Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅՓՈՍՏ». ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»

Սեպտեմբեր 15,2007 00:00

«Մեկն ի պապանց պարանորդի…»

 «Հայփոստի» հավատարմագրային կառավարչի ծրագրից բերենք մի քանի թիվ. ընկերությունն ունի 3834 աշխատակից, որոնցից 2637-ն աշխատում է մարզերում, 685-ը՝ Երեւանում, իսկ 532-ը՝ գլխամասային գրասենյակում:

«Հայփոստում» վերջին անգամ աշխատավարձի բարձրացում տեղի է ունեցել 2006 թվականի հունվարի 1-ին, նախորդ հավատարմագրային կառավարչի ղեկավարման շրջանում, 30 տոկոսով: Բայց «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» կառավարման շրջանում, 2007 թվականին, «Հայփոստի» ամենամսյա աշխատավարձային ֆոնդը ավելացել է առնվազն 40 միլիոն դրամով: Տրամաբանական է ենթադրել, որ այն մեծացել է օտարերկրյա կառավարչի ու ներգրավված ղեկավար անձնակազմի կլորիկ աշխատավարձերի հաշվին:

Խոսենք փաստերով: «Հայփոստը» հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրի «3.5.6.» կետով սահմանված է, որ հավատարմագրային կառավարչի, այսինքն՝ Հանս Բոոնի ամսական աշխատավարձը 3500 եվրոյին համարժեք գումար է: Ի դեպ, եթե մարդը եվրոպական 10-15 հազար եվրոյանոց պաշտոնը թողել ու համաձայնել է Հայաստանի պես խուլ անկյունում ամիսը 3500 ստանալ, ապա կա՛մ էնտուզիաստ է, կա՛մ դա իր համար գրպանի հավելյալ գումար է, ոչ ավելին: Դա դեռ մի կողմ: Առնվազն 600-հազարական դրամ է նաեւ նրա թիմի անդամների՝ գրասենյակի տնօրեն Մարինա Մելիքյանի, անշարժ գույքի տնօրեն Քըրք Օդաբաշյանի, կորպորատիվ զարգացման պատասխանատու Արման Խաչատուրյանի եւ մյուսների ամսական աշխատավարձը, չհաշված ճոխ հավելավճարները:

Այնինչ, շարքային փոստատարները, որոնց աշխատանքն է իմաստ հաղորդում բոլոր մեծ ու փոքր պետերի գոյությանը, «Հայփոստում» ստանում են 15-20 հազար: Դրամ, իհարկե: Փաստորեն, «Հայփոստի» ներսում ղեկավարները 70-80 անգամ բարձր են վարձատրվում շարքային աշխատողներից: Պարզ ասած՝ կուշտը սովածին մանր է բրդում: Համեմատության համար նշենք, որ հավատարմագրային կառավարիչ Հանս Բոոնը այս տարվա մարտի 30-ի հրամանով, մտնելով «Հայփոստի» գլխավոր տնօրենի իրավասությունների դաշտ, ավելացրել է թարգմանիչ-օգնականի 8 հաստիք՝ 250 հազար դրամ աշխատավարձով, «ծրագրի օգնականի» 5 հաստիք՝ էլի 250 հազար դրամ եւ քարտուղարուհու 5 հաստիք՝ 120 հազար դրամ աշխատավարձով:

Ծակ տանիքը նորոգելուց կարեւոր բաներ կան

Հավատարմագրային կառավարչի հրավիրած վերջին ժողովում Չարենցավանի փոստային մասնաճյուղի պետ Գնել Քոչարյանը, գործընկերների ծափահարություններին արժանանալով, փորձեց օտարերկրացի ղեկավարներին բացատրել, որ, այնուամենայնիվ, մարդկա՛նց հետ գործ ունեն: Մարդկա՛նց, որոնց խոստանում, բայց այդպես էլ չեն փոխում փչացած ու անցյալ դարի համակարգիչները: Խոստանում, բայց չեն նորոգում բաժանմունքի ծակ տանիքը: Դա այն դեպքում, երբ Երեւանի կենտրոնում թիվ 1 փոստային բաժանմունքի վարձակալած տարածքի կրկնակի վերանորոգման համար տասնյակ հազարավոր դոլարներ գտնվել են: Թեպետ, ինչո՞ւ միայն դա: Մենք չէ, այլ փոստի աշխատողներն են ասում, որ Սարյան 22-ի միայն 6-րդ հարկի (ուր տեղակայված են «Հայփոստի» կառավարիչների աշխատասենյակները) զուգարանի թղթի, սուրճի, թխվածքաբլիթի ու շաքարավազի համար, ամեն ամիս մոտ 3 միլիոն դրամ է ծախսվում… Իսկ բաժանմունքների պետերին խստիվ հորդորում են կրճատել փոստային երթուղիների սպասարկման վառելիքի ծախսը:

Այսօրինակ մանրամասնությունների պակասություն չկա: Օրինակ, Երեւանի 87 փոստային բաժանմունքների պետերի ու տեղակալների վերջին համատարած փոխատեղումները՝ կոռուպցիայի դեմ պայքարելու հիմնավորմամբ: Կոռուպցիայի դեմ պայքարը լավ բան է, բայց հարցն այն է, որ փոստային բաժանմունքները 1-6-րդ դասակարգում ունեն, ու դրանց պետերի աշխատավարձերն էլ էապես տարբերվում են՝ կախված բաժանմունքի շրջանառությունից: Ստացվում է, որ մի շարք բաժանմունքների պետեր, նկատողություն չունենալով, կարգապահական տույժերի են ենթարկվել՝ տեղափոխվելով ավելի ցածր վարձատրությամբ աշխատանքի:

Դրանից հետո արժե՞ զարմանալ, որ մի քանի տասնյակ բաժանմունքների պետեր չեն շտապում ստանձնել իրենց նոր պաշտոնները: Ընդհանրապես, արժե՞ զարմանալ, որ «Հայփոստի» 3800 հոգանոց կոլեկտիվում լուրջ դժգոհություն է կուտակվել:

«Հայփոստը» պետք է արդիականացնե՞լ, թե՞ սնանկացնել

«Հայփոստը» իսկապես լուրջ բարեփոխումների ու արդիականացման կարիք ունի: Բավական է նշել, որ «Հայփոստի» 1 աշխատակցի փոստառաքման օրական միջին արտադրողականությունը 0,7 փոստային միավոր է (համեմատության համար՝ նույն ցուցանիշը Մոլդովայում 110 է, Էստոնիայում՝ 440 եւ այդպես շարունակ): Բայց տարեկան մոտ 3,3 միլիարդ դրամի համախառն եկամուտ ունեցող ու մինչ 2006թ. շահույթով աշխատած «Հայփոստը» այս տարին կարող է ավարտել մեծ վնասով, որի չափը, տարբեր աղբյուրների գնահատմամբ, կտատանվի 700-800 միլիոն դրամի միջակայքում: Մինչդեռ, ծրագրով նախատեսված էր առնվազն 508 մլն դրամի վնաս: Նման ծավալի վնասի հավանականությունն էլ ավելի տարօրինակ է դառնում այն իրողության համապատկերում, որ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթը» դեռ չի գործարկել հիմնական ներդրումներն ապահովող «Փոստբանկը»: Ասել կուզի՝ դեռ ներդրումային խոշոր ծախսեր չկան, որից կարող էր շահույթի տողում նման մեծ մինուս առաջանալ:

Ի՞նչ է կատարվում: Պետական ընկերության նոր կառավարիչն իսկապե՞ս «Հայփոստը» տանում է սնանկացման, ինչպես օրերս հայտարարեց կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Դա մեղադրանք-բացահայտո՞ւմ էր, թե՞ զայրույթից բխած խոսք: Ինչո՞ւ են մեկուկես տարում 2 անգամ հավատարմագրային կառավարման հանձնում շահույթով աշխատող «Հայփոստը»: Գուցե ինչ-որ մեկը կոնկրետ ծրագի՞ր է իրականացնում: Եվ ո՞վ է վարում «Հայփոստի» պարտիան:

Արագորեն դիտարկենք հնարավոր տարբերակները: Ամենից հեշտ ենթադրությունն այն է, թե «Հայփոստի» պարտիան վարում էր Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը, մանավանդ որ՝ բոլոր որոշումների տակ երջանկահիշատակ վարչապետի ստորագրությունն է: Բայց, եթե նախաձեռնությունն Ա. Մարգարյանինը լիներ, ապա 1,5 տարում երկու կառավարիչ չէին փոխի եւ գործընթացը շատ ավելի հաշվարկված կընթանար: Այնպես որ, այդ տարբերակը մի կողմ դրեցինք: Իսկ գուցե կապի նախարար Անդրանիկ Մանուկյա՞նն է վարում «Հայփոստի» պարտիան: Հնարավոր է, որ նա նման ցանկություն ունեցել է: Բայց նրա վերջին հայտարարությունն ու հնչած փոխադարձ մեղադրանքները չեզոքացնում են նաեւ այդ ենթադրությունը: Առավել եւս, եթե Ա. Մանուկյանը լիներ պարտիան վարողը, հազիվ թե «Հայփոստի» բաժնետոմսերը հանգիստ զիջեր պետգույքի կառավարման վարչությանը: Միգուցե պետգույքի կառավարման վարչությո՞ւնն է հիմնական խաղացողը: Հազիվ թե: Կարինե Կիրակոսյանի գլխավորած վարչության համար «Հայփոստի» հավատարմագրային կառավարումն ավելորդ գլխացավանք է, քան՝ ծրագրված պարտիա:

Իսկ կարելի՞ է ենթադրել, որ «Հայփոստի» պարտիան խաղում է Կենտրոնական բանկը, ի դեմս երկրի գլխավոր դրամատան ղեկավար Տիգրան Սարգսյանի: Կարելի է ենթադրել, մանավանդ որ գործընթացի մեջ բանկային ծրագիր կա, եւ ԿԲ աշխատակիցներն էլ խորհուրդներով օգնում էին հոլանդացի կառավարիչներին: Ավելին, նկատենք, որ «Հայփոստը» իր եկամտի ահռելի մասն ապահովում է վարձավճարների գանձման ու նման ֆինանսական ծառայությունների հաշվին: Գործառույթներ, որ իրենց բնույթով բանկային են: Իսկ Տիգրան Սարգսյանն իրեն մինչ այժմ դրսեւորել է որպես հաշվենկատ, հետեւողական ու հավակնոտ գործիչ, որը սիրում է ոչ միայն վերահսկել ոլորտը, այլեւ նորանոր ոլորտներ ներգրավել իր վերահսկողության տիրույթ: Իսկ այստեղ մեծապես բանկային բնույթի ծառայություններ մատուցող մի հսկա կառույց հանկարծ վերահսկողությունից դուրս է:

Բայց մյուս կողմից, եթե իսկապես Տիգրան Սարգսյանն է վարում այդ պարտիան, ապա ինչո՞ւ մինչեւ հիմա չի բացվել ծրագրի առանցքը կազմող բանկը, ինչը խցանում է գործընթացն ինքնին: Չէ՞ որ, եթե «Հայփոստը» սնանկանա, դրան կարող է հաջորդել սնանկ ընկերության հսկայական անշարժ գույքը «ջրի գնով» օտարելը: Հենց միայն Սարյան 22 բարձրահարկը բարձր գին կունենա, չհաշված Երեւանի փոստային բաժանմունքների ավելի քան 10 հազար քառակուսի մետր տարածքը, շրջկենտրոնների փոստային բաժանմունքները: Ամենակարեւորը. «Հայփոստի» 900 մասնաճյուղերը, որքան էլ դրա գյուղական տարբերակները քայքայված վիճակում լինեն, այնպիսի մի հզոր ցանց է, որ կգտնվեն այն «հարմար գնով» ձեռք բերել ցանկացող բանկեր:

Ամեն դեպքում, «Հայփոստի» իրավիճակը հուշում է, որ կամ նորից ոչ այն կառավարչին են ընտրել, կամ ընկերությունն ուղղակի տանում են սնանկացման: Ո՞ր տարբերակն է իրականը: Բայց այդ դեպքում գուցե ավելի լավ էր, որ «Հայփոստը» մնար պետությա՞ն կառավարման ներքո: Դատեք ինքներդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել