Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Սեպտեմբեր 15,2007 00:00

Մեկնարկում՝ միայն ոչ-ոքիներ

Մեքսիկայի մայրաքաղաքում մեկնարկեց 21-րդ կարգին դասվող շախմատի աշխարհի չեմպիոնության համար մրցամարտը՝ հողագնդի ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ: Առաջին տուրում հանդիպեցին Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան) եւ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը եւ Պյոտր Սվիդլերը (երկուսն էլ՝ Ռուսաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Պետեր Լեկոն (Հունգարիա): Բոլոր պարտիաներում մրցակիցները բաժանեցին միավորը: Արոնյանը, որ խաղում էր սեւ խաղաքարերով, մի որոշ ժամանակ գերադասելի դիրք ստացավ, սակայն մրցակցին հաջողվեց արագ վերականգնել հնարավորությունները եւ գրոսմայստերները 25-րդ քայլում միմյանց խաղաղաբար հրաժեշտ տվեցին:

Երեկ երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու էր FIDE-ի դասակարգման աղյուսակում ամենաբարձր վարկանիշ ունեցող Անանդի հետ: Մյուս զույգերը կազմել էին. Սվիդլեր-Լեկո, Գելֆանդ-Գրիշչուկ, Կրամնիկ-Մորոզեւիչ: Տեղեկացնենք, որ Արոնյանն ու Անանդը դասական շախմատում միմյանց հետ հանդիպել են հինգ անգամ: Դրանցից մեկն ավարտվել է հայ շախմատիստի առավելությամբ, իսկ մնացած չորսում՝ գրանցվել ոչ-ոքի:

Ուղեգրերի հույսեր կան

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ձյուդոյի աշխարհի 25-րդ առաջնությունը, որտեղ, մեդալներից բացի, օլիմպիական ուղեգրեր էլ են խաղարկվում: Առաջնությանը մասնակցող ավելի քան 60 երկրների ձյուդոիստների թվում են հայաստանցիներ Անուշ Հակոբյանը՝ 52 կգ քաշային կարգ, Հովհաննես Դավթյանը՝ 60, Արմեն Նազարյանը՝ 66, Խաչատուր Առաքելյանը՝ 73 եւ Արմեն Իսպիրյանը՝ 81:

Աշխարհի առաջնության կանոնակարգով յուրաքանչյուր քաշային կարգում 1-5-րդ տեղեր զբաղեցնողները միանգամից եկող տարի Չինաստանում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր են ստանալու, իսկ ավելի ցածր տեղեր զբաղեցնողների հաշվարկին ավելանում են օլիմպիական վարկանիշային նոր միավորներ: Հիշեցնենք, որ ձյուդոյում գործում է նաեւ վարկանիշային միավորների վերջնահաշվարկի սկզբունքը:

Բրազիլիայում մեր հանրապետությունից ուղեգրեր նվաճելու ավելի շատ հեռանկարներ ունեն Անուշ Հակոբյանը, Արմեն Նազարյանը եւ Արմեն Իսպիրյանը:

Միջազգային հավաստագրեր՝ պատանի նժույգորդներին

Ա\"\"մռան տապի պատճառով հայտարարված ժամանակավոր ընդմիջումից հետո Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան (FEA) վերսկսեց տարվա օրացուցային պլանով նախատեսված իր մրցումները:

Սեպտեմբերի 13-ին եւ 14-ին Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի բաց դաշտում՝ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի (FEI) հովանու ներքո, արգելքների հաղթահարում մրցաձեւից անցկացվեց 12-14 տարեկանների առաջնություն՝ երկու շրջանով: Պատանի նժույգորդները չորս փուլերի ընդհանուր արդյունքով որոշեցին լավագույն եռյակին: Ձիասպորտի կենտրոնի սան Ռաֆիկ Սուքիասյանը «Խելգա» նժույգով առանց տուգանային միավորի գրավեց առաջին տեղը: Երկրորդը Արփինե Պողոսյանն էր (նժույգը՝ «Խորեոգրաֆ», ակումբը՝ «Այրուձի»), իսկ երրորդը՝ նույնպես Ձիասպորտի կենտրոնի ներկայացուցիչ Մարկ Բաղդասարյանը՝ «Բրասլետով»:

Մրցումների ավարտին Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան այս երեք նժույգորդներին հանձնեց FEI-ի «C» կարգի հավաստագիր, որի իրավունքն արդեն ստացել է Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայից:

Թբիլիսիում հանդիպումը կկայանա

Որ հունահռոմեական, ազատ ոճերի եւ կանանց ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականներն անպայման մասնակցելու են սեպտեմբերի 17-23-ը Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ նաեւ օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու, պարզ էր անգամ այն պահից, երբ ՖԻԼԱ-ն որոշեց այդ մրցումները կազմակերպել հարեւան հանրապետությունում: Հայկական կողմը միշտ էլ պաշտոնապես հայտարարել է իր այդ մտադրության մասին՝ կարեւորելով զուտ մարզական սկզբունքները: Վերջին օրերին հայկական կողմն աշխարհի առաջնության կազմկոմիտեին պաշտոնական տարբեր ուղիներով տեղեկացրել էր Թբիլիսիով ժամանելու մասին, որին Ադրբեջանը չէր պատասխանում: Ըստ պայմանավորվածության, նրանց համապատասխան ատյանները Վրաստանի մայրաքաղաքում պետք է դիմավորեն մեր պատվիրակություններին եւ ուղեկցեն Բաքու՝ ապահովելով իրենց իսկ խոստացած անվտանգությունը:

«Առավոտը» տեղեկացավ, որ երեկ առավոտյան Ադրբեջանը վերջապես արձագանքել է: Այսինքն՝ պայմանավորված վայրում եւ տեղում հանդիպումը կկայանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել