Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՏՎԵՑԻՆ ՓՈՂԱՏԵՐԵՐԻ՞Ն

Սեպտեմբեր 18,2007 00:00

Որոշ պաշտոնյաներ ու մեծահարուստներ երկրաշարժից տուժած գյումրեցիների բնակարաններն ուզում են իրենցով անել:

Գյումրիի ամենակենտրոնական հատվածում՝ Սայաթ-Նովայի 9/9 ա հասցեում, մինչ երկրաշարժը այդ նույն տեղանքում ապրած ու հետագայում անօթեւան մնացած մի խումբ բնակիչների խնդրանքով կառուցվել է մի բազմաբնակարան շենք: Բնակիչները շենքի շինարարությունն իրականացնելու համար ստեղծել էին Գյումրիի «Վերականգնող սպառողական կոոպերատիվը», ֆինանսների նախարարության հետ էլ անհատական պայմանագրեր էին կնքել՝ վարկեր վերցնելու համար: Սակայն շենքը կառուցվելուց հետո այնքան է հրապուրել որոշ փողատերերի, որ այն դարձել է կռվախնձոր ու մի բնակարանի համար մի քանի տեր է հայտնվել: Բնակիչների հավաստմամբ՝ այդ գործում խառնվել է Շիրակի մարզպետի նախկին մամուլի քարտուղար Հասմիկ Մելքոնյանը, որի «թեթեւ ձեռքով» էլ փողատերերն իրենց բնակարաններն ուզում են զավթել: «Օրերից մի օր հայտնվեց Հասմիկ Մելքոնյանը եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անունից հայտարարեց, որ շենքի կարգավիճակը փոխվել է, այն պետականացվել է, ուստիեւ պետք է սկսվի բնակարանների նոր բաշխում»,- պատմեցին բնակիչները:

Այս առնչությամբ կառավարությունից «Առավոտին» պատասխանեցին, որ Հասմիկ Մելքոնյանը որեւէ կապ չունի շենքի հետ, որ նա իրավունք չունի որեւէ պաշտոնյայի անունից շենքի կարգավիճակը փոխել: Այնուամենայնիվ, ինչպես հետո պարզեցինք, Հասմիկ Մելքոնյանը «վերեւներից» լավ հովանավորներ ունի: Այդ հովանավորների օգնությամբ էլ նրան վերջերս հաջողվեց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով բնակարանից զրկել բնակիչներից մեկին՝ Ռոզա Մխիթարյանին: Որ իր բնակարանը նոր տեր ունի՝ Ռ. Մխիթարյանն իմացել էր բոլորովին պատահական՝ հարեւաններից մեկից: Իսկ տիկին Ռոզայի բնակարանի նոր տերը ոմն Խորեն Բաղդասարյանն է: Վերջինս էլ իր հերթին դատի էր տվել կադաստրի Գյումրիի տարածքային ստորաբաժանմանը՝ պահանջելով ճանաչել իր սեփականության իրավունքը:

Պարզվում է, որ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, որը 2005-ին բնակիչների հետ անհատական պայմանագրեր էր կնքել «Վերականգնող սպառողական կոոպերատիվը» ստեղծելու եւ վարկեր վերցնելու համար՝ վերաձեւակերպել է այդ վարկային պայմանագրերը եւ կոոպերատիվի որոշ փայատեր անդամների ցուցակից դուրս գցել՝ նրանց փոխարեն նոր վարկառուներ մտցնելով: Նույն տարբերակով նախարարությունը թիվ 5 երկու սենյականոց բնակարանը, որտեղ իր երկու որդիների հետ ապրում է Ռոզա Մխիթարյանը, հատկացրել է կոոպերատիվի հետ ընդհանրապես կապ չունեցող Խորեն Բաղդասարյանին՝ նրան տրամադրելով 2.800.000 դրամի վարկ: Այսպես, շենքի 23 ընտանիք հայտնվել է Հասմիկ Մելքոնյանի կազմած եւ ֆինանսների նախարարության կողմից հաստատված սեւ ցուցակում: Այս պահին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը լսում է նաեւ թիվ 24 բնակարանի վեճը, որի նոր տերը, ըստ բնակիչների, Ռուսաստանի քաղաքացի Արմենուհի Սաղաթելյանն է: «Հետաքրքիր է, թե ի՞նչ ճանապարհով է այդ կինը դարձել կոոպերատիվի անդամ, երբ մենք նրա երեսը տեսած չկանք: Թեեւ այլեւս էս երկրում ոչնչից չենք զարմանում, նստած տեղներս չգիտենք գլխներիս գալիքը, մեկ էլ տեսար դուռդ թակում են՝ պնդելով, որ դու չես բնակարանիդ տերը: Բոլորիս էլ խորամանկորեն առանձին-առանձին են դատի տալիս, որ մեծ աղմուկ չբարձրանա ու բոլորիս հախից մեկ առ մեկ գան: Հասմիկ Մելքոնյանն էլ առանց ամոթի դատարանում հանդես է գալիս որպես նոր տերերի շահերի պաշտպան: Վերջերս նաեւ հեռուստատեսությամբ լսեցինք, թե ինչպես է Հասմիկ Մելքոնյանը հայտարարում, որ մեր շենքի բնակարաններն աճուրդ-վաճառքի են հանվելու ու ով ուզենա՝ կարող է գնել»,- բողոքում էին բնակիչները: Նրանք դատի են տվել ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությանը՝ իրենց փողերով կառուցված տներն ուրիշներին հատկացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել