Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարձակում խմբագրի վրա

Սեպտեմբեր 18,2007 00:00

Մետաղյա ձողերի հարվածի հետեւանքով վիրահատել են գլուխը

Բժիշկը զննելուց հետո հայտնում է քննիչին, որ լրագրողն ի վիճակի է ցուցմունքներ տալու:

Հետաքննիչ Սարգսյանը Հայկ Բաբուխանյանին խոստանում է, որ գործը կբացահայտվի:

Դժվար է լրագրողի մայր լինելը

Շաբաթ օրը ժ. 19-ի սահմաններում տեղեկացանք, որ Նոր Նորքի «Սրբ. Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոն» են տեղափոխում «Իսկական իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին: Ընդամենը օրեր առաջ էր լրացել անցյալ տարի նրա դեմ կատարված մեկ այլ ահաբեկչության 1 տարին: Շաբաթ օրը Հովհաննեսի վրա խմբագրության շենքում՝ Խանջյան 19ա հասցեում հարձակվել են 2 հանցագործ, որոնք զինված էին մետաղյա ձողերով:

Հովհաննեսին բուժկենտրոնում առաջինը դիմավորեց «Առավոտը». գլուխն ամբողջովին արյան մեջ էր, դեմքն ու քիթը՝ կարմրած, վերնաշապիկն ասես արյան դույլից հանած լինեին: Հավանաբար դա էր պատճառը, որ նրան նկարելն այդ պահին արգելվեց ու Հովիկին սայլակով տարան բուժկենտրոնի վերակենդանացման բաժին:

Վայրկյաններ անց բժիշկ Փափազյանը տեղեկացրեց, որ Հովիկին վիրահատում են: Լրագրողի գլխին 6 կար դրվեց: Պարզվեց, որ նա ստացել է ուղեղի ցնցում: Գիշերվա ժ.10.20-ի սահմաններում հիվանդանոց եկավ ԱԺ պատգամավոր, մեր գործընկեր Նաիրա Զոհրաբյանը: Երբ Հովիկին տեղափոխեցին հերթապահ մասից պալատ՝ նրանից բացատրություն սկսեցին վերցնել ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժանմունքի հետաքննության բաժնի պետ Սարգսյանն ու քննիչը: Նրանք մինչ այդ գտնվել էին խմբագրության շենքում, որը, ըստ իմ գործընկերների, արյան լիճ էր հիշեցնում: Նրանք ստացան նաեւ բժիշկների կարծիքը, որ Հովիկն ի վիճակի է բացատրություն տալ:

Լրագրողը պատմեց, որ այդ ժամին գտնվել է խմբագրությունում: Նրան զանգել է «Ազգ» թերթի լրագրող ներկայացած ոմն Մանուկ: «Մանուկն ասաց, որ բան ունի ասելու, սակայն խմբագրության տեղը չի իմանում, չի կողմնորոշվում: Ժ. 6-ն անց 45-ին, հանդիպումից 15 րոպե շուտ, իջա աստիճաններով, որպեսզի ծխախոտ գնեմ: Դեռ չէի հասել 3-4 հարկ, երբ աստիճանների վրա մի երիտասարդ՝ կեպիով, մետաղյա ձողով հարձակվեց վրաս ու հարվածեց գլխիս»,- վիրահատությունից հետո ասաց լրագրողը: Հ. Գալաջյանը փորձում է խլել մետաղյա ձողը, սակայն օգնության հասած երկրորդ հանցագործը, նույնպես զինված մետաղյա ձողով, հարվածում է Հովիկին: Վերջինս հասցնում է տապալել հանցագործին գետնին, սակայն գլխին հասցված հարվածից թուլանում ու ընկնում է աստիճանների վրա: Հանցագործները դիմում են փախուստի:

Լրագրողը պատմեց, որ մի կերպ բարձրանում է 6-րդ հարկ ու բջջայինով կապվում ՍԻՄ կուսակցության ներկայիս նախագահ Հայկ Բաբուխանյանի հետ: Գալաջյանը նկարագրեց հանցագործների արտաքինը. նրանցից մեկը շեկ մազերով էր, 25-30 տարեկան, բարձրահասակ, մյուսի աչքերը բաց գույնի էին: Երկուսն էլ գերազանց մարզավիճակում էին: Մեր հարցին, թե որեւէ բառ, բանավոր սպառնալիք հարվածների ժամանակ նրանք արե՞լ են, մեր գործընկերն ասաց, որ նրանք չէին խոսում:

«Իսկական իրավունքի» աշխատակիցներից մեկն ասաց, որ խմբագրության շենքից դուրս տեսել է մգեցված ապակիներով սպիտակ գույնի «Նիվա» ավտոմեքենա (55 ԼՏ 551 համարանիշով):

Ինչ վերաբերում է «Ազգի» Մանուկին, ապա նրա մասին չգիտեին «Ազգի» մեր գործընկերները:

Այն տպավորությունն է, որ ընտրվել է շաբաթ օրը՝ ոչ պատահական. այդ օրը տպագիր մամուլը չէր աշխատում: Ընտրվել է նաեւ այն ժամը, երբ լրագրողը խմբագրությունում է, մենակ: Նախատեսված չէր, հավանաբար, Հովիկի 15 րոպե շուտ իջնելը աստիճաններով. միգուցե նախատեսված էր նրան խմբագրատան սենյակում բռնացնելը, հաշվեհարդար տեսնելը: Կիրակի օրը Հովիկին այցելել էին ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանն ու Ստեփան Սաֆարյանը: Հովիկի կողքին էր նրա մայրը՝ տիկին Սոնյան:

«Հովհաննեսը դեռեւս գտնվում է հետազոտությունների մեջ: Կատարված է գլխի կոմպյուտերային հետազոտում, գանգոսկրերի որեւէ կոտրվածք չի հայտնաբերվել, թեեւ կա ուղեղի ցնցում, հյուսվածքների սալջարդ, վերքեր: Գանգի, ճակատի շրջանում մասնակի արյունահոսող վերքեր են, որոնք մշակվել են: Ներկա պահին նրա կյանքին սպառնացող որեւէ վտանգ չկա»,- ասաց Վերակենդանացման բաժնի հերթապահ բժիշկ Աննա Ղազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930