Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն սեթեւեթում է

Սեպտեմբեր 18,2007 00:00

Այսպես է գնահատում Դաշնակցության պահվածքը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը

Սեպտեմբերի 14-ին Շուշիում ՀՅԴ Գերագույն ժողովի բացման արարողության ժամանակ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, թե ժողովուրդը հասկացել է, որ իրենք իշխանության կողքին են եղել միայն «հանուն Ղարաբաղի, հանուն հայ-թուրքական հարաբերությունների ու Ցեղասպանության ճանաչման»: Եվ հավելել. «Մենք չենք նույնացել իշխանության հետ անարդարությունների առումով եւ ներկայացրել ենք մեր այլընտրանքային կարծիքը»: Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից, որը մասնակցել էր ԳԺ բացմանը՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե հանրապետականներն ինչպե՞ս են հակադարձելու նման քարոզչությանը: «Կարծում եմ, հակադարձելու որեւէ խնդիր չենք ունենալու. մենք մեր գործն ենք կատարելու,- պատասխանեց պրն Սահակյանը:- Կարծում եմ, տարիներն էլ են արդեն համակերպվել նրա հետ, որ ցանկացած ընտրության պահին բոլոր սեւ գույները փորձում են վերագրել ՀՀԿ-ին, լավագույն մասը՝ վերցնել. եւ ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Մի կողմից սովորել ենք, մյուս կողմից՝ մենք էլ մեր համագումարում կարողանում ենք վերլուծել եւ պատասխանը տալ»:

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով այն իրողությունը, որ թեեւ ՀՅԴ-ն 1998-ից իշխանության մաս է կազմում, կոալիցիայի անդամ է եղել եւ այժմ էլ համագործակցում է կոալիցիոն ուժերի հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Դրոշակ» թերթում ձեւակերպում է, թե Դաշնակցությունը «դրական ընդդիմություն է»՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Դրական, բացասական ո՛չ ընդդիմություն է լինում, ո՛չ էլ դիմություն: Դաշտը գործում է՝ ընդդիմության ճամբար եւ դիմության՝ իշխանական կուսակցությունների ճամբար: Մնացած բոլոր դրսեւորումները սեթեւեթանքներ են: Եվ յուրաքանչյուրն իր գործունեության համար, ի վերջո, ինչ-որ տեղ գալիս է՝ պատասխան է տալիս: Կոնկրետ մեր կեցվածքը հետեւյալն է՝ անկախ նրանից, թե ինչպիսի գործառույթներ են եղել պետության մեջ, այն տարիներին, որ մենք իշխանության մաս ենք կազմել կամ եղել ենք իշխանություն՝ մեր պատասխանատվության տակ է ե՛ւ դրականը, ե՛ւ բացասականը: Եվ մեզ համար այդ իմաստով մերժելի է Դաշնակցության տեսակետը»:

Գալուստ Սահակյանը 2008-ի ընտրություններից հետո հնարավոր զարգացումները պայմանավորեց այն իրողությամբ, թե արդյոք ՀՅԴ-ն նախագահի ընտրությանը ընդդիմադիր կեցվածքո՞վ կմասնակցի, թե՞ որպես իշխանական կուսակցություն. «Եթե ընդդիմադիր թիկնոցով պիտի մասնակցեն՝ դա նշանակում է, որ իշխանության մաս պիտի չկազմեն: Իսկ եթե իշխանության մաս պիտի կազմեն, ուրեմն, բնական է, իշխանական կուսակցությունների հետ գոնե պայմանավորվածություններ պետք է ձեռք բերեն ընտրությունների, դրանց ընթացքի վերահսկողական ընթացքի մասին: Այսօր այդ մասին դեռեւս խոսակցություն չկա: Կա տարբերակ, որ կարող են իրենց իշխանական լծակները կամ նախարարներին հետ կանչել եւ փորձեն այլ ֆորմատով հանդես գալ: Հնարավոր եմ համարում նաեւ, թե քանի որ իշխանության մեջ են եղել տարիներ շարունակ՝ պահպանեն իրենց տեղերը ու ավելի կոռեկտ եւ իշխանական պատասխանատվությամբ ու զգացողությամբ մասնակցեն ընտրություններին»:

Ըստ ամենայնի՝ մեղմ ընդդիմադիր կեցվածքով մասնակցելու դեպքում եւս ՀՀԿ-ն 2008-ի ընտրություններից հետո ՀՅԴ-ին համագործակցության առաջարկ կանի, քանի որ պրն Սահակյանն ասաց. «Կարծում եմ, որ դա արդեն ՀՀԿ սկզբունքների, քաղաքական դրսեւորումների մեջ է: Մենք գտնում ենք, թե ինչքան հնարավոր է՝ քաղաքական ուժերին պետք չէ օտարել իշխանական լծակներից, որովհետեւ մեր քաղաքական իրավիճակներն այնպիսին են, որ պիտի ձգտել, որ բոլորը մասնակից դառնան քաղաքական կյանքին»:

Հ. Գ. ՀՀԿ փոխնախագահը պնդեց, թե քաղաքագիտական տեսանկյունից հաջորդ վարչապետը եւս պիտի լինի ՀՀԿ-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել