմունքներ ունեցող քաղաքական գործիչներով: Այն հիմնական թիմը, որը կուսակցությունը տարավ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ ինչ-ինչ հիասթափությունների կամ հավանաբար չարդարացված հույսերի պատճառով, մարդիկ ավելի կոշտ, կոնկրետ, պահանջատիրական կերպով աշխատելու կողմնակից են: Ասել է թե՝ կուսակցությունն այսօր առաջադրում է պայմաններ: Ես չեմ կարողանում աշխատել այն մթնոլորտում, որտեղ մարդիկ ունեն ակնկալիքներ՝ ժողովրդից, համագործակիցներից, պետությունից, քաղաքական բանակցային կողմերից»:

Կուսակցությունը հայտ է ներկայացրել հոկտեմբերի 20-ին Ազնավուրի հրապարակում կուսակցական հանրահավաք կազմակերպելու, որի ժամանակ Տ. Ուրիխանյանը այս խնդիրների շուրջ պատրաստվում է խոսել կուսակցական ներքեւների հետ: Կախված նրանց արձագանքից՝ պարզ կլինի համագումարում ծավալվելիք իրադարձությունների սցենարը:

Մեր զրուցակիցը նաեւ հավաստիացնում է, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու առումով կուսակցության վարչությունում տարաձայնություններ չկան, բայց «մարդիկ աշխատանքներ են ուզում գործադիր իշխանությունում, կուսակցության հետագա գործունեությունն են ուզում ապահովագրել… ես պայմաններ չեմ առաջադրում: Դուք տեսաք՝ ես ինչպես վարվեցի՝ ինչ արշավ տարա եւ ինչ կարգավիճակում հայտնվեցի խորհրդարանական ընտրություններից առաջ, ընթացքում եւ հետո: Ես երբեք ակնկալիքներ չեմ ունեցել, ոչ մի տեղ չեմ պատրաստվում ինձ ճղել: Միգուցե ես գիտեի՞, որ ոչինչ էլ չի լինելու: Միգուցե: Բայց սա գործող կուսակցություն է, ունի գրասենյակներ, մարդիկ, կառույցներ եւ այլն, ուրեմն դա օդից չի, եւ կուսակցությունը կարող է բանակցային սեղանին ինչ-որ բան դնել: Ես դա չեմ պատրաստվում անել»:

Սերժ Ազատիչին կուրորեն սիրելու մոլուցքը Տ. Ուրիխանյանն այսպես բացատրեց. «2,5 տարի առաջ, ըստ իմ նախասիրության, համոզմունքի, ես սկսել եմ աշխատել այդ ուղղությամբ, հիմա կանգնեմ ասեմ՝ վերջին ամիսների աշխատանքիս համար ինձ մարմելադի տուփ տվե՞ք»: Ապա մտավախություններ արտահայտելով աշխարհաքաղաքական, մասնավորաբար՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների հետագա զարգացման առումով, նա խորհեց Հայաստանի հետագա գոյության մասին՝ հընթացս հիմնավորելով, թե ինչու վարչապետը պետք է դառնա նախագահ: Եվ, ի հակադրություն «Առավոտի» դիտարկման՝ «Եթե Սերժ Սարգսյանը լինի Հայաստանի նախագահ, ԱՄՆ-ն Իրանին պատերազմ չի՞ հայտարարի», Տ. Ուրիխանյանն ասաց. «Եթե ՀՀ-ն կարողանա դառնալ ու իրեն պահպանել որպես ժողովրդավարական երկիր եւ առաջնորդ տարածաշրջանում, ունենալ ժողովրդի վստահությունը վայելող առաջնորդ՝ առաջին փուլում 80-85 տոկոսով ընտրված. լա՞վն է Սերժ Սարգսյանը, վա՞տը, ի՞նչ ձեւով է ընդունվում՝ այլ հարց է, բայց այսօր նա ֆավորիտ է եւ վաղը ամենաբարձր ամբիոններից կկարողանա բարձրացնել ՀՀ-ի անվտանգության հարցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել