Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նոր հորիզոններ Ռուբեն Էլբակյանի համար

Սեպտեմբեր 18,2007 00:00

Ֆրանսաբնակ տենորը պատրաստվում է «նվաճել» նաեւ եվրոպական օպերաների բեմերը

Ազգային օպերային թատրոնում սեպտեմբերի 28-ին կկայանա ֆրանսաբնակ տենոր Ռուբեն Էլբակյանի մենահամերգը՝ ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանի բարձր հովանու ներքո: Համաշխարհային դասական երգարվեստում իր ուրույն տեղը գտած նեապոլիտանական երգերի էլբակյանական մեկնաբանումները կնվագակցի դաշնակահարուհի, Երեւանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Աննա Մանդալյանը: Տեղեկացնենք, որ երգչի վերջին համերգը հայրենիքում տեղի է ունեցել 2001-ին, Կամերային երաժշտության տանը՝ ֆրանսիական դեսպանատան հրավերով:

Ռուբեն Էլբակյանը սիրով զրուցեց «Առավոտի» հետ:

Սիրված արվեստագետին խնդրեցինք տեղեկացնել Եվրոպայում, մասնավորապես՝ Ֆրանսիայում իր կարիերան շարունակելու մտադրության մասին: Նշենք, որ ժամանակին մասնագետները հիացմունքով էին խոսում Երեւանի պետական կոնսերվատորիայում մեծանուն Գոհար Գասպարյանի ասպիրանտի մասին: «1998-ին օպերային հայտնի երգչուհի Ելենա Վասիլեւան մենահամերգով եկել էր Հայաստան, որից հետո նա սիրով վարպետության դասեր տվեց մի շարք հայ երիտասարդ երգիչների, այդ թվում՝ նաեւ ինձ: Բարձր գնահատելով ձայնային տվյալներս, ինձ առաջարկեց կատարելագործվել Ֆրանսիայում: Եվ այսպես, 1998-ից սկսած, կյանքս եւ ստեղծագործական գործունեությունս կապվեց Փարիզի հետ: Խոսքը վերաբերում է մասնավորապես կամերային երեկոներին: Աշնան վերջին էլ Գերմանիայում հանդես կգամ Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայում՝ Նեմորինոյի դերերգով եւ «կկերտեմ» Լենսկի՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգինում»,- հայտնեց Ռուբեն Էլբակյանը: Հետաքրքրությանը, թե ով է իր մենեջերը, մեր զրուցակիցն ասաց. «Մենեջերս կինս է, համագործակցում եմ նաեւ իտալական եւ շվեյցարական ագենտների հետ»: Հարցին՝ եվրոպաներում բազմաթիվ մենահամերգներով հանդես եկած երգիչն ինչո՞վ կբացատրի օպերային արվեստում ուշացած մուտք գործելը, Ռուբեն Էլբակյանը պատասխանեց. «Ինչո՞վ կարող եք բացատրել հանրահռչակ տենորներ Մարիո Լանցայի եւ Անդրեա Բոչելլիի օպերա բացարձակ մուտք չգործելու փաստը: Շատ ճանաչված օպերային երգիչներ խուսափում են մենահամերգներով հանդես գալ, քանզի դա կրկնակի պատասխանատվություն է: Նշեմ նաեւ, որ տենորի իրական մեծ կարիերան օպերային արվեստում սկսվում է մոտավորապես 40 տարեկանից. ասածիս փայլուն օրինակներն են համաշխարհային օպերային տենորները»: Ռուբեն Էլբակյանի www.rouben-elbakian. com կայքից ծանոթանում ենք ոչ միայն մասնագետների, նաեւ այլ հեղինակությունների կարծիքներին երգչի մասին:

Հայ երգիչը հասցրել է արժանանալ անգամ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Նիկոլա Սարկոզիի ուշադրությանը: Վերջինս հետեւյալ մաղթանքն է հղել. «Ցանկանում եմ նորանոր հաջողություններ այս մեծ հեղինակություն վայելող արտիստին»: ՅՈՒՆԵՍԿՕ-ում Del-Salvador-ի նախարար Լյուսի Կալդերոնն այսպես է արտահայտել իր հիացմունքը. «Վեհաշուք ձայն եւ բեմական փառահեղ կեցվածք»: Շարլ Ազնավուրն էլ նրան ցանկացել է «իր տաղանդին համազոր հաջողություն»: Տարիներ առաջ երաժշտագետ Էլիզաբեթ Բեռնարը գրել է. «Ոսկեհունչ ձայն, հզոր եւ քնքուշ, միաժամանակ շատ գեղեցիկ տեմբր, մեկնաբանություն, որի ընթացքում երաժշտությունը վերածվում է երանգների եւ ներդաշնակությունների խաղի: Եվ ինչպիսի՜ բեմական կեցվածք: Կարիերայի խոշոր հնարավորություններ ունի Հայաստանից ժամանած Կարուզոն»:

Նշենք նաեւ, որ նա առաջին հայազգի երգիչն էր, որ ելույթ է ունեցել Վերսալի եւ Սենատի պալատներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել