Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 18,2007 00:00

\"\"Առաջին օլիմպիական վարկանիշը՝ Բաքվում

Բաքվում մեկնարկեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ, բացի մեդալներից, խաղարկվում են նաեւ Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր քաշային կարգում 1-8-րդ տեղերը գրավողները 2008 թվականին Չինաստան մեկնելու իրավունք են ստանում: Հայաստանի հունահռոմեական եւ ազատ ոճերի ազգային հավաքականները հարեւան հանրապետություն մեկնել են ամբողջական կազմերով:

Երեկ մրցագորգը տրամադրվել էր հունահռոմեական ոճի 55, 60 եւ 66 կիլոգրամ քաշային ըմբիշներին, որտեղ մեր երկիրը, համապատասխանաբար, ներկայացնում էին Ռոման Ամոյանը, Խոսրով Մելիքյանը եւ Արման Ադիկյանը: Ցավոք, առաջին երկուսը ոչնչով աչքի չընկան եւ հենց առաջին գոտեմարտերը տանուլ տալով՝ անմասն մնացին մեդալների եւ ուղեգրերի համար պայքարից: Ճիշտ է, Ռոմանը մոտ երեք ամիս առաջ ուսի վնասվածք էր ստացել եւ նոր է սկսում վերադառնալ միջազգային ասպարեզ, իսկ Խոսրովը զիջեց Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Սուրեն Գեւորգյանին: Դրա փոխարեն իրեն լավագույն կողմերով դրսեւորեց Արման Ադիկյանը: Պայքարի մեջ ներգրավվելով երկրորդ փուլից՝ Ադիկյանը նախ պայքարից դուրս մղեց ճապոնացի Իմուրո Մասակիին, ապա առավելության հասավ ղրղզստանցի Կանատբեկ Բաքալիեւի նկատմամբ, երրորդ գոտեմարտում հաղթեց Օլեքսանդր Խվոշչին (Ուկրաինա), սակայն կիսաեզրափակիչում զիջեց ֆրանսիացի Սթիվ Ժենոյին:

Բրոնզե մեդալի համար պայքարում Արմանն ուժերը չափեց բուլղարացի Նիկոլայ Գեորգիեւի հետ: Առաջին մրցափուլը հայ ըմբիշը շահեց 5:0 հաշվով: Սակայն գորգի մրցավարը երկրորդ փուլում միանգամայն անհիմն նկատողություն հայտարարեց մեր ըմբիշին՝ նրան պատժելով նաեւ միավորով: Դրանից հետո Արմանը մի տեսակ ընկճվեց ու տանուլ տվեց նաեւ երրորդ մրցափուլն ու ամբողջ գոտեմարտը: Այդուհանդերձ, հանրապետության վաստակավոր մարզիչ Արթուր Թովմասյանի սանը Հայաստանի համար նվաճեց ըմբշամարտի առաջին օլիմպիական ուղեգիրը:

Այսօր մեր հանրապետությունից մրցագորգ են մտնելու 74 կգ քաշային, աշխարհի երիտասարդների չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, Դենիս Ֆորովը՝ 84 կգ եւ Արման Գեղամյանը՝ 96 կգ:

Արոնյանի գործերը վատ չեն

\"\"Մեքսիկայի մայրաքաղաքում ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնության համար մրցամարտում կայացած չորս պարտիաներից հետո երեկ հանգստյան առաջին օրն էր:

Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը, որին մասնագետները ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի եւ հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ միասին համարում են հաղթողի գլխավոր հավակնորդ, առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Մորոզեւիչի (Ռուսաստան) հետ, երկրորդում զիջել է Անանդին, երրորդում միավորը կիսել Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ եւ չորրորդում հաղթել է հունգարացի Պետեր Լեկոյին:

Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են Անանդն ու Կրամնիկը: Արոնյանը, Գրիշչուկը, Մորոզեւիչը եւ իսրայելցի Բորիս Գելֆանդը 2,0-ական միավորով բաժանում են 3-6-րդ հորիզոնականները, իսկ մրցաշարային աղյուսակը 1,5-ական միավորով եզրափակում են Պետեր Լեկոն եւ Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան):

Այսօր կայանալիք հինգերորդ տուրում զույգեր են կազմելու Անանդն ու Սվիդլերը, Գրիշչուկն ու Մորոզեւիչը, Լեկոն ու Կրամնիկը, Արոնյանն ու Գելֆանդը:

Արմեն Նազարյանն օլիմպիական ուղեգիր նվաճեց

Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեց ձյուդոյի աշխարհի 25-րդ առաջնությունը, որտեղ մեր հանրապետության հինգ ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկավ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը: Նա իր քաշային կարգում գրավեց 5-րդ տեղը եւ Հովհաննես Դավթյանից (60 կգ) հետո դարձավ 2008 թվականին Չինաստանում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայաստանցի երկրորդ ձյուդոիստը:

Աշխարհի առաջնության թիմային պայքարում Հայաստանը 138 երկրների մեջ գրավեց 31-րդ տեղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել