Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի կանխատեսումներին հավատում է

Սեպտեմբեր 18,2007 00:00

Սակայն առեւտրի եւ տնտեսական զարգացման նոր նախարար Ներսես Երիցյանը հավաստիացնում է, որ իր նախկին «շեֆին»

պատրաստ է քննադատել:

«Ես սիրում եմ միայն առաջ նայել: Մեր նախարարությունում թերացումներ չկան, կան միայն մարտահրավերներ, որոնք մեծ աշխատանք են պահանջում»,- երեկ «Ուրբաթ» ակումբում իր պաշտոնավարման 100-օրյա գործունեության ու կատարած աշխատանքների ամփոփման ժամանակ լրագրողների հարցին, թե առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն ի՞նչ թերացումներ է ունեցել իր աշխատանքում՝ այսպես պատասխանեց ներկայիս նախարար Ներսես Երիցյանը:

Վերջին մեկ տարվա ընթացքում դոլարի կուրսի տատանումներից տեղական արտադրողները հսկայական վնասներ կրեցին: Կարեն Ճշմարիտյանը, պաշտպանելով արտահանողների շահերը, Կենտրոնական բանկի վարած քաղաքականության հետ կապված հաճախ բանավեճեր էր ունենում բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Հաշվի առնելով, որ Ներսես Երիցյանը ԿԲ նախագահի խորհրդականն է եղել, իսկ Տիգրան Սարգսյանն էլ՝ նրա վերադասը, «Առավոտի» հարցին, թե դոլարի կուրսի հերթական անկման դեպքում իր նախկին «շեֆին» կքննադատի՞, Ներսես Երիցյանը պատասխանեց. «Ես գերադասում եմ պրոֆեսիոնալ աշխատանքը, բանկում աշխատածս տարիներին սովորել եմ լինել բաց եւ կողմ եմ բաց քննադատությանը: Եթե քեզ շրջապատում են այնպիսի մարդիկ, որոնք անընդհատ գովաբանում են, ուրեմն նրանք հաստատ շողոքորթում են»: Ն. Երիցյանը «Առավոտին» տեղեկացրեց նաեւ, որ իր պաշտոնավարման ընթացքում նախարարությունում կադրային փոփոխություններ չեն կատարվել, քանի որ իրենց աշխատակիցներն օրենքով պաշտպանված են՝ քաղծառայող են:

Ասուլիսի ժամանակ նախարարն անդրադարձավ վերջին օրերին շուկայում նկատվող մի շարք սննդամթերքների գների անսպասելի աճին: Հիշեցնենք, որ ԿԲ-ն այս տարվա համար կանխատեսել էր առավելագույնը 4-4.5 տոկոս գնաճ, բայց նկատի ունենալով, որ միայն վերջին 10-15 օրերի ընթացքում հացի, բուսական յուղի ու լայն սպառման պարենային ապրանքների գները մոտ 10 տոկոսով բարձրացան՝ ԿԲ-ի այս տարվա կանխատեսումներն էլ իրատեսական չեն թվում: Ներսես Երիցյանը, արդարացնելով հայաստանյան շուկայում տեղի ունեցած կտրուկ թանկացումները, առաջարկում էր որեւէ մեկին մեղադրելուց առաջ նախ խորանալ պահանջարկի մեջ՝ հասկանալու, թե որոշ սննդամթերքներ ինչու են թանկացել: Նախարարի խոսքերով՝ «ամեն դեպքում ես հակված եմ հավատալու Կենտրոնական բանկի կանխատեսած 4-4.5% գնաճին»:

Լինելով երիտասարդ՝ Ներսես Երիցյանը որոշել է մեծ տեղ տալ ուսանողությանն ու նրանց էլ մասնակից դարձնել մեր տնտեսության զարգացմանը. տնտեսագիտական ֆակուլտետների այն ուսանողները, ովքեր մեր երկրի տնտեսության զարգացման համար լավ ծրագիր կառաջարկեն՝ նախարարությունը պատրաստ է ֆինանսավորել այդ ծրագրի իրականացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել