Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի Հանրապետության օրենք

Սեպտեմբեր 15,2007 00:00

նախագիծ

Քաղաքացիական գործընկերության սկզբունքների մասին

Հոդված 1. Ընդհանուր դրույթներ

Կարեւորելով քաղաքացիական մշակույթի զարգացումը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով սահմանված իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների իրականացումը, նպատակ ունենալով քաղաքացիական հասարակության կառույցների ներգրավվածության մեծացումը պետական քաղաքականության իրականացման գործընթացում, պետության եւ հասարակության համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներում քաղաքացիական հասարակության կառույցների ներուժի օգտագործումը, Հայաստանի Հանրապետությունը սույն օրենքով սահմանում է քաղաքացիական գործընկերության սկզբունքները:

Հոդված 2. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է քաղաքացիական գործընկերության սկզբունքները, հիմնական նպատակները, ձեւերը եւ ուղղությունները:

Հոդված 3. Քաղաքացիական գործընկերության մասին օրենսդրությունը

Քաղաքացիական գործընկերության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

Հոդված 4. Քաղաքացիական գործընկերության հասկացությունը

Քաղաքացիական գործընկերությունը՝ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունների՝ օրենքով նախատեսված այլ ձեւերի ու տեսակների սույն օրենքի դրույթներին համապատասխան իրականացվող համատեղ գործունեությունը:

Հոդված 5. Քաղաքացիական գործընկերության հիմնական նպատակները

Քաղաքացիական գործընկերության հիմնական նպատակներն են`

1. քաղաքական հասարակության ինստիտուտների զարգացումը,

2. պետության եւ հասարակության համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրների լուծման գործընթացում քաղաքացիական հասարակության ներուժի օգտագործումը,

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի որակի բարելավումը,

4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ամրապնդումը,

5. պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ  հասարակական վերահսկողություն սահմանումը:

Հոդված 6. Քաղաքացիական գործընկերության իրականացումը

1. Քաղաքացիական գործընկերությունն իրականացվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունների՝ օրենքով նախատեսված այլ ձեւերի ու տեսակների նախաձեռնությամբ:

2. Քաղաքացիական գործընկերությունը իրականացվում է պայմանագրային կամ փոխադարձ համաձայնությամբ այլ ձեւերով:

3. Քաղաքացիական գործընկերությունը կարող է իրականացվել պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների առողջապահական, կրթական, սոցիալական, բնապահպանական, մշակութային, քաղաքացիների իրավունքների ու  ազատությունների պաշտպանության, մարզական եւ հասարակական նշանակության այլ ծրագրերում հասարակական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունների՝ օրենքով նախատեսված այլ ձեւերի ու տեսակների ամբողջական կամ մասնակի ներգրավման միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

4. Քաղաքացիական գործընկերության պայմանագրային կամ փոխադարձ համաձայնությամբ այլ ձեւերով իրականացվող ծրագրերը կարող են իրականացվել ինչպես պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորմամբ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, կրոնական կազմակերպությունների, արհեստակցական միությունների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունների՝ օրենքով նախատեսված այլ ձեւերի ու տեսակների ֆինանսական մասնակցությամբ:

5. Քաղաքացիական գործընկերության պայմանագրային կամ փոխադարձ համաձայնությամբ այլ ձեւերով իրականացվող ծրագրերին կարող են մասնակցել նաեւ տնտեսվարող սուբյեկտները:

Հոդված 8. Եզրափակիչ դրույթներ

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի ընթերցողներ եւ հասարակական-քաղաքացիական ինստիտուտների ներկայացուցիչներ:

Ձեր կարծիքները, դիտարկումները եւ առաջարկությունները «Քաղաքացիական գործընկերության սկզբունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կարող եք ուղարկել էլեկտրոնային փոստով՝ ashotyan @parliament.am, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ա. Աշոտյանին, ք. Երեւան, Բաղրամյան պողոտա 19, կամ Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ, ք. Երեւան, Մելիք-Ադամյան 2 հասցեներով:

Կանխավ շնորհակալ եմ շահագրգիռ քննարկումների համար:

Նախագծի վերաբերյալ կարծիքները կարող եք ուղարկել նաեւ «Առավոտ» օրաթերթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել