Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՆՉԵՂՈՒԹՅՈՒՆ՝ «ՀՅԴ ԲՐԵՆԴԻՆ»

Սեպտեմբեր 19,2007 00:00

\"\"ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի դիտարկմամբ, ՀՅԴ-ն նաեւ այդ նպատակն է հետապնդում՝ ձգձգելով ՀՀ նախագահի իր թեկնածուի որոշակիացման հարցը:

Այս շաբաթ ԼՂՀ-ում գումարված ՀՅԴ Գերագույն ժողովի ընդունած որոշման համաձայն, առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցությունը առաջադրելու է իր սեփական թեկնածուին եւ նոյեմբերին կկատարի վերջնական ընտրություն իր երկու թեկնածուների՝ ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի միջեւ: Երեկ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը «Նոյյան տապանի» թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով առաջիկա նախագահական ընտրություններում սեփական թեկնածուով հանդես գալու ՀՅԴ Գերագույն ժողովի որոշումը՝ ասել է, թե առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանել այդ փաստը եւ հարցի շուրջ իր մեկնաբանությունը կանի կուսակցության կողմից վերջնական որոշում ընդունելուց հետո միայն:

Փոխարենը՝ դաշնակցական երկու հավանական թեկնածուների միջեւ ընտրության հարցն ապագային թողնելու հանգամանքը մեր խնդրանքով մեկնաբանել է ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը: Վերջինս ասաց, թե առհասարակ նախագահական ընտրությունների տրամաբանության համատեքստում կարեւորելով անձերի դերը՝ կարծում է, որ կոնկրետ ՀՅԴ-ի պարագայում կուսակցությունը նախընտրական հաշվարկի հիմքում դրել է, Ա. Աշոտյանի ձեւակերպմամբ՝ ավելի շատ «ՀՅԴ բրենդին» քաղաքական հնչեղություն տալը եւ այդ բրենդի համար տրվելիք ձայների ակնկալիքը եւ ոչ թե այս կամ այն թեկնածուի խիստ արտահայտված առավելությունները: «Հույս ունեմ՝ անկախ նրանից, թե ով է դառնալու ՀՅԴ-ի կողմից առաջադրվող նախագահի թեկնածու, երկուսի դեպքում էլ իրենց ներգրավվածությունն ԱԺ աշխատանքների մեջ չի տուժի»:

ՀՅԴ Գերագույն ժողովից հետո այդ կուսակցության հավանական թեկնածուներից մեկը՝ ԱԺ փոխխոսնակ Վ. Հովհաննիսյանը, ըստ «Lragir.am»-ի, խիստ քննադատել է երկրի տնտեսական քաղաքականության կուրսը եւ ի պատասխան այն հարցին, թե՝ ՀՅԴ-ն կլինի իշխանամե՞տ, թե՞ ընդդիմադիր ուժ, ասել է. «Մենք կլինենք թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության այլընտրանքը: Մենք կարողացանք ցույց տալ, որ կարելի է լինել «այլ իշխանություն», ընդդիմության մեջ էլ՝ թշնամի չլինել»:

Արձագանքելով այդ հայտարարությանը՝ Ա. Աշոտյանն ասաց, որ «դժվար» է հասկանում, թե ինչ է նշանակում «այլ իշխանություն» ասվածը. «Որքան էլ մեր գործընկերների կողմից ցանկալի լիներ, որ հրապարակ նետած այդ նոր անվանարկումը քաղաքական ինչ-որ մի իմաստ ստանար, բայց, կարծում եմ, Հայաստանի քաղաքականության մեջ ներկայացված այլ ուժեր չեն կարողանա այդ նոր ձեւակերպմանը քաղաքական պարունակություն եւ բնութագիր տալ: Ցանկացած քաղաքական նորարարություն պետք է տեղավորվի ընդհանուր քաղաքական տրամաբանության մեջ, թեպետ իմ խնդիրը չէ այս կամ այն քաղաքական ուժի ընտրած ռազմավարության, նախընտրական մոտեցումների հաջողված լինելու մեջ ավելի շահագրգիռ լինել, քան՝ իրենք են: Բայց պետք է հիշեցնեմ, որ մեր նորագույն պատմության մեջ հայաստանյան մի շարք քաղաքական ուժեր փորձել են այդ կերպ ներկայանալ հանրությանը, օրինակ՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը, վերջին ընտրությունների ժամանակ՝ Կարապետիչի «Ժողովրդական» կուսակցությունը, «Այլընտրանք» նախաձեռնությունը: Թե ի՞նչ է ստացվել արդյունքում, կարծում եմ, հանրությունը շատ լավ հիշում է: Այդուհանդերձ, քաղաքական ցանկացած ընտրություն հասարակության աչքերով «կամ-կամ»-ի ընտրություն է, եւ հասարակությունը, կարծես թե, նախընտրում է հստակ քաղաքական դաշտ եւ ոչ թե անցումային կամ կիսաանցումային քաղաքական կերպարանափոխություններ, որքան էլ որ ազնիվ կամ հեռահար մոտեցումներ ունենան այդ կիսաանցումային քաղաքական ձեւերը»: Ա. Աշոտյանը կասկած հայտնեց, թե Վ. Հովհաննիսյանի մատնանշած «այլընտրանքը» հավասարակշռված քաղաքականության մոդել է, «որովհետեւ թե՛ բուն ընդդիմություն, թե՛ բուն իշխանություն ներկայանալու դեպքում ցանկացած ուժ ունենում է ե՛ւ իրավունքներ, ե՛ւ պարտականություններ»: ՀՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ, ՀՅԴ-ն փորձում է սինթեզել իշխանության եւ ընդդիմության իրավունքների հատվածը, եւ ըստ նրա՝ «ակնհայտ է, որ միայն իրավունքներով առաջնորդվելու դեպքում խեղաթյուրվում է քաղաքական գործընթացը, եւ այլընտրանք կոչվածը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության պատասխանատվությունից ընդամենը զերծ մնալու փորձ է»: Իհարկե, մտածել, թե 117-ամյա ՀՅԴ-ն այնքան միամիտ է, որպեսզի միաժամանակ ստանձնի իշխանություն եւ ընդդիմություն բնութագրիչներից միայն պատասխանատվությունը, թերեւս, արդեն իսկ միամտություն է:

Ա. Աշոտյանի կարծիքով, «ակնհայտ է, որ բուն իշխանական դաշտում ՀՅԴ-ն մրցունակ չէ, որովհետեւ ԱԺ ընտրությունների արդյունքում, որոնք, ի դեպ, ճանաչվել են ՀՅԴ կողմից, իշխանական դաշտում ՀՅԴ-ն պայքարելու մրցունակ չէ, որովհետեւ ակնհայտ է նաեւ, որ գերհզոր «Հանրապետականի» եւ ուժեղ ԲՀԿ-ի ներկայացվածության դեպքում ՀՅԴ-ն քիչ անելիքներ ունի: Մեր քաղաքական գործընկերները նաեւ լավ հասկանում են, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում կա կադրային պակաս, որոշակի քաղաքական վակուում, եւ գուցե հասկանալով, որ իշխանական դաշտում քարոզչական տեսանկյունից իրենք որեւէ լուրջ ակնկալիք ունենալ չեն կարող, որոշել են իրենց համար հենարան դարձնել ընդդիմադիրի կեցվածքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ դաշտում կա գործունյա ուժերի սակավություն: Գուցե ՀՅԴ-ն գերադասում է լինել առաջին ուժը գյուղում, քան երրորդը՝ քաղաքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել