Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կցուցադրեն հայկական սերիալներ

Սեպտեմբեր 18,2007 00:00

ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը խոստացավ Հ1-ի եթերում վերջ դնել լատինաամերիկյան սերիալներին:

Երեկ Հանրային հեռուստառադիոյի խորհրդի (ՀՀՌԽ) նախագահ Ալեքսան Հարությունյանը Հանրային ռադիոյի մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել: Նա նշեց, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ասպարեզում հեղափոխություն է սպասվում՝ կապված թվայնացման հետ: ՀՀՌԽ նախագահը տեղեկացրեց որ առաջիկայում պատրաստվում են հայ- ռուսական համատեղ ֆիլմ նկարել. «Դա լինելու է մի քիչ ամերիկյան ոճի ֆիլմ, որը վերաբերում է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: Նա պաշտոնական այցով Հայաստան է եկել եւ նրա դեմ իբր մահափորձ է կազմակերպվում: Այն նաեւ հայ-ռուսական հատուկ ծառայությունների համագործակցության մասին է»:

Լրագրողի հարցին, թե ինչպես է Հանրայինը պատրաստվում նախագահական ընտրություններին, Ա. Հարությունյանը նշեց. «Կարծում եմ, որ նախագահական ընտրություններում մեր աշխատանքի վերաբերյալ միջազգային, մասնավորապես՝ ԵԱՀԿ դիտորդների գնահատականը ավելի վատ չի լինի, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր: Մենք կատարելագործում ենք մեր մարզային ցանցերը եւ նախապատրաստում մեր թղթակիցներին: Ավելացնում ենք ուղիղ միացումների հնարավորությունները: Ընտրությունները կլուսաբանենք այնպես, ինչպես երբեւէ չի եղել՝ հավասարապես կանդրադառնանք բոլոր թեկնածուներին»: Հաջորդ հարցին, թե ինչո՞ւ Հանրային հեռուստաընկերության նկարահանած «Մի վախեցիր» ֆիլմը չներկայացվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնին, ավելին՝ շատերի կողմից ընկալվեց որպես անորակ ու ռաբիս, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Երբ ֆիլմեր ենք նկարում, մեր առջեւ խնդիր չենք դնում «Ոսկե ծիրանին» ներկայացնելու կամ էլ «Օսկարի» արժանացնելու: «Մի վախեցիր»-ի DVD-ները վաճառվում են, երգերը սիրված են: Առաջին ցուցադրումը 85-90% հեռուստալսարան է ապահովել: Այդ ֆիլմի DVD-ն Հայաստանում, Ամերիկայում եւ ամբողջ աշխարհում մինչեւ հիմա ամենաշատն է վաճառվել»: «Օտար խաղեր» հեռուստաշարքին ու լատինաամերիկյան սերիալներին վերաբերող հարցերին էլ նա այսպես պատասխանեց. «Օտար խաղեր» հաղորդաշարքը բարձր վարկանիշի պատճառով դեռ երկար կմնա եթերում: Ինչ վերաբերում է լատինաամերիկյան սերիալներին, դրանք աստիճանաբար կպակասեն Հ1-ի եթերից: Հասարակության 60-70%-ը նայում է այդ սերիալները, եւ պետք է բավարարել նրանց ճաշակը: 2-3 տարուց որեւէ լատինաամերիկյան սերիալ չի լինի Հ1-ի եթերում: Մինչեւ նոր տարի՝ կսկսեն ցուցադրվել միայն հայկական սերիալները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել