Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ»

Սեպտեմբեր 18,2007 00:00

\"\"Երեւանի նախկին քաղաքապետ, «Իմպիչմենտ» դաշինքի անդամ Վահագն Խաչատրյանը վստահ է, որ, ի վերջո, բոլորը հավաքվելու են ՀՀ առաջին նախագահի շուրջ:

– Նախագահական ընտրությունների քարոզարշավը թեպետ դեռ պաշտոնապես չի մեկնարկել, բայց արդեն ակտիվ քաղաքական իրավիճակ է, եւ շատ գործիչներ չեն թաքցնում, որ առաջադրվելու են նախագահի թեկնածու: Սա ենթադրո՞ւմ է, որ շատ-շատ ակտիվ քաղաքական գործընթացներ են սպասվում:

– Դժվար է ասել՝ ինչ ակտիվ քաղաքական կյանք է մեզ սպասվում, բայց, բոլոր դեպքերում, նախագահական ընտրությունները միշտ էլ տարբերվել են խորհրդարանական ընտրություններից, եւ նախագահականն առավել դոմինանտ է եղել, առավել եւս՝ մեր նման պետություններում, որտեղ նախագահի պաշտոնը զբաղեցնողից է կախված եղել, թե երկրի ապագան ինչ ուղղությամբ կգնա՝ կլինի ժողովրդավարակա՞ն, թե՞ բռնապետական, տնտեսության մեջ կլինի ազատությո՞ւն, թե՞ սահմանափակումներ եւ մոնոպոլիա: Ինչո՞ւ են շատ խոսում նախագահական ընտրությունների մասին եւ ովքե՞ր են խոսողները: Կան մարդիկ, որ պատկերացնում են, թե իրենք կարող են երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնել, եւ կան մարդիկ, որ պարզապես խոսում են իրենց ներկայացնելու համար:

– Առաջին նախագահը բավականին ակտիվ հանդիպումներ է ունենում հանրապետության տարբեր բնակավայրերում, կարծեմ՝ դուք եւս ուղեկցում եք կամ այդ ամենի ակտիվ մասնակիցն եք: Ինչի՞ համար են այդ հանդիպումները՝ զուտ հետախուզակա՞ն նպատակ ունեն, եւ որքանո՞վ է հավանական, որ ՀՀ առաջին նախագահը կառաջադրվի որպես նախագահի թեկնածու:

– Իրականում այդ հանդիպումները նպատակ ունեն հասկանալու տրամադրությունները: Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, լավ տեղյակ է քաղաքական գործընթացներին: Թող ոչ ոք կասկած չունենա դրանում: Եթե Տեր-Պետրոսյանը չի խոսում, դա չի նշանակում, որ նա քաղաքականության մեջ չէ: Վերջիվերջո, նա նույն Տեր-Պետրոսյանն է, որը մեր հանրության աչքի առաջ է եղել մինչեւ 98 թվականը, եւ նույն Տեր-Պետրոսյանն է, որը 98-ից հետո էլ չի դադարել լինել քաղաքականության մեջ եւ չէր էլ կարող դուրս մնալ դրանից, ինչի վառ ապացույցն են վերջին տարիներին նրա հեղինակած եւ հրապարակած գրքերը:

– ՀՀՇ-ն խորհրդարանական ընտրություններին որոշեց մասնակցել, նույնիսկ առաջադրվեց, հետո կես ճանապարհից փոշմանեց եւ ետ կանգնեց: Հիմա բացառո՞ւմ եք, որ նույնը կկրկնվի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում:

– Ինչ վերաբերում է ՀՀՇ-ի ետ կանգնելուն, դա իրենց քաղաքական որոշման արդյունք է: Ենթադրում եմ, որ իրենք գնահատեցին, որ առանց միասնական դաշտով հանդես գալու՝ այսօրվա իշխանական համակարգի դեմ պայքարելն անհնար է: Մենք էլ ենք դա շատ լավ հասկանում, խոսքը վերաբերում է «Իմպիչմենտին»: Եվ պատահական չէր, որ առաջարկում էինք ընտրություններին մասնակցել մեկ միասնական ցուցակով:

– Բայց տեսնում եք, որ դա հնարավոր չէ:

– Գիտեք, աստիճանաբար բոլորն էլ եկան այն եզրակացության, որ դա հնարավոր է: Պատահական չէ, որ այսօր նախագահական ընտրությունների համատեքստում տեղի են ունենում միավորմանը միտված գործընթացներ, որոնք, համոզված եմ, ի վերջո կբերեն միասնական թեկնածու ունենալուն: Այդ իմաստով այսօր բոլոր ճանապարհները տանում են դեպի Տեր-Պետրոսյան:

– Սակայն նախագահի թեկնածուները ամենից շատ են նույն ընդդիմադիր դաշտում:

– Կարծում եմ, ժամանակի ընթացքում այդ բոլոր հարցերը կպարզվեն, այսօր այդ ցանկությունները գուցե կան, չեմ ուզում վիրավորել ոչ մեկին, բայց դեռեւս լուրջ ցանկություն որեւէ մեկի կողմից չեմ տեսել: Ավելի լուրջ թեկնածուի խնդիր այսօր հանրապետականներն են բարձրացնում, նաեւ՝ դաշնակցականները, բայց այլ քաղաքական ուժի կողմից ավելի հստակ, ավելի ռեալ թեկնածություն ես չեմ տեսել: Բոլորն էլ սպասումների մեջ են, եւ, կարծում եմ, մինչեւ նոյեմբեր թեկնածուների այդ ցուցակը կփոքրանա: Իսկ Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում բոլորովին այլ իրավիճակ է լինելու: Այնպես որ, կարծում եմ, շատերը սպասում են դրան: Տեսեք, ինչ են ասում իշխանությունները, ասում են՝ քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, իր թեկնածությունը չի առաջադրի: Այսինքն՝ հիմա ստացվում է, որ միայն անխելքնե՞րն են առաջադրվելու:

– Ըստ որոշ պնդումների, ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանն է ուզում վերադառնալ, այլ նրա շրջապատն է ձգտում վերադարձնել ՀՀ առաջին նախագահին, նրա հետ էլ՝ իրենց նախկին պաշտոնները եւ իշխանությունը:

– Դա ամենաէժան քարոզչությունն է, որ արվում է եւ արվել է վերջին 10 տարիներին: Բայց, կարծում եմ, այս 10 տարիներին բոլորն էլ հասկացան՝ ով ով է: Խնդիրը Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձով նրա շրջապատի՝ իշխանության գալու հարցը լուծելը չէ: Մենք այլ խնդիր պետք է լուծենք. ինչպե՞ս ենք տեսնում Հայաստանի ապագան՝ այսօրվա իշխանությունո՞վ. վստահ եմ, շատերը կասեն՝ ոչ: Այդ դեպքում ինչպիսի՞ն պետք է լինի գալիք իշխանությունը: Համոզված եմ՝ այն պետք է հենվի միմիայն ժողովրդի վրա, իսկ դա նշանակում է, որ եկող իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատից ավելի մեծ շրջանակ է ընդգրկելու:

– Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, առաջին նախագահը կհայտարարի՞ իր առաջադրման մասին, թե՞ լռությունը դեռ կերկարի:

– Ես ոչ մի անգամ այդպիսի ժամկետ չեմ լսել, ուղղակի մամուլում են ենթադրություններ արվել: Ես զարմանում եմ, որ քաղաքականության մեջ այդպիսի ժամկետներ են դրվում: 21-ը Անկախության օրն է, կարծում եմ՝ շատ ավելի մեծ թվով մարդկանցով կնշենք, կարծում եմ՝ դուք էլ ներկա կլինեք, եւ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն այնտեղ լինի, կարող եք անձամբ նրանից պատասխանների ակնկալիք ունենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել